Ա. Լոպուխին
Նրա շուրջ կանգնած էին սերովբեները, որոնցից յուրաքանչյուրը վեց թև ուներ. Նրանք բոլորը երկու թևերով իրենց երեսներն էին ծածկում, երկուսով՝ իրենց ոտքերը, և երկուսով էլ թռչում էին: (Սինոդական թարգ․) [2]
«Սերովբեները». «Սերովբե» բառը Աստվածաշնչում հանդիպում է միայն այս տեղիում, այդ իսկ պատճառով էլ բավականին դժվար է այդ բառի իմաստային բացատրությունը տալը: Որոշ ուսումնասիրողներ ընդունում են այս անվան նույնականությունը «օձ» բառի հետ, որ հիշատակվում է Թվոց 21:6 համարում (եբր.՝ «հաննե հաշիմ հասսեռաֆիմ»), և նշում են, որ սերովբեներն արտաքին տեսքով հիշեցնում էին օձերի կամ էլ թռչող վիշապների, որոնք, նախնիների հավատալիքների համաձայն, հսկում էին աստվածային գանձերը: Սակայն անհավանական է, որ Աստծո սպասավոր-հրեշտակները մարգարեին հայտնվեին օձերի տեսքով, քանի որ Տիրոջ ճշմարիտ երկրպագուների համար օձերը միանգամայն անհամապատասխան կերպարանքներ էին՝ նրանց խոնարհվելու համար, ինչը երևում է այն բանից, որ Եզեկիա թագավորը ոչնչացնում է պղնձե օձի պատկերը (Դ Թագ. 18:4): Բացի այդ, Թվոց գրքում «սերաֆ» բառը ածական է (նշանակում է «այրող»), իսկ այստեղ այն գոյական է: Այլ մեկնիչներ այս բառը բխեցնում են «սառաֆ» բայից (այրել կամ այրվել) և նրանում տեսնում են ակնարկ սերովբեների կրակոտ բնության վերաբերյալ, ինչի շնորհիվ էլ նրանք «մոխրացնում» ու «այրում են» այն ամենը, ինչին որ դիպչում են: Եվ վերջապես, որոշ ուսումնասիրողներ էլ ավելի մեծ վստահությամբ պնդում են, որ սերովբեներն աստվածային սիրո հուրը կրողներն են, որ այրում են ամեն մի աղտեղություն և մաքրագործում են մարդկանց:
Ուրիշ ուսումնասիրողներ էլ այս անվանումը բխեցնում են արաբերեն «շարուֆա» բառից, որ նշանակում է «առաջնորդ լինել», և այստեղ հատուկ շեշտադրություն են տեսնում հրեշտակների մեջ սերովբեների զբաղեցրած բարձր դիրքի վերաբերյալ: Որոշներն էլ այստեղ տեսնում են կրակի Ներհալե Աստծո անվան՝ «Սառապու» (այրող), կամ եգիպտերեն «սեռեֆ»՝ գերեզմանները հսկող վիշապի անվան վերարտադրությունը: Միով բանիվ՝ բանասիրությունը բավականաչափ տեղեկություններ չի տալիս սերովբեների բնությունը ճանաչելու համար:
Ահա թե ինչու Եսայի մարգարեի այս տեքստն ինքնին համարվում է ամենից վստահելի աղբյուրը: Այս աղբյուրից մենք իմանում ենք, որ սերովբեները խոսում են, ըստ հերթականության փառաբանական երգեր են երգում Աստծո համար ու կատարում են Աստծո հրամանները, և հետևաբար նրանք բանական, հոգևոր էակներ՝ հրեշտակներ են: Սերովբեներն ունեն թևեր, որոնք ցույց են տալիս, որ նրանք երկնային աշխարհի վսեմ էակներ են, ուժի և աստվածային զորության կրողներ, ինչը երևում է այն բանից, որ հնագույն ժողովուրդները՝ բաբելոնացիները և պարսիկները, իրենց թագավորների պատկերների վրա մի քանի զույգ թևեր էին ավելացնում, որպեսզի այդպիսով ցույց տային, որ այդ արքաները հավասար են աստվածներին (տե՛ս Вейссер Л. Kартинный атлас всемирной истории. СПб., 1865 — Կյուրոսի պատկերը): Բացի այդ, թևերը սերովբեներին ծառայում էին նաև այն բանի համար, որ նրանք Աստծո փառահեղության առջև ծածկեին իրենց մարմինները: Քանի որ նրանք կանգնում էին Տիրոջ առջև և Նրա շուրջը, այդ իսկ պատճառով էլ հնուց ի վեր նրանք համարվում էին երկնային զորությունների մեջ ամենից բարձր դիրք ունեցող պաշտոնյաները (քերովբեները միայն կրում էին Աստծո գահը): Համաձայն Եսայու մարգարեության տեքստի՝ սերովբեների գործառույթն Աստծուն ծառայություն մատուցելն էր, որը նրանք իրականացնում են ջերմեռանդ նախանձախնդրությամբ: Մյուս հրեշտակներից սերովբեները տարբերվում են նրանով, որ վերջիններս չեն ուղարկվում երկիր, ինչպես մյուսները, այլ բացառապես ու անմիջականորեն պատկանում են աստվածային հաղորդակցության տիրույթին: Եվ վերջապես, այս ամբողջ պատկերագրությունից պարզ է դառնում, որ նրանք մարդու տեսք ունեին (Глаголев А. Ветхозав. библ. учение об Ангелах, էջ. 514–543):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Նրա շուրջը սերովբէներ կային, որոնցից իւրաքանչիւրը վեց թեւ ունէր. երկուսով իրենց երեսներն էին ծածկում, երկուսով՝ իրենց ոտքերը եւ երկուսով էլ թռչում էին:
(Արարատ թարգ․) Նրա վերևում կանգնած էին սերովբեներ, որոնցից յուրաքանչյուրն ուներ վեց թև. երկուսով ծածկում էր իր դեմքը, երկուսով՝ իր ոտքերը և երկուսով թռչում էր։
(Գրաբար) Եւ սրոբէք կային շո՛ւրջ զնովաւ. վե՛ց թևք միոյ՝ և վե՛ց թևք միոյ. երկուքն ծածկէին զերեսս իւրեանց, և երկուքն ծածկէին զոտս իւրեանց, և երկուքն թռուցեալ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: