Սրբ․ Գրիգոր Տաթևացի
4-5․ Հակառակութեան եւ կռիւների մէջ էք պահում եւ բռնցքահարում տկարին: Իսկ իմ ինչի՞ն է պէտք այդպիսի ծոմապահութեան օրը. դուք պիտի գաք բողոքէք ինձ, եւ ես չպիտի լսեմ ձեզ: Այդպիսի ծոմապահութիւնը չէ, որ ես ընտրեցի, եւ ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդ իր անձն է տանջում: Եթէ պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի ծոմ եւ ընդունելի օր. այդպիսի ծոմապահութիւնը չէ, որ ես ընտրեցի, -ասում է Տէրը:
Իմ ինչի՞ն է պետք այդպիսի ծոմապահության օրը, դուք պիտի գաք բողոքեք ինձ, և Ես չեմ լսելու ձեզ..., եթե անգամ պարանոցդ կորացնես օղակի նման, այսինքն՝ կեղծավորություն անելով, կամ եթե քրձազգյաց ու մոխրաթավալ լինես ի ցույց մարդկանց»:
«Սակայն այդ պահքը Ես չընտրեցի»,- ասում է Տերը։
Որովհետև պահքը սահմանվեց երկու պատճառով. նախ՝ փափկակենցաղության՝ մարմնի համար ունեցած վնասների պատճառով, և երկրորդ՝ հանուն մարդու «պտղաբերության», այսինքն՝ որպեսզի մարդ ողորմությամբ օգտակար լինի այլոց, որովհետև պատվիրանների մեջ կան [այնպիսիները], որոնք մարդու կողմից ինքնըստինքյան են կատարվում, կան և այնպիսիները, որոնք ուրիշների միջոցով են «զարդարվում» 1: Ինչպես օրինակ՝ մարմնական գործերում կան այնպիսիք, որոնք ինքնըստինքյան են կատարվում: Նմանատիպ գործողություններ են քայլելը, խոսելը և ուտելը: Բայց կան նաև այնպիսիք, որոնք այլոց միջոցով են կատարվում, ինչպես օրինակ՝ հողի մշակությունը, որի համար անհրաժեշտ է արոր, սերմ, իսկ ասենք գոտեմարտելու համար էլ անհրաժեշտ է յուղ և վարժանք: Նույնպիսին է պատվիրաններն իրագործելու պարագան: Կան պատվիրաններ, որոնք ինքնըստինքյան են կատարվում, ինչպես օրինակ՝ աղոթելը, ողորմելը, Աստծուն և ընկերոջը սիրելը: Կան և այնպիսիք, որոնք այլ բաների անհրաժեշտությունն ունեն, ինչպես՝ պահքը, նաև հենց կուսությունը, որովհետև այս պատվիրանների պարագայում մարդ նախ պետք է արդյունքի հասնի, և ապա միայն այդ արդյունքը հաճելի կլինի Աստծո աչքին: Քանզի խիստ մեծ ճգնություն է կուսությունը, չնայած որ հիմար կույսերը սխալվեցին, [մտածելով, թե] պահքը չարչարանք է: Խոտելի էր նաև փարիսեցու պահքը, թեպետ նա շաբաթը երկու օր պահք էր պահում: Իսկ Դանիելը պահք պահեց ուրիշների համար, և այդ պահքը ընդունելի եղավ: Մովսեսը ևս ուրիշների համար պահք պահեց, և դա հաճելի եղավ Աստծուն, որովհետև նրանց պահքը պտղաբեր պահեցողություն էր որի միջոցով և պահեցողները նմանվեցին իմաստուն կույսերին:
Բայց գուցե մեկն ասի, թե ինչո՞ւ են ոմանք հարստության մեջ, ոմանք՝ աղքատության, կեսը՝ հանգստի, կեսը՝ վշտի և տառապանքի: Աստված ինչո՞ւ հավասար չբաշխեց ինչքերը, ինչպես որ հավասարապես ընծայել է արևը, անձրևը, օդը, քամին: Ոսկեբերանը պատասխանում է. նախ՝ թեև ինչքերը անհավասար բաշխեց, բայց հարուստին պատվիրեց բաժին տալ չքավորին, որպեսզի ամենքը հավասար լինեն 2: Դարձյալ, Ոսկեբերանն Աստծո նախախնամության մասին ասում է. ոմանց՝ հարուստ, ոմանց՝ աղքատ ստեղծեց, որովհետև դա մեծ օգտակարություն պիտի ունենար: Տերն այդպես վարվեց, նախ՝ որպեսզի ամենքը չպարտվեն չարից, աշխարհի հոգսերից, հարստության պատրանքից, հեշտասիրությունից 3, հոգևորը մոռանալուց, կռիվներից, ատելությունից և այլն, ինչը հաճախ պատահում է հարստության պատճառով: Այդ ամենը հարստության հետևանքով են լինում:
Իսկ երկրորդ պատճառն այն է, որ հարուստները սփոփեն աղքատների ցավերը և վարձատրվեն դրա համար, այսինքն՝ մարմնավորը փոխանակեն հոգևորով, ու երկուստեք գոհանալով օգտվեն, ինչպես ասում է առաքյալը. «Ձեր առատությունը թող լցնի նրանց պակասությունը, որ նրանց առատությունն էլ լցնի ձեր պակասությունը» (Բ Կորնթ. 8։14):
Երրորդ՝ որպեսզի անկարգությամբ չընթանան, այլ երևա առաջին, միջին և վերջին «կարգը»:
Չորրորդ՝ որպեսզի գութ և սեր պտղավորվի հարուստների ու աղքատների մեջ, ինչպես ասում է Սիրաքը. «Անասունը սիրում է անասունին, մարդն՝ իր ընկերոջը» (հմմտ. Սիր. 13։19):
Հինգերորդ՝ որպեսզի մեկմեկու կարիքն ունենան ու գոհացում տան իրենց տարբեր պետքերին, ինչպես առաքյալն է ասում. «Ծառանե՛ր, հնազանդ եղեք ձեր մարմնավոր տերերին», իսկ տերերին ասում է. «Ավելի մի՛ նեղեք ծառաներին, որովհետև դուք ևս Տեր ունեք երկնքում» (Եփես. 6։5): Իսկ ահա եթե արեգա՛կն ամենքին հավասարապես տրված չլիներ՝ շատերը խավարի մեջ կկորչեին ու կտանջվեին:
Ա. Լոպուխին
«Ահա, դուք վեճերի և հակառակության համար եք ծոմ պահում և այն բանի համար, որպեսզի անզգամ ձեռքով հարվածեք ուրիշներին. այդ ժամանակ դուք ծոմ չեք պահում այնպես, որ ձեր ձայնը լսելի լինի բարձունքում»։ [4] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 58:3
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Հակառակութեան եւ կռիւների մէջ էք պահում եւ բռնցքահարում տկարին: Իսկ իմ ինչի՞ն է պէտք այդպիսի ծոմապահութեան օրը. դուք պիտի գաք բողոքէք ինձ, եւ ես չպիտի լսեմ ձեզ:
(Արարատ թարգ․) Ահա դուք կռվի և հակառակության համար եք ծոմ պահում, անզգամորեն բռնցքահարելու համար. այս օրվա նման ծոմ պահելով, որ ձեր ձայնը լսելի չլինի վերևում։
(Գրաբար) Ի հակառակութիւնս եւ ի կռիւս պահէք, եւ կռփէք զանաւագն. իսկ զի՞նչ պիտոյ է ինձ այնպիսւոյ աւուր պահք. գալ բողոքել ձեր առ իս, եւ ինձ ոչ լսել ձեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: