Եսայու մարգարեության մեկնություն 54:5

Ա. Լոպուխին

«Որովհետև քո Արարիչը քո ամուսինն է, Զորությունների Տեր է նրա անունը, և քո Փրկիչն Իսրայելի Սուրբն է․ ամբողջ երկրի Աստվածը Նա կանվանվի»։ [5] (Սինոդական թարգ․)
   
   «Որովհետև քո Արարիչը քո ամուսինն է․․․» - Լավ կլինի ռուսերեն թարգմանության մեջ վերադասավորել այս սահմանումները․ «Քո ամուսինը քո Արարիչն է»։ Իսրայելի հավատավոր մնացորդացը՝ ամաչելով իր քչաքանակությունից, կարող էր փոքրոգության պատճառով կարծել, թե լքվել էր մարդկանցից և թողնվել՝ Աստծո կողմից։ Եվ ահա մարգարեն հանգստացնում է նրան՝ ասելով, որ հավատավոր Իսրայելի համար այրիության նախատինքի ժամանակն արդեն իսկ անցել է, և որ նա կրկին ամուսին ունի, Որն Արարիչն է, և ո՛չ միայն Արարիչը, այլև Փրկիչը։

   «Ամբողջ երկրի Աստվածը Նա կանվանվի․․․» - Սա հինկտակարանյան ամենաուշագրավ հատվածներից մեկն է, որում յուրահատուկ պարզությամբ արտահայտվում է Աստծո համընդհանրության գաղափարը․ Նա միայն Իսրայելի և Հուդայի Աստվածը չէ, այլ ամբողջ երկրի Աստվածը, տիեզերքի Արարիչը և ամբողջ մարդկության Փրկիչը։ Հինկտակարանյան մարդկության կրոնական գիտակցությունն այսպիսի բարձր մակարդակի կարող էր բարձրանալ միայն հազվագյուտ, բացառիկ դեպքերում (Սաղմ․ 23։1, 46։2, 7 և այլ տեղիներ)․ այդ ամենի առավել լայն տարածումը և ավելի խորը ըմբռնումը աստիճանաբար տեղի ունեցավ միմիայն նորկտակարանյան ժամանակներում։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Տէրն է, որ քեզ համար անելու է այդ, Զօրութիւնների Տէր է նրա անունը, եւ նա, որ փրկեց քեզ, Իսրայէլի նոյն Աստուածն է, որ համայն երկրինը պիտի համարուի:
(Արարատ թարգ․) որովհետև քո ամուսինը քո Արարիչն է, Զորությունների Տեր է նրա անունը, և քո Փրկիչն Իսրայելի Սուրբն է. նա կոչվում է ամբողջ երկրի Աստված,
(Գրաբար) Զի Տէր է որ առնէ քեզ զայդ. Տէր Սաբաւովթ անուն է նորա. եւ որ փրկեացն զքեզ նոյն Աստուած Իսրայէլի ամենայն երկրի կոչեսցի: