Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Խոնարհութեան շնորհիւ նրա դատաստանը վերացաւ, եւ նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի: Երկրի վրայ վերջ տուին նրա կեանքին. իմ ժողովրդի անօրէնութիւնների պատճառով նա մահուան մատնուեց:
Խոնարհության շնորհիվ Նրա դատաստանը վերացավ։
Որովհետև այնքան խոնարհեցրեց Իր անձը, որ զրկվեց արդարացի օգնություն ստանալու համար մեկ խոսք իսկ ասելու հնարավորությունից, ճիշտ այնպես, ինչպես ծայրահեղ աղքատներն ու ունեզուրկներն են զրկվում խոսելու իրավունքից՝ անկարող լինելով որևէ բան ասել: Այդպես էլ վարվեցին Քրիստոսի հետ, որովհետև քննության ժամանակ, երբ Պիղատոսն ասաց՝ «Ես դրա մեջ ոչ մի վնաս չեմ գտնում» (Հովհ. 19:4), ներկաներն աղաղակեցին. «Եթե դրան արձակես՝ կայսեր բարեկամը չես» (Հովհ. 19։12):
Հարց.Մարգարեն ինչո՞ւ է այսքան շատ երկարացնում նվաստացուցիչ խոսքերը:
Պատասխան. Երկու պատճառով. նախ՝ որովհետև նմանատիպ խոնարհ արտահայտությունները մեզ համար փրկության ու փառքի պատճառ եղան: Երկրորդ՝ որովհետև թեպետ մեծամեծ խոսքերն են հատուկ Աստծուն, սակայն այս խոնարհ կեցվածքն առավել զարմանալի ու պանծալի է, որի վերաբերյալ և Պողոսն ասում է․ «Թող ես այլ բանով չպարծենամ, բայց միայն՝ Տիրոջ խաչով» (Գաղատ. 6։14):
Եվ Նրա ազգատոհմի մասին ո՞վ կպատմի։
Այժմ [խոսում է] բարձրագույն բաների մասին, որպեսզի չգայթակղվեն թերակատար մտքով. Այո՛, անհնարին է խոսել Որդու վերին՝ երկնային Հորից ծննդյան մասին, քանզի այն անհայտ է ամենքին: Սակայն անպատմելի է նաև ա՛յս ծնունդը, որ մեծ խոնարհությամբ եղավ. Նա իբրև մարդ ծնվեց Կույսից, և երկունքն առանց ամուսնության ու առանց ցավերի եղավ, որովհետև ասում է, թե՝ «հղացավ Սուրբ Հոգուց» (Մատթ. 1։18): Թե ինչպե՞ս դա եղավ՝ չգիտեմ, բայց գիտեմ, որ դա տեղի ունեցավ համաձայն հրեշտակի խոսքի՝ «Սուրբ Հոգին կգա քեզ վրա» (Ղուկ. 1։35)։ Սրանից հայտնի է դառնում, որ Սուրբ Հոգին «ստեղծեց» Նրան: Սակայն ինչպե՞ս ստեղծեց, ասա՛ ինձ. այնպես, ինչպես Աստված Ադամի՞ն էր ստեղծել, կամ ինչպես Եվայի՞ն՝ Ադամի կողից: Ո՛չ մեկը և ո՛չ մյուսը: Կամ գուցե արգանդից մի մա՞ս վերցրեց ու այդպե՞ս ստեղծեց․ այս տեսակետը ևս հանձն չեմ առնում ընդունել: Արդյո՞ք առանց Կույսի եղավ ծնունդը. սա ևս [պատշաճ] չէ ասել, չէ՞ որ մարմինը նրանից էր վերցնելու: Մեզ մնում է միայն խոստովանել մեր տկարությունը և ասել՝ չգիտեմ: Արդ, ես խոստովանում եմ, որ Քրիստոս Կույսից առավ ճշմարիտ մարմին, բայց թե ինչպե՞ս՝ չգիտեմ. մարգարեից ավելի ճարտար և Սուրբ Հոգուց ավելի իմաստուն չեմ, որպեսզի ճառեմ այդ մասին։ Չէ՞ որ Տերն անգամ մարգարեին թույլ չտվեց ավելին խոսել՝ ասելով, թե՝ Նրա ազգատոհմի մասին ո՞վ կպատմի:
Նրա կյանքը վերացրին երկրի վրայից։
Նախ՝ քանի որ Նրա կյանքը վերացավ (բարձրացավ) երկրի վրայից, այդպիսով իսկ գերազանցեց երկրավորներիս կյանքին: Առաջին հերթին սա վերաբերում է մարդանալու միջոցով [կատարված] Աստծո ծնունդին, քանզի դրան համեմատելի օրինակ չկա, և դա անհասանելի է մտքին, ինչպես ցույց տրվեց վերևում:
Երկրորդ՝ Նրա մահը վերացած էր, քանզի Նա պատժապարտ չէր հանցանքների համար, ո՛չ էլ ենթակա էր մահվան դատապարտվելու, այլ հանուն ուրիշների չարչարվեց:
Երրորդ՝ քանի որ Քրիստոս փութով վերացավ հարությամբ, և «Նրա մարմինն ապականություն չտեսավ» (Գործք 2։31):
Չորրորդ՝ վերանալով՝ երկինք բարձրացավ՝ նստելով Հոր աջ կողմում, ինչպես ասում է Պողոսը. «Որի պատճառով Նրան ավելի բարձրացրեց» (Փիլիպ. 2։9):
Հինգերորդ՝ վերացած էր, որովհետև մեր կյանքն ու փառքը Նրանից է, ինչպես դարձյալ ասում է առաքյալը. «Ձեր կյանքը պահված է Քրիստոսի հետ՝ Աստծո մոտ» (Կողոս. 3։3), և թե՝ «Իսկ երբ ձեր կյանքը հայտնվի, այն ժամանակ դուք էլ Նրա հետ կհայտնվեք փառքով» (Կողոս. 3։4):
Վեցերորդ՝ որովհետև Նրա մահը վերացմամբ եղավ, նաև այդպիսով տարբերվեց մարդկային մահից: Չէ՞ որ թեպետ մեռնելուց հետո հոգին կենդանի է, սակայն մենք նույն մարմնով այլևս կենդանի չենք: Մինչդեռ մեր Տերը մարմնով մեռած էր, սակայն նույն մարմինը կենդանի էր Իր Աստվածությամբ: Եվ այս հայտնում է կողից բխած արյունը: Ու մի՛ կարծիր, թե մարդկային ու աստվածային բնությունների բաժանմամբ է դա լինում, այսինքն՝ թե Աստվածությունը կենդանի էր, իսկ մարդկությունը՝ մեռած, որովհետև սա «բաժանողների» [խոսքն] է: Այլ նույն Բանն Աստված Իր մարմնով մեռած էր, և միևնույն ժամանակ նույն մարմինն Աստվածությամբ կենդանի էր: Ինչպես ասվում է Նիկիայի դավանության մեջ. «Աստված Աստծուց, լույսը լույսից, երկնքից իջնելով՝ մարմնացավ, մարդացավ, մեռավ, թաղվեց, հարություն առավ ու նստեց Հոր աջ կողմում՝ նույն մարմնով» 4: Նույնպես և ներգործությունների դեպքում է. չպետք է, բարձրագույն բաները զատորոշելով, դրանք վերապահել միայն Աստվածությանը, իսկ խոնարհ բաները՝ մարդուն, այլ՝ և՛ այս, և՛ այն վերագրելի է մեկ և միակ Անձին: Այսպես, Բանն Աստված, երկնքից իջնելով, խոնարհ բաները կրում էր Իր մարմնով, և նույն Բանն Աստված նույն մարմնով մեծամեծ հրաշքներն էր գործում: Սա է ուղղափառների դավանությունը: Իսկ նրանք, ովքեր Քրիստոսի մեջ ներգործությունները զատորոշում են ըստ երկու տարբեր դեմքերի, հեռու են իմաստությունից, համաձայն Աստվածաբանի՝ Կղեդոնիոսին հասցեագրած նամակի, [ուր ասվում է]․ «Արդյոք մեկը չի՞ զարմանա նրա՛նց իմաստության վրա, ովքեր Քրիստոսին բացահայտորեն բաժանում են «երկուսի»՝ ըստ ներգորգործությունների» 5: Այժմ դառնանք առաջիկա խոսքիս, որովհետև սա թերևս անհրաժեշտաբար մի փոքրերկարեց:
Իմ ժողովրդի անօրենությունների պատճառով Նա մահվան մատնվեց։
Հրեաների անօրենությունը կրկնակի էր. նախ՝ որովհետև օրենքի առջև անօրենություն գործեցին, քանզի սպանեցին Նրան, Ով, կանխագուշակված լինելով մարգարեների կողմից, փառավորված էր երկնքում: Երկրորդ՝ որովհետև Նրա՝ մարմնով գործած ամեն տեսակ բարիքների փոխարեն Խաչով հատուցեցին:
Ա. Լոպուխին
«Կալանքից և դատաստանից Նա վերցվեց, սակայն Նրա տոհմը ո՞վ կհայտնի, քանզի Նա կտրվեց ողջերի երկրից, Իմ ժողովրդի հանցանքների համար մահապատիժ կրեց»։ [8] (Սինոդական թարգ․)
«Կալանքից և դատաստանից Նա վերցվեց...» - Այս հատվածի մեկնության մեջ Հերոնիմոս Երանելին ասում է․ «Նեղությունից և դատաստանից վերցվեց», կամ, ինչպես Յոթանասնիցն է թարգմանում՝ «խոնարհության շնորհիվ Նրա դատաստանը վերացավ». սա նշանակում է, որ տառապանքից և դատաստանից հետո Նա, որպես հաղթող, համբարձվեց Հոր մոտ, կամ էլ նշանակում է այն, որ բոլորի Դատավորը արդար դատաստան չգտավ, բայց «առանց որևէ մեղք ունենալու՝ Մեսիան դատապարտվեց հրեաների վրդովմունքի պատճառով և Պիղատոսի համաձայնությամբ» (Հերոնիմոս Երանելի․ «Եսայի մարգարեի 53-րդ գլխի մեկնությունը»)։
Նրա հետ համաձայնում է նաև սուրբ Կյուրեղ Ալեքսանդրիացին՝ այս հատվածը բացատրելով հետևյալ կերպ․«Այսպիսով, իսկապես որ խոնարհությա՛մբ Նրա դատաստանը կատարվեց, քանի որ այն բանից հետո, երբ Նա նրանց խոնարհ և բավականին շփոթված թվաց, նրանք շտապողականությամբ արձակեցին Նրա վերաբերյալ որոշումը և դատավճիռը։ Հենց այդպես են վարվում դատավորներից ոմանք, որոնք չեն անհանգստանում ճշգրտության և արդարության համար, այլ ավելի շատ դատում են անձով, քան թե փաստերով»։
Հետևաբար, համաձայն հայրաբանական մեկնաբանության իմաստի, այնպես է ստացվում, որ մարգարեի վերոհիշյալ խոսքերը վկայում են Մեսիայի հանդեպ ճշմարիտ դատաստանի բացակայության մասին, որը հետևանք էր այն չարաշահումների, որոնք իրենց թույլ էին տալիս Քրիստոսի կողմնակալ դատավորները՝ օգտվելով Նրա հեզությունից և խոնարհությունից։ Նմանատիպ մեկնաբանության վավերականությունը հաստատում է նաև տեքստի բանասիրական վերլուծությունը:
«Եթե եբրայական «օցեր» բառը Սուրբ Գրքի տարբեր հատվածներում (հմմտ․ Գ Թագ․ 18։44, Դ Թագ․ 4։24, Հոբ 4։2, 12։15) հասկացվի ըստ այդ բառի արմատի գործածության՝ «ացեար» բայի նշանակությամբ, ապա այն պետք է թարգմանվի «կալանք» իմաստով, իսկ «միշպատ»՝ «դատաստան» բառին միանալով էլ կարտահայտի հետևյալ միտքը «դատավճռի կալանք», «պաշտպանություն»։ Այսպիսով, «meocer umimmischpat lucchah» արտահայտության իմաստը հետևյալն է․ «Տիրոջ Որդին զրկված էր պաշտպանությունից և արդարացի դատաստանից»։ Ինչպես ցույց է տալիս Քրիստոս Փրկչի դատավարության պատմությունը, ապա, իսկապես, դրա իրականացման ժամանակ չէին գործադրվել արդարացի դատական վարույթի հիմնական պայմանները, որոնք համապատասխանում էին հրեաների մեջ գործող քրեական իրավունքին։ Համաձայն այդ իրավունքի՝ հնարավորություն էր ընձեռնվում դանդաղեցնել մահապատժի իրականացման գործընթացը և յուրաքանչյուրին, ով կարող էր որևէ բան ասել հօգուտ դատապարտյալի, խոսելու թույլտվություն շնորհել, սակայն Քրիստոս Փրկչի հանդեպ մահապատժի իրականացման ժամանակ այս օրենքը կիրառություն չունեցավ» (Յակիմով, Տրոիցկի, Ելեոնսկի, Եսայի մարգարեի գիրքը, էջ 821-822)։
Սույն հատվածի նմանատիպ ընկալումը, ինչպես երևում է, հաստատվում է նրա Նորկտակարանյան զուգահեռով․ «Նրա նվաստացմամբ Նրա դատը ավարտվեց» (Գործք․ 8։33), այսինքն՝ Տիրոջ հանդեպ անարդարացի դատաստանն իրականացվեց այն դժվարագույն իրապայմաններում, որոնց մեջ Նա գտնվում էր։
«Սակայն Նրա տոհմը ո՞վ կհայտնի» - «Մեկնաբանության տեսանկյունից սա թերևս ամբողջ 53-րդ գլխի անենադժվարվարին հատվածն է։ Այստեղ, ամենից առաջ, անհասկանալի է նոր մտքի հակադրությունը նախորդին («սակայն»), առեղծվածային է համարվում հենց խոսքի առարկան՝ այն «տոհմը», որի մասին այստեղ խոսվում է։ Վերջապես, բոլորովին անհասկանալի է այս հատվածի կապը նախորդող և հաջորդող համատեքստերի հետ։ Մեծագույն դժվարություն է ներկայացնում հիմնական գաղափարը՝ Մեսիայի «տոհմի» վերաբերյալ միտքը, քանի որ այդ «տոհմը» ոչ ոք չի կարող «հայտնել»։ Այս ամենի բացատրությունը տալու համար գոյություն ունեն բազմաթիվ ու բազմապիսի տեսակետներ։ Այդ տեսակետների բազմազանությունը, գիտնական-մեկնաբանների ճշգրիտ դիտողության համաձայն, պայմանավորված է եբրայեցերեն «դոր» - «տոհմ» բառի ընկալման տարբերությամբ. այն ունի երկու հիմնական նշանակություն՝ շրջապտույտ, ընթացք ժամանակի մեջ և շրջանառություն տարածության մեջ: Այնպես որ այս բառի առաջին նշանակությունից բխում են որոշակի հասկացություններ - կյանքի շրջան, տոհմ, սերունդ (ներկա = ժամանակակիցներ, անցյալ = նախնիներ, ապագա = սերունդներ): Իսկ ահա երկրորդ իմաստով այս արտահայտությունը նշանակում է՝ «մարդու, նրա ոգու կացարանը», այսինքն՝ նրա նախնիների մարմինը, ասել է թե՝ գերեզմանը» (Մեկնաբանություն, Սանկտ Պետերբուրգ, էջ 822): Դումն անկեղծորեն խոստովանում է, որ «հնարավոր բազմաթիվ թարգմանություններից դժվար է ընտրել ճշտագույնը» (schwer wählen): Մեկնիչներից շատերը՝ սուրբ հայրերի գլխավորությամբ (Հերոնիմոս Երանելին, Սուրբ Կյուրոս Ալեքսանդրացին, Սուրբ Հովհաննես Ոսկեբերանը և ուրիշներ) հավատարիմ են մնում առաջին մեկնաբանությանը, այսինքն՝ «դոր» բառը բացատրում են ժամանակի մեջ ունեցած շրջապտույտի իմաստով՝ նկատի ունենալով ծագումնաբանությունը, սերունդներին, հետնորդներին: Սուրբ հայրերից և նորագույն շրջանի մեկնաբաններից (Շտիր և Նիլսբահ) ոմանք «դոր» բառը մեկնաբանում են «սերունդ» նշանակությամբ, որը, իհարկե, հոգևոր իմաստով է հասկացվում, այսինքն՝ «Աստծո որդիների տոհմը կամ սերունդը» (այս մասին ավելի մանրամասն տե՛ս Ի․ Գրիգորևի աշխատության մեջ, որը նույնպես նախընտրում է այս մեկնաբանությունը․ էջ 220-221)։ Մյուսները «դոր» բառը բացատրում են որպես Մեսիայի «կյանքի» կամ, ավելի ճիշտ, Մեսիայի «կյանքի շարունակականության» սահմանում, մի բան, որը լիակատար թյուրիմացություն էր թվում հրեաների մեծամասնության աչքերում (Լյութեր, Վիտրինգ, Ուրվիկ)։
Եվ վերջապես, նորագույն շրջանի մեկնաբանների մեծամասնությունն այստեղ մատնանշում է տեսնում Հիսուս Քրիստոսին ժամանակակից սերնդի, այսինքն՝ Նրա «ժամանակակիցների» վրա, որոնց ճնշող մեծամասնության համար այն ամենը, ինչ կատարվեց Նրա հետ, կատարելապես անհասկանալի էր (Ռոզենմյուլեր, Գեզենիուս, Ռեուսս, Գիզբրեխտ, Դելիչ, Դիլմանն, Վլաստով և ուրիշներ)։
Մեկնաբանների երկրորդ խումբը, որոնք հակված են «դոր» արմատը «վայր» իմաստով մեկնաբանելուն, բավականին փոքրաթիվ է, սակայն այդ խումբը նույնպես իր մեջ հեղինակավոր անուններ ունի։ Այսպիսով՝ այդ խմբի ներկայացուցիչներից է Կնոբելը, որը բավականին ֆանտաստիկ կերպով այդ «դոր» բառի մեջ Մեսիայի՝ որևէ մեկի համար անհայտ «գերեզմանի» մատնանշումն է տեսնում։ Դումը (Duhm) «դոր» բառին առավել ընդհանրական իմաստ է տալիս՝ այն համարելով որպես ինչ-որ մի «վայրի» վերաբերյալ հղում։ Եվ վերջապես, Սանկտ-Պետերբուրգի Ակադեմիայի մեկնաբանության հեղինակները այստեղ առավել մասնավոր հղում են տեսնում Փրկչի ամենասուրբ «մարմնի» վերաբերյալ՝ որպես Նրա ոգու բնակության վայր (տե՛ս էջ 823)։ Արդեն միայն մեջբերված կարծիքների բազմազանությունն ու բազմաքանակությունը բավականաչափ վկայում են այս հարցի վիճարկելիության և դրա լուծումների անորոշության մասին։
Իզուր չէ, որ Եսայի մարգարեի գրքի վերաբերյալ նորագույն շրջանի մեկնաբանություններից մեկի հեղինակը, մեջբերված բոլոր մեկնաբանությունները մանրամասնորեն ներկայացնելուց հետո, անհուսությամբ նկատում է, որ «այդ մեկնություններից որևէ մեկը գոհացուցիչ չէ» (Condamin)։ Ուստի և նրա ու մի քանի ուրիշ մեկնաբանների մտքում ծնունդ առավ մի ենթադրություն, որը զուրկ չէր խելամտությունից․ մի՞թե մենք տվյալ օրինակում տեքստի ինչ-որ պատահական սխալմունք չունենք, մի՞թե չարժե այստեղ անհասկանալի «դոր» բառի փոխարեն տեղադրել խոսքում ամբողջովին տեղին, դատաստանին առնչվող իրավաբանական «դեվորո» տերմինը, որը նշանակում է «պատճառ, մեղք» (Բ Մնաց․ 19։6)։ Եվ այդ պարագայում այս ամբողջ համարը կմեկնաբանվեր շատ դյուրությամբ և պարզորեն․ «Դուք Նրան զրկել եք արդար Դատաստանից։ Սակայն ձեզանից ո՞վ գիտի դրա պատճառը, ո՞վ կարող է ասել Նրա մեղքը, որն արժանի է այդպիսի սարսափելի դատավճռի» (Condamin Le Lіvrе d'lsaie, 321 с. Paris 1905)։ Սակայն եթե, ամեն դեպքում, հավատարիմ մնանք գոյություն ունեցող տեքստին («դոր»), ապա խոսքի համատեքստին ամենահամապատասխան մեկնաբանությունը կլինի Մեսիայի Աստվածային «ծագումը» մատնանշելը, որը քողարկված էր Նրան չարչարողների աչքերից (Հա՜յր, ների՛ր նրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում – Ղուկ․ 23։34)։
«Ո՞վ կխոսի Նրա տոհմի մասին, Նրա բնության փառավոր հատկությունների մասին ա՛յն ժամանակ, երբ Նա մատնվել է բանտարկության ու դատաստանի և մահվան է դատապարտվել։ Ո՞վ կարող է մտածել կամ հավատալ Նրա տոհմի փառքին՝ տեսնելով Նրա այսօրինակ նվաստացումը։ Այստեղ (ինչպես և ամբողջ գլխում) հակադրվում են Մեսիայի տեսանելի նվաստացումն ու քողարկված փառքը՝ առ ի համեմատություն Նրա Աստվածային բնությանը, կամ էլ, այլ կերպ ասած, ներկայացվում է մարդկային բնության փառավորումը տառապանքի միջոցով»,- ասում է Եսայի մարգարեի գրքի վերաբերյալ գրված լավագույն ատենախոսություններից մեկի հեղինակը, որն իր տեսակետն ապացուցելու համար հաջողությամբ հղումներ է կատարում նորկտակարանյան բազմաթիվ հատվածների (Հովհ․ 19։9, Մարկ․ 14։61-62), ինչպես նաև Հուստինոս Փիլիսոփայի վկայությանը (Թադեոս քհն․, «Եսայի մարգարեի գրքի միասնականությունը», 1901, էջ 212-213)։
Այսպիսով՝ այս ամենի վերջում մենք գալիս ենք այնպիսի մի եզրահանգման, համաձայն որի՝ մարգարեի խոսքերում առկա «Նրա տոհմը ո՞վ կհայտնի» արտահայտությունը Մեսիայի նվաստացած արտաքին տեսքի և խեղճ, ոչ հայտնի երկրային ծագման (2-3-րդ համարներ) քողարկված հակադրությունն է Նրա իրական, երկնային մեծության, Հորից Նրա հավերժական Ծննդյան և Նրա Աստվածային արժանիքներին։ Ակնհայտ է, որ այս խոսքերը հնչել են որպես «մի տեսակ» քնարական հառաչյուն, որը բխել է մարգարեի կրծքից, ինչպես մի հավատավոր հոգուց, որը խորապես ազդված էր տվյալ իրողության (Մեսիայի կյանքն ու վարդապետությունը) և դրան տրված մարդկային գնահատականի (այդ ամենի պատճառով՝ խաչի մահ) միջև առկա նմանատիպ սուր անհամապատասխանությունից։
«Քանզի Նա կտրվեց ողջերի երկրից, Իմ ժողովրդի հանցանքների համար մահապատիժ կրեց» - Մենք կարծում ենք, որ այս խոսքերի լավագույն մեկնաբանությունն այդ խոսքերը նախորդ հարցին պատասխանելու իմաստով հասկանալն է. ընդ որում, սկզբում հակիրճ ու պատկերավոր պատասխան է տրվում, իսկ հետո այն բացատրվում է։ Վերևում հնչած հարցին՝ «Նրա տոհմը ո՞վ կհայտնի», մարգարեն հենց ինքն էլ պատասխանում է․ «Ոչ ոք, քանի որ դա ապացուցված է ոչ միայն խոսքով, այլև գործով․ Փրկչի երկրային ամբողջ կյանքի ընթացքում հրեաների մեծամասնությունը Նրան արհամարհանքով և մեծամտությամբ էր վերաբերվում, և հետևաբար, Նրան բացարձակապես չէր հասկանում։ Նրանք այդ միևնույն կատարյալ անմտությունը ցուցաբերեցին նաև ամենավճռական պահին՝ Հիսուս Քրիստոսի երկրային ծառայության ավարտին, քանի որ այդ անխոհեմ բազմությունը, իրենց կույր առաջնորդների գլխավորությամբ, Նրան խաչի մահվան մատնեց։ Հատկապես հենց այս վերջին միտքն է գլխավորապես ընդգծում այստեղ զետեղված արտահայտությունը՝ «կտրվեց ողջերի երկրից», որն ավելի պարզ է թարգմանվում Յոթանասնից և սլավոներեն թարգմանություններում․ «Քանզի երկրից վերցվելու է Նրա որովայնը», որը, ընդհանուր, առմամբ մատնանշում է մահը և, մասնավորապես, բռնի մահը։
Տեքստի հետագա խոսքերը՝ «Իմ ժողովրդի հանցանքների համար մահապատիժ կրեց», խաչի վրա Մեսիայի մահվան մասին նախորդ մտքի կրկնությունն ու պարզաբանումն են։ Մտքերի այս զուգահեռականությունը, որին մենք շատ հաճախ հանդիպում ենք Եսայի մարգարեի գրքում (ինչպես նաև աստվածաշնչյան շատ ուրիշ հեղինակների ստեղծագործություններում), անհրաժեշտ տուրք է հրեական պոեզիայի օրենքներին, և այդ պոեզիայի բանաստեղծական չափաձևով էլ գրված են նրա ներշնչված խոսքերից շատերը և, մասնավորապես, մեր կողմից դիտարկվող բանաստեղծական այս մեծածավալ հատվածը (Ես. 52։13, 53)։
Սույն արտահայտությունն իմաստային առումով շատ նման է հինգերորդ համարի բովանդակությանը, սակայն այն չնչին տարբերությամբ, որ նրանում ավելի կտրուկ է ընդգծվում հրեական ժողովրդի ամբողջ սև երախտամոռությունը և ծայրահեղ ամբողջ հանցավորությունը․ այն ժողովուրդը, որն ընտրվել էր Աստծո կողմից («Իր ժողովուրդը») և որի հանցանքների պատճառո՛վ նախևառաջ տառապեց Քրիստոս, հենց այդ ժողովուրդը հանդիսացավ Նրա հանդեպ մահվան դատավճիռն ակտիվորեն իրականացնողը՝ ջանադրաբար ձգտելով դրան՝ նույնիսկ հակառակ հռոմեական կառավարության (Պոնտացի Պիղատոսի) ցանկությանը։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Խոնարհութեան շնորհիւ նրա դատաստանը վերացաւ, եւ նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի: Երկրի վրայ վերջ տուին նրա կեանքին. իմ ժողովրդի անօրէնութիւնների պատճառով նա մահուան մատնուեց:
(Արարատ թարգ․) Բռնադատությամբ և դատապարտությամբ նա հափշտակվեց, և նրա ազգատոհմը ո՞վ կարող է քննել, քանզի նա կտրվեց կենդանիների երկրից. իմ ժողովրդի հանցանքների համար նա հարվածվեց։
(Գրաբար) Առ խոնարհութեան նորա դատաստան նորա բարձաւ. եւ զազգատոհմն նորա ո՞ պատմեսցէ. զի բառնան յերկրէ կեանք նորա. յանաւրէնութեանց ժողովրդեան իմոյ ի մահ վարեցաւ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: