Ա. Լոպուխին
«Քո պահապանների ձայնն է․ նրանք բարձրացրել են իրենց ձայնը, և բոլորը միասին ուրախանում են, որովհետև իրենց աչքերով տեսնում են, որ Տերը վերադառնում է Սիոն»։ [8] (Սինոդական թարգ․)
«Քո պահապանների ձայնն է ․․․ և բոլորը միասին ուրախանում են․․․» - Մեծ Ավետաբերի ամենամոտ գործակիցների դերում, որոնք իրականություն պիտի դարձնեին Նրա առաքելությունը, պետք է հանդես գա Նրա օգնականների, առաքյալների և ավետարանիչների բազմությունը (Գործք 20։28), որոնց վրա է Պողոս առաքյալը տարածում հենց Նրա՝ Ավետաբերի մասին ասված խոսքերը (Հռոմ․ 10։15)։ Այդ գործակիցներին «պահապաններ» անվանելն այստեղ բացահայտում է այստեղ ներկայացված պատկերի իմաստը։ Հրեաները, ինչպես շատ այլ ժողովուրդներ, ունեին յուրահատուկ պահակային դիտաշտարակներ, որտեղից հատուկ նպատակով կարգված պահապանները տեսնում էին մոտեցող վտանգը և դրա մասին բարձր ձայնով հայտնում էին մեկը մյուսին։ Այստեղ պատկերն այնպես է նկարագրվում, որ հենց այդ աշտարակների և պահապանների գործակցությունից է օգտվել նաև հենց Ինքը՝ Ավետաբերը, մեծ ուրախությունը հռչակելու համար։ Եվ պահապանների ձայնը բարձր և ուրախ արձագանքներով սփռվել է ամբողջ Երուսաղեմով մեկ (հմմտ․ Ես․ 40։9)։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Քո պահապանների ձայնն է հնչելու, բոլորն առհասարակ ցնծալով ձայն են տալու, որովհետեւ իրենց աչքերով են տեսնելու այն ժամանակը, երբ Տէրը ողորմելու է Սիոնին:
(Արարատ թարգ․) Ահա քո պահապանները բարձրացնում են իրենց ձայնը, նրանք միասին բարձրաձայն ցնծում են, որովհետև իրենց աչքերով պիտի տեսնեն Տիրոջը, երբ նա վերադառնա Սիոն։
(Գրաբար) Զի ձայն պահապանաց քոց բարձրացաւ, եւ ի նոյն բարբառ առհասարակ ցնծասցեն. զի դէմ յանդիման տեսցեն զժամանակ յորում ողորմեսցի Տէր Սիովնի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: