Սրբ․ Գրիգոր Տաթևացի
11-12․ Դուք թողեցիք ինձ, մոռացաք իմ սուրբ լեռը եւ սեղան գցեցիք դեւերին՝ բաժակ բարձրացնելով Բախտի աստծու պատուին: Ես էլ ձեզ սրի եմ մատնելու, եւ ամէնքդ կոտորուելու էք, որովհետեւ կանչեցի ձեզ, բայց չլսեցիք, խօսեցի, բայց դուք ականջ չդրեցիք, իմ առաջ չարութիւն կատարեցիք եւ, ինչ չէի ցանկանում, ա՛յն ընտրեցիք»:
Սակայն դուք, որ թողեցիք Ինձ և մոռացաք Իմ սուրբ լեռը, ձեզ սրի եմ մատնելու։
Այստեղ խոսում է մե՛կ թշնամիների մասին, մե՛կ՝ տանջանքների: Եվ ի՞նչն է դրա պատճառը. ա՛յն է, որ ասում է. «Ձեզ կանչեցի մարգարեներով ու քարոզիչներով, բայց չլսեցիք , դեմ-հանդիման խոսեցի, բայց դուք արհամարհեցիք, այսինքն՝ խցեցիք ձեր ականջները: Եվ ընտրեցիք այն, ինչ չէի կամենում, այսինքն՝ մեղքը՝ Աստծո կամքը չկատարելը»: Չէ՞ որ եթե մարդ սխալմամբ իրեն բարի է կարծում և իր ընտրած կամքի ետևից է գնում՝ չար է Աստծո առջև: Իսկ եթե մի բան, թեպետ քեզ չար է թվում, բայց Աստծո կամքո՛վ է լինում՝ այն բարի է, ինչպես Ովսեի պոռնկությունը (Ովսե 5), Եղիայի (Գ Թագ. 17-19) ու Փենեհեսի ( Թվեր 25 կատարած սպանությունը և եգիպտացիներին դավաճանելը:
Ա. Լոպուխին
«Բայց դուք, որ լքել եք Տիրոջը, մոռացել եք իմ սուրբ լեռը, Գադի առաջ սեղան եք պատրաստում և Մենիի համար խառնված խմիչքով լի գավաթ եք պատրաստում»։ [11] (Սինոդական թարգ․)
«Բայց դուք, որ լքել եք Տիրոջը, մոռացել եք իմ սուրբ լեռը, Գադի առաջ սեղան եք պատրաստում և Մենիի համար խառնված խմիչքով լի գավաթ եք պատրաստում:Ես ձեզ սրի եմ մատնում, ու դուք բոլորդ կխոնարհվեք մորթվելու համար, որովհետև կանչեցի ձեզ, բայց դուք չպատասխանեցիք, խոսեցի, բայց դուք չլսեցիք, այլ չարիք գործեցիք Իմ աչքի առջև, և ընտրեցիք այն, ինչը Ինձ հաճելի չէր: Դրա համար Տեր Աստված այսպես է ասում. «Ահա Իմ ծառաները պիտի ուտեն, իսկ դուք քաղցած պիտի մնաք, Իմ ծառաները պիտի խմեն, իսկ դուք պիտի ծարավից տանջվեք։ Իմ ծառաները պիտի ուրախանան, իսկ դուք պիտի ամոթով մնաք, Իմ ծառաները պիտի երգեն սրտի ուրախությունից, իսկ դուք պիտի գոռաք սրտի ցավից ու ողբաք հոգու կոտրվելուց: Եվ ձեր անունը որպես անեծք պիտի թողնեք Իմ ընտրյալների համար, և Տեր Աստված կմեռցնի քեզ, իսկ Իր ծառաներին այլ անունով պիտի կոչի: Որպեսզի երկրի վրա օրհնվողը օրհնվի ճշմարիտ Աստծո կողմից, և երկրի վրա երդում անողը երդում անի ճշմարիտ Աստծով, որովհետև նախկին վշտերը մոռացվելու են ու թաքնվելու են Իմ աչքերից» - Այս հատվածն իրենից ներկայացնում է մարգարեական-նախատական խոսքի մի նոր բաժին, որում թվարկվում են մի քանի հակադիր համեմատական իրողություններ, որոնք խոսում են բարեպաշտ արդարների երանության ու ամբարիշտ մեղավորների տառապանքների մասին:
«Գադի առաջ սեղան եք պատրաստում և Մենիի համար…լի գավաթ եք պատրաստում…» - Սեպտուագինտան ու սլավոներեն տեքստն այս հատվածը շարադրում են հետևյալ կերպ. «Սեղան են գցում դևի համար ու տրվում են հաճույքներին…»: Դժվար չէ նկատել, որ վերջին տեքստում ասորեստանյան աստվածությունների հատուկ անունները՝ Գադ կամ Գադադ, Մենի կամ Մնի, Մանուել, փոխարինված են իրենց հասարակ, ոչ անվանական թարգմանություններով: Թելլ-ամարական նամակագրությունն ու փյունիկական պեղումները հաստատեցին, որ Գադը դա փյունիկական աստվածություն է՝ «ճակատագրի բարի աստվածը» (Cheyne): Մենին դա ասորեստանյան աստվածություն է, որը հանդիպում է, այսպես կոչված, արամեա-պարսկական կամ էլ աքեմենյան ժամանակաշրջանների արձանագրություններում: Գիտնականները դա կապում են արաբական Մաանտ աստվածության հետ, որը, Ղուրանի համաձայն, որպես միջնորդ աստվածություն՝ հեռահար հորիզոնում հիշեցնում է Մեսիայի կերպարը: Անգլիական «Հենքի մեկնության» հեղինակները կարծում են, որ այս անվանման հիմքում ընկած է սեմական «մանատ» արմատը, որը նշանակում է «թիվ, հատված» ու մատնանշում է այնպիսի մի աստվածության, որին բնորոշ էր յուրաքանչյուր մարդու՝ երջանկության համապատասխան բաժնի բաշխումը (τνχη μοιρα).
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Դուք թողեցիք ինձ, մոռացաք իմ սուրբ լեռը եւ սեղան գցեցիք դեւերին՝ բաժակ բարձրացնելով Բախտի աստծու պատուին:
(Արարատ թարգ․) Բայց դուք, որ լքել եք Տիրոջը, մոռացել եք իմ սուրբ լեռը, Բախտի առաջ սեղան եք պատրաստում և Ճակատագրի համար խառնված խմիչք եք լցնում բաժակի մեջ։
(Գրաբար) Այլ դուք որ թողէք զիս, եւ մոռացարուք զլեառն սրբութեան իմոյ: եւ կազմէիք դիւաց սեղան, եւ խառնէիք խառնելիս բախտից:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: