Եսայու մարգարեության մեկնություն 65:13

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Ահաւասիկ նրանք, որ ինձ են ծառայում, պիտի ուտեն, իսկ դուք քաղցած էք մնալու. ահաւասիկ նրանք, որ ինձ են ծառայում, պիտի խմեն, իսկ դուք ծարաւ էք մնալու. ահաւասիկ նրանք, որ ինձ են ծառայում, ուրախ պիտի լինեն, իսկ դուք ամօթով էք մնալու:
   
   Այս պատճառով, ովքեր ծառայեն Ինձ՝ կուտեն կենդանարար մարմինը, և դուք կքաղցեք, ու նրանք կխմեն կյանքի դեղը 1, և դուք կծարավեք, նրանք ուրախ կլինեն իրենց դարձի համար, իսկ դուք կտխրեք ձեր մոլորության մեջ, որովհետև բարիների ուրախությունը հոգևոր ցնծություն է, քանզի հոգին միշտ ցավում է խղճմտանքի պատճառով:
   

Ա. Լոպուխին

13-14․ «Դրա համար Տեր Աստված այսպես է ասում. «Ահա Իմ ծառաները պիտի ուտեն, իսկ դուք քաղցած պիտի մնաք, Իմ ծառաները պիտի խմեն, իսկ դուք պիտի  ծարավից տանջվեք»։ [13] «Իմ ծառաները պիտի ուրախանան, իսկ դուք պիտի ամոթով մնաք, Իմ ծառաները պիտի երգեն սրտի ուրախությունից, իսկ դուք պիտի գոռաք սրտի ցավից ու ողբաք հոգու կոտրվելուց»: (Սինոդական թարգ․)
   
   Սա հատուկ հակաթեզների մի շարք է, որոնցում արդարների տարատեսակ օրհնությունները հակադարձ համեմատականությամբ հակադրվում են մեղավորների տառապանքների հետ: «Հակադրությունների այս ամբողջ շղթան հնարավոր է ընկալել երկակիորեն. բառացիորեն ընկալելու դեպքում այն կարելի է վերագրել գերեվարված իսրայելացիների երկու տարբեր հատվածներին՝ Տիրոջը հավատարիմ մնացածներին ու Նրան դավաճանածներին, իսկ ահա փոխաբերական իմաստով ընկալելու պարագայում՝ Տիրոջ ծառաներին ու, առհասարակ, բոլոր ժամանակներում և բոլոր վայրերում ի հայտ եկած Նրա թշնամիներին»: (Rawlinson, էջ 472):
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Ահաւասիկ նրանք, որ ինձ են ծառայում, պիտի ուտեն, իսկ դուք քաղցած էք մնալու. ահաւասիկ նրանք, որ ինձ են ծառայում, պիտի խմեն, իսկ դուք ծարաւ էք մնալու. ահաւասիկ նրանք, որ ինձ են ծառայում, ուրախ պիտի լինեն, իսկ դուք ամօթով էք մնալու:
(Արարատ թարգ․) Դրա համար Տեր Աստված այսպես է ասում. «Ահա իմ ծառաները պիտի ուտեն, իսկ դուք քաղցած պիտի մնաք, ահա իմ ծառաները պիտի խմեն, իսկ դուք ծարավ պիտի մնաք, ահա իմ ծառաները պիտի ուրախանան, իսկ դուք պիտի ամաչեք,
(Գրաբար) Վասն այսորիկ այսպէս ասէ Տէր. ահաւասիկ որ ծառայենն ինձ կերիցեն, եւ դուք քաղցիջիք. ահաւասիկ որ ծառայենն ինձ արբցեն, եւ դուք ծարաւեսջիք. ահաւասիկ որ ծառայենն ինձ, ուրախ լիցին եւ դուք ամաչեսջիք