Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Այսպէս է ասում Տէրը. «Պահպանեցէ՛ք իրաւունքը եւ կատարեցէ՛ք արդարութիւնը, քանզի եկել հասել է իմ փրկութիւնը, եւ յայտնուելու է իմ ողորմութիւնը:
Այսպես է ասում Տերը. «Պահպանեցեք իրավունքը և կատարեցեք արդարությունը»։
Զգուշությունն անհրաժեշտ է ամեն հարցում, մանավանդ՝ Աստծո պատվիրաններում, այսինքն՝ որպեսզի արդար իրավունքով, ուղղամտությամբ ընտրեն ու գործեն: Երեք պատճառով է խրատում զգուշանալ. նախ՝ քանի որ կամենում է փրկել պատիժներից, ուստի լսողներին խրատում է, որպեսզի նրանք զգուշանան ու խուսափեն պատժից, ինչպես արեցին նինվեացիներինը (Հովնան 3):
Երկրորդ՝ կամենոմ է բարիք անել, ուստի խրատում է, որպեսզի ծուլանալով չմերժեն բարիքը, քանի որ թեպետ Աստված մարդասեր է, բայց բարիքն ու ողորմությունը արժանավորներին է տալիս, ըստ Մովսեսին ասած խոսքի. «Կողորմեմ նրան, ում ողորմելու եմ, և կգթամ նրան, ում գթալու եմ» (Ելք 33։19):
Երրորդ՝ զգուշացնում է, որ երբ կյանքը դյուրին ընթանա, չմոռանան Աստծո երախտիքներն ու պարգևները՝ դրանք չարաշահելով և ծուլության պատճառ դարձնելով, ըստ այն խոսքի. «Գիրացավ, մեծացավ ու լայնացավ և թողեց Տեր Աստծուն՝ իր Արարչին» (Բ Օր. 32։15):
Որովհետև եկել հասել է Իմ փրկությունը, այսինքն՝ փրկությունը մոտ է, և ոչ հեռու:
Եվ հայտնվելու է Իմ ողորմությունը. տե՛ս, չի ասում, թե՝ լինելու է, որպեսզի ցույց տա, որ Իր ողորմությունը տևապես կա ու պատրաստ է, բայց մարդիկ այն ծածկում են իրենց մեղքերի բազմությամբ, ըստ այն խոսքի. «Ձեր մեղքերն են պատնեշ դարձել Իմ և ձեր միջև» (Ես. 59։2):
Ա. Լոպուխին
«Այսպես է ասում Տերը․ «Պահպանե՛ք դատաստանը և արդարությո՛ւն գործեք, քանզի մոտ է Իմ փրկությունը և Իմ արդարության հայտնությունը»»։ [1] (Սինոդական թարգ․)
«Պահպանե՛ք դատաստանը և արդարությո՛ւն գործեք»։ «Դատաստան» և «արդարություն» տերմիններն (եբր․՝ «միշպատ» և «ցեդակա») Աստվածաշնչյան լեզվում տեխնիկական նշանակություն ունեն, ասել է թե՝ իրենցից ներկայացնում են աստվածապետական կատարելության էությունը։ «Դատաստան» և «ճշմարտություն» գործելը նշանակում է ճշգրտությամբ իրականացնել աստվածատուր օրենքը, որն էլ, որպես Աստծո բարի և կատարյալ կամքի հայտնություն, բացարձակ արդարություն է հանդիսանում։ Այդ իսկ պատճառով էլ այդպիսի օրենքի կատարումը, համաձայն Տիրոջ անկողմնակալ դատաստանի, մարդուն «արդարացում» է շնորհում։ Այստեղից էլ Բարձրյալի արդարությունն ու Բարձրյալի դատաստանը դիտարկվում են որպես հոմանիշ հասկացություններ։ Սակայն քանի որ հինկտակարանյան մարդկության համար անհնարին առաջադրանք էր սեփական ուսերի վրա օրենքի ամբողջ լուծը կրելը (Հռոմ․ 3։19), ուստի և դրա միջոցով արդարացումն էլ, փաստացիորեն, ոչ ոքի համար հասանելի չէր։ Միայն Մեսիայի անձի մեջ հինկտակարանյան օրենքն իր կատարյալ մարմնավորումը գտավ (Մատթ․ 3։15 և 5։17)։ Ահա թե ինչու է «Մեսիայի հայտնությունը» սովորաբար անվանվում նաև «Աստծո արդարության հայտնություն»։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէրը. «Պահպանեցէ՛ք իրաւունքը եւ կատարեցէ՛ք արդարութիւնը, քանզի եկել հասել է իմ փրկութիւնը, եւ յայտնուելու է իմ ողորմութիւնը:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տերը. «Պահե՛ք իրավունքը և արդարությո՛ւն արեք, որովհետև շուտով գալու է իմ փրկությունը, և իմ արդարությունը հայտնվելու է։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր, զգոյշ կացէք իրաւանց` եւ գործեցէք զարդարութիւն. զի եկեալ հասեալ է փրկութիւն իմ, եւ յայտնելոց է ողորմութիւն իմ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: