Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Նրա գերեզմանի համար՝ չարութեամբ, իսկ նրա մահուան համար մեծամեծ հարուածներով պիտի վրէժխնդիր լինեմ, որովհետեւ նա անօրէնութիւն չգործեց։
Նրա գերեզմանի համար չարությամբ, իսկ Նրա մահվան համար մեծամեծ հարվածներով պիտի հատուցեմ։
Մահն ու գերեզմանը նույնն են, որովհետև ով մեռնում է, դրվում է գերեզմանում: Ասում է՝ չարությամբ պիտի հատուցեմ, այսինքն՝ թեպետ Քրիստոսով թողություն շնորհվեց մարդու գործած մեղքերին, որպեսզի մարդ մահվանն անպարտ մնա, սակայն այն մեծամեծ ընծաները, որոնք մարդկությունն անգիտությամբ կորստյան մատնեց, այդպես էլ երբևէ չպիտի սեփականի՝ Աստծո Որդուն գերեզման դնելու պատճառով: Դարձյալ, չարությամբ պիտի հատուցեմ մարգարեությունն իրականացավ, և հրեա ազգը հռոմեացիների կողմից գերության տարվեց Քրիստոսի գերեզմանի պատճառով, ոչ թե Նրա՝ չթաղվելու պատճառով, այլ որովհետև հրեաները արգելեցին և թույլ չտվեցին թաղել հավուր պատշաճի: Եվ դարձյալ, որովհետև հրեաները կամենում էին քողարկել Նրա մեծահրաշ հարությունն ու մահվան [հետ կապված] մեծամեծ բաները: Նրանք, որ հարուստ հրեաներ էին, այն ժամանակ կրկնակի հանցանք գործեցին. նախ՝ որովհետև տիրասպան եղան, երկրորդ՝ որովհետև չհիշեցին մեծամեծ հրաշքները, որոնք կատարվել էին մահվան ժամանակ ու գերեզմանի մոտ: Չէ՞ որ այնժամ երկինքը մթնեց, այլև ցնցվեց երկիրը, երրորդ՝ ճեղքվեցին ժայռերը, չորրորդ՝ բացվեցին գերեզմանները, հինգերորդ՝ պատռվեց վարագույրը, վեցերորդ՝ խեղդվեց մատնիչը, յոթներորդ՝ Պիղատոսի կնոջ երազը եղավ, ութերորդ՝ հարյուրապետն ու ավազակը հավատացին, իններորդ՝ Քրիստոս հոգին ավանդելիս բարձրաձայն աղաղակեց, տասներորդ՝ Նրա կողից ջուր և արյուն բխեցին: Նույնպես և գերեզմանի մոտ տեղի ունեցած դեպքերը հավատալու բազմաթիվ պատճառներ էին տալիս: Սակայն հրեաները չհիշեցին այդ ամենը, ա՛յն, որ [գերեզմանի վրա] կարգված պահապաններ կային, որոնք օտարականներ՝ եդովմացիներ էին։ Բացի այդ, չէ՞ որ իրենք իսկ մատանիով կնքեցին գերեզմանը, երրորդ՝ Հիսուսի աշակերտները հեռու էին Նրանից։ Գերեզմանի մոտ տեղի ունեցած նշաններից չորրորդն այն էր, որ զղջացին ա՛յն զինվորները, որոնց հրեաներն արծաթ էին տվել։ Հինգերորդ հրաշքը մեծ ցնցումն էր, վեցերորդը՝ ժայռի գլորվելը, յոթերորդը՝ հրեշտակների լուսափայլ երևումը, ութերորդը՝ հրեշտակների խոսքը հարության մասին, իններորդը՝ բաց պատանքը, որի մեջ մարմին չկար դրված, տասներորդը՝ հարություն առած մեռյալների քաղաք մտնելը (Մատթ. 27։53): Էլ չասենք, որ հրեաները շատ լավ գիտեին մարգարեների վկայությունները: Եվ քանի որ սկզբից ևեթ այս բոլորը չհիշեցին, արդարացիորեն չարաչար կորստյամբ պատժվեցին:
Անօրենություն չարեց, ու նենգություն չգտնվեց Նրա բերանում։
Այս մարգարեությունը նախ այն ժամանակ իրականացավ, երբ ասաց. «Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16։33), և չուրացավ Իր Աստված լինելը: Դարձյալ, անօրենություն չանելն ու խոսքով հանցանք չգործելը հատուկ չէ ուրիշ որևէ մեկին, բայց միայն՝ Քրիստոսին․ «քանի որ մարդու կյանքը մեկ օրվա չափ է՝ անկարելի է առանց մեղքի լինել» (հմմտ. Հոբ 14։4),- ասում է Հոբը: Իսկ Սիրաքն ասում է. «Մեկը չկա, որ չգայթակղվի լեզվով» (հմմտ. Սիր. 20։20): Եվ ինչպես այստեղ գործերի ու խոսքերի համար է ասում, մեկ այլ տեղ էլ մտքի համար է նույնն ասում. «Դրա համար մանուկը բարին կամ չարը ճանաչելուց առաջ պիտի անարգի չարը և ընտրի բարին» (Ես. 7։16), քանզի մտքին պատշաճ է բարին ընտրելը: Դարձյալ, Քրիստոս ոչնչով չխախտեց օրենքը՝ ո՛չ գործով, ո՛չ խոսքով և ո՛չ մտքով, այլ ամենայն ինչ կատարեց արդարությամբ, բայց որովհետև լիովին անմեղ էր, այդ պատճառով էլ Նրա մահը չէր կարող գործած հանցանքների պատիժը լինել, ինչպես բոլոր մարդկանց պարագայում է լինում։ Մինչդեռ Քրիստոս Իր անպարտ մահվամբ մեզ արդարացրեց՝ մի բան, որ բացի Նրանից ուրիշ ոչ ոք չէր կարող անել։
Ա. Լոպուխին
«Նրան չարագործների հետ գերեզման դրեցին, սակայն Նա հարուստի մոտ թաղվեց, որովհետև մեղք չէր գործել, և Նրա բերանում խաբեություն չկար»։ [9] (Սինոդական թարգ․)
«Նրան չարագործների հետ գերեզման դրեցին, սակայն Նա հարուստի մոտ թաղվեց...» - Ինչպես որ տվյալ հատվածի ընթերցումը, այնպես էլ ըմբռնումը տեղիք է տալիս շատ տարակարծությունների, որոնք գրեթե հակադրության են հանգեցնում։ Մենք կարծում ենք, որ նախապատվությունը պետք է տալ այն տեսակետին, որը չի հակասում բանասիրական առումով խնդիրներ չի հարուցում և ամենից շատն է համապատասխանում խոսքի համատեքստին։ Նախորդ համարներում խոսելով Մեսիայի տառապանքների (7-րդ համար) և մահվան (8-րդ համար) մասին՝ մարգարեն այժմ ըստ հաջորդականության անցում է կատարում Նրա թաղմանը։ Այստեղ մարգարեն զորեղ, գեղարվեստական հակադրություն է առաջադրում. մի կողմից՝ հրեաների չարաբարո մտադրությունները, իսկ մյուս կողմից՝ Մեսիայի Աստվածային փառավորումը։ Մեսիայի թշնամիների՝ սահմաններ չճանաչող չարամտությունը պատրաստ էր Նրան հետապնդել նույնիսկ մահվանից հետո․ դա արտահայտվում էր այն իրողությամբ, որ Նրա համար՝ որպես կրոնա-քաղաքական հանցագործի, ամոթաբեր թաղում էր պատրաստվել։
Մայմոնիդը, օրինակ, գրում է, որ «մահվան դատավճռով պատժվածներն իրենց նախնիների հետ չէին թաղվում, այլ նրանց համար երկու տեղ էր հատկացվում․ մեկը՝ քարկոծվածների և հրկիզվածների համար, մյուսը՝ գլխատվածների և կախաղան հանվածների համար»։ Հովսեփիոս Փլավիոսը նույնպես վկայում է․ «Նա, ով Աստծուն հայհոյել էր, քարկոծվում էր, մեկ ամբողջ օր կախվում էր և թաղվում էր առանց որևէ պատվի արժանացվելու»։ Նմանատիպ մի բան, միայն թե, հավանաբար, ավելի մեծ նվաստացումով լեցուն, հրեական իշխանությունները պատրաստել էին Անմեղի՝ իրենց կողմից սպանված Մեսիայի համար։ Սակայն Աստծո նախախնամությունը տնօրինեց կանխել այդ խայտառակությունը, և Մեսիայի թաղման իրադարձությունը, նվաստացման նոր առիթ լինելու փոխարեն, Նրա փառաբանության սկիզբը դարձավ։ Այստեղ չի կարելի մարգարեական ակնարկ տեսնել պատմական ա՛յն հանրահայտ իրողության վերաբերյալ, թե ինչպես է Արիմաթիայի հարուստ բնակիչը գալիս Պիղատոսի մոտ և նրանից խնդրում ամենասուրբ Մարմինն ու Նրան թաղում մեծագույն պատիվներով (Մատթ․ 27։57, Ղուկ․ 23։50-52)։ Հետևաբար, կարիք չկա վերամեկնաբանելու «մեղավոր» (ամբարիշտ, չարագործ) և «հարուստ» (ազնվական, նյութական հնարավորություններ ունեցող) բառերի ուղղակի և հստակ իմաստը, ինչպես որ դա անում են շատ ռացիոնալիստ մեկնաբաններ, որոնք «հարուստ» բառը նույնպես բացասական իմաստով են վերամեկնաբանում։ Այս համեմատության ամբողջ զորությունը, ակնհայտորեն, սևեռված է չարագործի ամոթալի հուղարկավորության և ազնվական ու հարգարժան մարդու պատվավոր հուղարկավորության հակադրության մեջ։
9-րդ համարի ավարտը՝ «որովհետև մեղք չէր գործել, և Նրա բերանում խաբեություն չկար», վերոնշյալ իրողության հիանալի սահմանումն է ներկայացնում։ Ուղղահավատ հրեայի աչքերում Քրիստոսի պատվավոր հուղարկավորությունը կարող էր օրենքից շեղում թվալ, քանի որ համաձայն այդ օրենքի բոլոր հանցագործները զրկվում էին ոչ միայն պատվավոր, այլև սովորական հուղարկավորության հնարավորությունից։ Իսկ Մեսիայի պարագայում տեղի կունենա ընդհակառակը, և դա ա՛յն պատճառով, որ, ինչպես մարգարեն է բացատրում, Նա ո՛չ չարագործ է, ո՛չ էլ հանցագործ, այլ Միակ ճշմարիտը և անմեղը։ Սույն խոսքերով վճռականորեն մերժվում են նաև Մեսիայի դեմ ուղղված բոլոր կասկածանքներն ու զրպարտությունները, համաձայն որոնց՝ եթե Նա չարչարվել է, հետևաբար մեղավոր է եղել։ Վերևում մարգարեն արդեն բազմիցս նշել է, որ եթե Աստծո Մարգարեն իսկապես տառապել է, ապա բացառապես միայն ուրիշների՛ մեղքերի համար (5-րդ համար): Այստեղ նա առավել ուղղակիորեն է ասում, որ Նա սեփական մեղքեր բացարձակապես չի ունեցել, և դա վերաբերում է ոչ միայն գործով, այլ նույնիսկ խոսքով գործվող մեղքերին։ Այս առումով Մեսիան կտրականապես առանձնանում է բոլոր մարդկանց հանրությունից, որոնց մեջ ոչ մի օտար մեղք չկա (Ես. 64:6, Սաղ. 34:5-6)։ Իզուր չէ, որ աշխարհի Փրկչի աստվածային արժանիքին բնորոշ այդ առանձնահատկությունը հատկապես շեշտադրվում էր ինչպես Նրա, այնպես էլ Նրա աշակերտների կողմից (Հովհ․ 8։46, Ա Պետ․ 2։22, Բ Կոր․ 5։21 և այլ տեղիներ)։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Նրա գերեզմանի համար՝ չարութեամբ, իսկ նրա մահուան համար մեծամեծ հարուածներով պիտի վրէժխնդիր լինեմ, որովհետեւ նա անօրէնութիւն չգործեց,
(Արարատ թարգ․) Նրա գերեզմանն ամբարիշտների հետ դրվեց, բայց մահվան մեջ՝ հարուստի հետ, թեև նա բռնություն չէր արել, և նրա բերանում խաբեություն չկար։
(Գրաբար) Եւ տաց զչարս փոխանակ գերեզմանի նորա, եւ զմեծամեծս փոխանակ մահու նորա. զի անաւրէնութիւն ոչ գործեաց, եւ ոչ գտաւ նենգութիւն ի բերան նորա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: