Եսայու մարգարեության մեկնություն 60:6

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

6-7․ Դէպի քեզ են գալու ուղտերի երամակները, քեզ ծածկելու են Մադիամի եւ Գեփայի ուղտերի երամակները. բոլորը Սաբայից պիտի գան՝ բերելով ոսկի, կնդրուկ ու թանկագին քարեր եւ տալու են Տիրոջ փրկութեան աւետիսը: Կեդարի ոչխարների բոլոր հօտերը քեզ մօտ պիտի հաւաքուեն, Նաբէօթի խոյերը պիտի բերուեն ու իմ սեղանի վրայ պիտի մատուցուեն իբրեւ ընդունելի զոհ, եւ իմ աղօթքի Տունը պիտի փառաւորուի:
   
   Դեպի քեզ են գալու ուղտերի երամակները, քեզ ծածկելու են Մադիամի և Գեփայի ուղտերի երամակները, բոլորը Սաբայից պիտի գան՝ բերելով արծաթ և ոսկի, Նաբեովթի խոյերը պիտի բերվեն։

   Հեթանոսների պատարագն է նշանակում, քանի որ նրանք վարձ ստացան իրենց կրած անարգանքի և կողոպուտի փոխարեն, որովհետև կողոպտվեցին գերության մեջ, ճիշտ այնպես, ինչպես և հրեաներտ վարձ առան Եգիպտոսից դուրս գալուց [1]:

   Եվ Իմ աղոթքի տունը պիտի փառավորվի որովհետև Նրա վերջին փառքը ավելին էր, քան առաջինը, ինչպես Անգեոսն է ասում (Անգ. 2։10): Բայց սա հոգևորապես վերաբերում է Եկեղեցուն, որովհետև ուղտն անմաքուր կենդանի է, խոհեմ է, բայց ըստ Օրենքի զոհաբերելի չէ, ուստի նշանակն է հեթանոսների, որոնք անմաքուր և անսուրբ էին կռապաշտության մեջ, բայց երբ հավատացին Քրիստոսին, մաքրվելով սրբվեցին ավազանի մկրտությամբ ու իրենց մտածումների մեջ խոհեմ գտնվեցին և մոտ՝ Աստծո խոսքին: Իսկ ասելը, թե՝ «քեզ մոտ պիտի հավաքվեն»՝ մարդկանց բազմությունն է նշանակում: «Եվ Նաբեովթի խոյերը պիտի բերվեն» խոսքը Քրիստոսին հավատացող հրեաների, մանավանդ երանելի առաքյալների մասին է, նրա՛նց, ովքեր բերվեցին Քրիստոսի մոտ. նախ՝ որովհետև խոյը հոտի առաջնորդ է, իսկ առաքյալները Քրիստոսի հոտի առաջնորդները դարձան, ըստ այն խոսքի, թե՝ «Արածեցրո՛ւ իմ ոչխարները» (Հովհ. 21:15)։ Իսկ Պողոսն ասում է. «Ո՞վ կարածացնի ոչխարներին ու նրանց կաթից չի խմի» (Ա Կորնթ. 9:7):

    Երկրորդ՝ որովհետև խոյը գառների ծնողն է, իսկ առաքյալները անմեղ ժողովուրդների ծնողներն էին, ըստ այն խոսքի, թե՝ «Հիսուս Քրիստոսի Ավետարանով ծնեցի ես ձեզ» (Ա Կորնթ. 4:15):

    Երրորդ՝ որովհետև խոյը երկիցս կատարյալ է, այսինքն՝ որոճող ու զատված կճղակներով․ կատարյալ էին նաև առաքյալները՝ համաձայն Օրենքի ու շնորհների:

   Չորրորդ՝ որովհետև խոյը սուրբ կենդանի է, իսկ առաքյալները սրբված են Քրիստոսով, համաձայն այն խոսքի, թե՝ «Դուք սուրբ եք բոլորդ» (Գործք 2:4)՝ մանավանդ այն բանից հետո, երբ վերնատան մեջ ընդունեցին Սուրբ Հոգին:

   Հինգերորդ՝ որովհետև պատարագելի էր խոյը, ըստ այն խոսքի, թե՝ «Արուն մեկամյա պետք է լինի» (Ելք 12:5), իսկ առաքյալներն էլ իրենց անձերն իբրև պատարագ նվիրեցին Քրիստոսին, ինչպես ասում է Պողոսը. «Թեկուզև ձեր հավատին իբրև պատարագ և զոհ ընծայվեմ» (Փիլիպ. 2:17): Դարձյալ, Հին Կտակարանում զոհաբերվող կենդանիների միջև ընտրությունը մեծ էր, այսինքն՝ կային սուրբ և անսուրբ կենդանիներ, նաև՝ զանազանություն արատավորների ու անարատների միջև, իսկ այստեղ կարևորագույնը հոգիների առաքինությունն, որն էլ միակ անհրաժեշտ պայմանն է, ըստ այն խոսքի, թե՝ «Սակայն խտրություն չկա հրեայի ու հեթանոսի միջև» (Հռոմ. 10:12), որովհետև «Աստծո պատարագ է խոնարհ հոգին» (Սաղմ. 50:19):

    Եվ Կեդարի խաշները հավաքվեցին քեզ մոտ։

    «Կեդար» բառը «խավար» է թարգմանվում, որ և խորհրդանշում է բոլոր մտքով խավարածներին, որոնք հավաքվում են հավատի շուրջը և լուսավորվելով փայլում են ավազանի մեջ՝ սրբվելով և հոգու նորոգությամբ:

   Եվ փառավորվելու է Իմ աղոթքի տունը, որ ավելի Քրիստոսի Եկեղեցին է, քան հրեական տաճարը:
   

Ա. Լոպուխին

«Ուղտերի բազմությունը պիտի ծածկի քեզ, ուղտի ձագերը՝ Մադիամից և Գեփայից, նրանք բոլորը Սաբայից են գալու, ոսկի ու կնդրուկ են բերելու և գովերգելու են Տիրոջ փառքը»։ [6] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 60:5

--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Դէպի քեզ են գալու ուղտերի երամակները, քեզ ծածկելու են Մադիամի եւ Գեփայի ուղտերի երամակները. բոլորը Սաբայից պիտի գան՝ բերելով ոսկի, կնդրուկ ու թանկագին քարեր եւ տալու են Տիրոջ փրկութեան աւետիսը:
(Արարատ թարգ․) Քեզ պիտի ծածկի ուղտերի բազմությունը՝ Մադիամի և Գեփայի ուղտի ձագերը, բոլորը Սաբայից են գալու, ոսկի ու կնդրուկ են բերելու և Տիրոջ գովաբանությունն են ավետելու։
(Գրաբար) Եկեսցեն ի քեզ երամակք ուղտուց, եւ ծածկեսցեն զքեզ ուղտերամակքն Մադիամու եւ Գեփայ: Ամենեքեան ի Սաբայ եկեսցեն, բերել ոսկի եւ կնդրուկ` եւ ականս պատուականս. եւ զփրկութեան Տեառն առցեն զաւետիս:


---------------
[1] Հեղինակն այստեղ նկատի ունի բացառապես հոգևոր կողոպուտը, այսինքն՝ եգիպտական գիտությունը, որից հրեաները վերցրին այն կարևորը, ինչն անհրաժեշտ էր իրենց կրոնական փորձառությանը, որովհետև ինչպես նկատում Որոգինես Ալեքսանդրացին, «Սրբություն սրբոցի անոթները պատրաստված էին այն ավարից, որն Իսրայելը տարավ Եգիպտոսից» (Ս.Գրիգոր Սքանչելագործ, Նամակ 2): Հրեաների կողմից եգիպտացիներին հասցված վնասը, կողոպուտը (Ելք 3։22, 11։2) ս. Իրինեոսի և Օգոստինոսի բացատրությամբ այլաբանությունն է քրիստոնյաների՝ հեթանոսական գրվածքներում առկայծող ճշմարիտն ու հայտնութենականն ընտրելու և վերցնելու իրավունքի, տե՛ս Օգոստինոս Երանելի, Խոստովանություններ, Եր., 2002, էջ 336, ծնթ. 47: