Եսայու մարգարեության մեկնություն 52:5

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Բայց այժմ ինչո՞ւ էք այստեղ»: Այսպէս է ասում Տէրը. «Իմ ժողովուրդը զուր տեղը քշուեց. նրանք ապշահար էին մնացել եւ լաց էին լինում»: Այսպէս է ասում Տէրը. «Ձեր պատճառով իմ անունը մշտապէս հայհոյւում է հեթանոսների մէջ:
   
   Ձեր պատճառով Իմ անունը հայհոյվում է հեթանոսների մեջ:
   Սա կամ նշանակում է, որ իրենք էին հայհոյում այլազգիների մեջ՝ վիշտ ունենալու պատճառով, կամ էլ հեթանոսներն էին հայհոյում: Սա երկու տեսանկյունից է դիտարկելի: Չէ՞ որ եթե գերեվարեն Աստծո ժողովրդին, գերողները կհայհոյեն՝ ասելով, թե ձեր Աստվածը տկար և անզոր է, կամանգութ է և անողորմ, կամ էլ մեր աստվածներն են զորեղ, որի շնորհիվ գերում ենք ձեզ: Իսկ եթե Աստված Իր հզոր բազկով ու զորեղ ձեռքով ազատի գերությունից, այդ դեպքում ևս հակառակորդները կհայհոյեն՝ ասելով, թե Տերն ապերախտ ազգի հանդեպ է անում այս բարությունները: Բայց դուք կարծում եք, թե Աստծո բարիքները ձեր արժանիքների շնորհիվ են, և հետո էլ դյուրին [կյանքով] եք ապրում ու մոռանում եք Աստծուն: Նույնպես և այժմ մեզանում՝, քրիստոնյաներիս ծուլության պատճառով բոլոր ազգերի մեջ հայհոյվում է քրիստոնեության ահեղ անունը:

   

Ա. Լոպուխին

«Եվ այժմ ի՞նչ ունեմ այստեղ անելու, - ասում է Տերը, - Իմ ժողովուրդը զուր տեղն է քշվել, նրա վրա իշխողները բղավում են, - ասում է Տերը, - և անընդհատ, յուրաքանչյուր օր Իմ անունը հայհոյվում է»։ [5] (Սինոդական թարգ․)
   
   «Նրանց վրա իշխողները բղավում են․․․ և անընդհատ․․․ Իմ անունը հայհոյվում է․․․» -  «Իշխողներ» արտահայտության ներքո այստեղ ո՞ւմ պետք է հասկանալ, բաբելոնակա՞ն, թե՞ հրեական իշխանությանը։ Չնայած որ մեկնաբանների մեծամասնությունը (Orelli, Dillmann, Rawlinson, Վլաստով և ուրիշներ) միտված են այստեղ տեսնել բաբելոնական իշխանության մատնանշումը, սակայն մենք չենք կարծում, որ դա է հավակնում լինել ճիշտ տարբերակը, և նախընտրում ենք այստեղ հրեական ազգի ներքին, ամբողջական կազմալուծման պատճառը գտնել, որը նրան հանգեցրել էր նաև արտաքին քաղաքական փլուզման (հմմտ․ 28։14, 43։28, 51։20, Պետրոս եպս․ Հերոնիմոս Երանելի և ուրիշներ)։ Հրեա ազգի քահանայապետերի և առաջնորդների այդպիսի վարքագծի և Իսրայելի ամբողջ, ընդհանուր առմամբ տխրահռչակ քաղաքական ճակատագրի պատճառով  այդ ազգի Հովանավորի՝ Տիրոջ անունը, անկասկած, խիստ քննադատության պետք է ենթարկվեր բոլոր հեթանոսների կողմից, որոնք այս կամ այն ժողովրդի պարտությունը մշտապես բացատրում էին մեկ աստվածության՝ մյուսի նկատմամբ տարած հաղթանակով (Եզեկ․ 36։20, Հռոմ. 10:15)։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Բայց այժմ ինչո՞ւ էք այստեղ»: Այսպէս է ասում Տէրը. «Իմ ժողովուրդը զուր տեղը քշուեց. նրանք ապշահար էին մնացել եւ լաց էին լինում»: Այսպէս է ասում Տէրը. «Ձեր պատճառով իմ անունը մշտապէս հայհոյւում է հեթանոսների մէջ:
(Արարատ թարգ․) Եվ հիմա ի՞նչ ունեմ այստեղ անելու,- ասում է Տերը,- որովհետև զուր տեղը քշվեց իմ ժողովուրդը, նրա վրա իշխողները ողբում են,- ասում է Տերը,- և միշտ, ամեն օր հայհոյվում է իմ անունը։
(Գրաբար) եւ արդ` ընդէ՞ր էք աստ: Այսպէս ասէ Տէր. զի՞ վարեցաւ ժողովուրդն իմ ձրի. զարմացեալ էին եւ լային: Այսպէս ասէ Տէր. վասն ձեր անուն իմ հանապազ հայհոյի ի մէջ հեթանոսաց: