Ա. Լոպուխին
«Եվ Տեր Աստված օգնում է Ինձ, ուստի Ես ամոթապարտ չեմ լինի, դրա համար էլ Իմ երեսը կայծքարի պես դարձրի, և գիտեմ, որ ամոթով չեմ մնալու»։ [7] (Սինոդական թարգ․)
7-9-րդ համարներում պարզաբանվում է Մեսիայի նմանատիպ ինքնակամ նվաստացման իրական էությունը: Ինքնախաբեությամբ տարված հրեաների աչքերում Մեսիայի այդօրինակ նվաստացումը կարող էր սասանել Նրա հեղինակությունը և հիմքեր ընձեռել Նրան որպես Մեսիա չճանաչելու համար: Մարգարեն այստեղ շտապում է զգուշացնել՝ հեռու մնալու այդպիսի կեղծ հիմնավորումից, և ջանում է ի չիք դարձնել նմանատիպ թյուր տեսակետը՝ դարձյալ շարունակելով խոսել նույն Ինքը Մեսիայի՛ անունից:
«Մարդկանց կողմից նվաստացած և բոլորից լքված (Մատթ. 26:31, 56, Մարկ. 14:27, 50) լինելով հանդերձ՝ Մեսիան չի հուսալքվում և շփոթության չի մատնվում՝ գիտենալով, որ Տերը՝ Նրա Հայրը, Իր օգնականն ու պաշտպանն է (Հովհ․ 16:32, 8:29), որ ոչ ոք չի կարող Իրեն դատապարտել «մեղքի համար» (Հովհ․ 8։46), իսկ ահա Նրա բոլոր հակառակորդները՝ միևնույն ժամանակ լինելով հենց Աստծո հակառակորդները (Հովհ․ 12:47-50), ոչնչանալու են բարոյական ապականությունից (Հովհ․ 8:24), ինչպես հագուստն է ոչնչանում ցեցից» (Տոլկով, Սանկտ Պետերբուրգ, էջ 787):
«Ես ամոթապարտ չեմ լինի․․․ Իմ երեսը կայծքարի պես դարձրի, և գիտեմ, որ ամոթով չեմ մնալու» - Քանի որ Մեսիան որևէ բարոյական հանցանք չի գործել, որի պատճառով Նա պետք է ամաչեր, և քանի որ այն ամենը, ինչ Նա արել է, այդ ամենն արել է հենց Աստծո՛ անունից ու Նրա մշտական օժանդակությամբ, ուստի Նա կարող է Իր գլուխը բարձր պահել, համարձակորեն նայել բոլորի աչքերին ու մարդկային ատելության և չարության բոլոր դրսևորումների դեմ լինել անպարտելի և ամուր, ինչպես կայծքարը: Հետաքրքրական է, որ Եսայի մարգարեի գրքի առաջին կեսում նույնպես հանդիպում են նույնպիսի բնութագրական արտահայտություններ, ինչպիսիք են՝ «ամոթով մնալ» և «երեսը դարձնել» (Ես. 29:22, 37:27):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Տէր Աստուած եղաւ ինձ օգնական, դրա համար էլ ամօթ չզգացի, այլ իմ երեսը դարձրի ինչպէս կարծր քար: Գիտեմ, որ չեմ ամաչելու,
(Արարատ թարգ․) Սակայն Տեր Աստված օգնում է ինձ, դրա համար ամոթապարտ չեմ լինի, դրա համար իմ երեսը կայծքարի պես դարձրի։ Եվ գիտեմ, որ չեմ ամաչելու։
(Գրաբար) Եւ Տէր Տէր եղեւ իմ աւգնական. վասն այնորիկ ոչ ամաչեցի, այլ արարի զդէմս իմ իբրեւ զվէմ հաստատուն: Եւ գիտացի թէ ոչ ամաչեցից:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: