Եսայու մարգարեության մեկնություն 51:22

Ա. Լոպուխին

22-23. «Այսպես է ասում քո Տերը, քո Տերը և Աստվածը, Որը վրեժխնդիր է Իր ժողովրդի համար․ «Ահա Ես քո ձեռքից վերցնում եմ արբեցման գավաթը, սարսափի՛ր Իմ բարկության գավաթից․ դու այլևս դրանցից չես խմի»: [22] «Եվ այն կհանձնեմ քեզ տանջողների ձեռքը, որոնք քեզ ասում էին․ «Ծնկի՛ արի, որպեսզի մենք քո վրայով անցնենք», և դու քո մեջքը դարձնում էիր որպես հող և որպես փողոց՝ անցնողների համար»։ (Սինոդական թարգ․)
   
   Ինչպես որ ուրախալի լուրից հետո էր Եսայի մարգարեն սովորաբար շտապում  նաև նախազգուշացումով հանդես գալ, այդպես էլ ցավալի գույժից հետո նա մխիթարությո՛ւն է մատուցում։ Իսրայելի ժողովրդի համար մաքրագործող նշանակություն ունեցող պատմական հայտնի տառապանքների միջոցով փորձության ենթարկվելուց հետո նրանց խոստացվում է, առաջին հերթին, թշնամիներից ազատագրումը (22-րդ համար), իսկ երկրորդ հերթին արդեն նույնիսկ պատի՛ժ է խոստացվում այդ միևնույն թշնամիների համար (23-րդ համար)։  «Կռվե՛ք, ժողովուրդներ, բայց նաև դողացեք», - մի ժամանակ բացականչում էր Եսայի մարգարեն (Ես․ 8։9-10)՝ կամենալով ասել, թե՝ «դեռևս անարգել իրականացրե՛ք ձեր չար և փչացած սրտերի  ցանկությունները, սակայն հիշե՛ք, որ Աստված, Որն ի զորու է ձեր ամբողջ չարությունը ծառայեցնել բարությանը, վաղ թե ուշ ձեզ պատասխանատվության է կանչելու և ձեզ էլ է տալու Իր բարկության բաժակը, որպեսզի դուք խմեք դրանից (հմմտ․ Ես․  8, 10, 14 և 49, ինչպես նաև՝ Հայտն․16)։
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէր Աստուած, որ դատում է իր ժողովրդին. «Ահա քո ձեռքից հեռացրի կործանման բաժակը, իմ բարկութեան բաժակը, եւ դու այլեւս չես խմելու այն:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տերը՝ քո Տերը, և քո Աստվածը, որ պաշտպանում է իր ժողովրդի դատը. «Ահա քո ձեռքից վերցնում եմ թմրության բաժակը, իմ զայրույթի թասը, և դու այլևս չես խմելու։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր Աստուած որ դատի զժողովուրդ իւր. ահաւասիկ ի բաց արարի ի ձեռանէ քումմէ զբաժակն կործանման, զբաժակն սրտմտութեան իմոյ եւ ոչ եւս յաւելցես ըմպել զնա: