Եսայու մարգարեության մեկնություն 49:5

Ա. Լոպուխին

«Եվ հիմա այսպես է ասում Տերը, որ ինձ դեռ որովայնից Իր համար որպես ծառա կազմավորեց, որ Հակոբին վերադարձնեմ Իր մոտ, և որպեսզի Իսրայելը հավաքվի Նրա մոտ. Ես պատվված եմ Տիրոջ աչքերում, և իմ Աստված իմ զորությունն է»»։ [5] (Սինոդական թարգ․)
   
   «Եվ հիմա այսպես է ասում Տերը...Ես պատվված եմ Տիրոջ աչքերում, և իմ Աստված իմ զորությունն է...» - Այս համարը սերտորեն կապված է նախորդին և ծառայում է որպես միջոց այդ նախորդ համարի մեջ բովանդակվող միտքն էլ ավելի բացահայտելու ու ամրապնդելու համար։ Չորրորդ համարում նկարագրվում էր Մեսիայի հոգում տեղի ունեցող ներքին պայքարի գործընթացը, պայքար, որը վերաբերում էր Նրա ծառայության արժեքին ու օգտավետությանը, և համարն ավարտվում էր դրական տրամադրությունների հաղթանակով։ Այստեղ արդեն այդ առաքելությունն իրագործելու անհրաժեշտությունն ասես ասես հաստատվում է հենց Աստծո հեղինակությամբ, Որը հանդիսավորաբար հավաստում է, որ Իր կողմից Առաքվածի գործունեությունը ո՛չ միայն առանց վարձատրության չի մնա, այլ նաև կարժանանա հատուկ պատվի, քանի որ, ըստ էության, այդ առաքելությունն իրականացվում է ուղղակիորեն Աստծո անվամբ և զորությամբ: Մեր կողմից առժամանակ բաց թողնված ամբողջ հատվածը՝ «ինձ դեռ որովայնից Իր համար որպես ծառա կազմավորեց...» արտահայտությունից սկսած մինչև «որպեսզի Իսրայելը հավաքվի Նրա մոտ» խոսքը, մի պարզ, միջանկյալ հատված է, որը, այսպես ասած, միայն սրում է հիմնական գաղափարը, սակայն որևէ նոր տվյալ չի ներմուծում այնտեղ:

   Իսկ ինչ վերաբերում է այս միջանկյալ հատվածին, մասնավորապես՝ դրա երկրորդ կեսին, ապա կարելի է մատնանշել միայն այն հանգամանքը, որին հատուկ ուշադրության է արժանացրել դեռևս Հերոնիմոս Երանելին. դա տեքստերի և թարգմանությունների անհամապատասխանության իրողությունն է: Եբրայեցերեն, մասորեթական բնագրերը, Յոթանասնից և Ակիլլայի թարգմանությունները դրական իմաստով են ըմբռնում «որ Հակոբին վերադարձնեմ Իր մոտ, և որպեսզի Իսրայելը հավաքվի Նրա մոտ» նախադասությունը: Սակայն Հերոնիմոս Երանելին, ինչպես նաև Սիմմաքոսն ու Թեոդիտիոնը այս նախադասությունը թարգմանում են ժխտական ձևով. «Հակոբը դարձի չի գա, և Իսրայելը չի ​​հավաքվի»:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Արդ, Տէրը, որն ինձ որովայնից իր համար ծառայ ստեղծեց, ասաց, որ Յակոբին եւ Իսրայէլին իր շուրջը հաւաքեմ: Պիտի հաւաքուեմ ու փառաւորուեմ Տիրոջ առաջ, եւ իմ Աստուածը ինձ համար զօրութիւն է լինելու:
(Արարատ թարգ․) Եվ հիմա այսպես է ասում Տերը, որ ինձ դեռ որովայնից իր համար ծառա ստեղծեց, որ Հակոբին վերադարձնեմ [իր մոտ և Իսրայելին հավաքեմ իր համար], Տերը պատվել է ինձ, և իմ Աստված է իմ զորությունը»։
(Գրաբար) Եւ արդ` այսպէս ասէ Տէր որ ստեղծ զիս յորովայնէ ծառայ իւր, ժողովել զՅակովբ եւ զԻսրայէլ առ ինքն. եւ ժողովեցայց եւ փառաւորեցայց առաջի Տեառն, եւ Աստուած իմ է ինձ զաւրութիւն: