Եսայու մարգարեության մեկնություն 65:5

Ա. Լոպուխին

«Որն ասում է. «Կանգնիʹր, միʹ մոտեցիր ինձ, որովհետև ես սուրբ եմ քեզ համար»: Նրանք ծուխ են Իմ հոտոտելիքի համար, կրակ, որը վառվում է ամբողջ օրը»: [5] (Սինոդական թարգ․)
   
   «Կանգնիʹր, միʹ մոտեցիր ինձ, որովհետև ես սուրբ եմ քեզ համար…» - Սա շատ բնութագրական հատկանիշ է, որը վկայում է այն մասին, որ հրեաների կողմից հեթանոսությամբ տարվելը պայմանավորված չէր միայն արտաքին գործոնների ազդեցությամբ, այլ նաև հեթանոսության ավելի խորը, ներքին ընկալմամբ, որի պարագայում հեթանոսության ոգով տոգորված անձն իրեն ավելի կատարյալ ու մաքուր էր համարում՝ Տիրոջը հավատարիմ մնացած ծառայի համեմատությամբ: Այստեղ կարելի է նաև սերտ կապ հաստատել Աստարոթի պաշտամունքի հետ, որի մատուցման ժամանակ կանայք, ի պատիվ այդ աստվածուհու անառակությամբ զբաղվելով, կրում էին «կոդեշ» անվանումը, որը նշանակում էր «սրբացված, սուրբ»: Թեոդորոս Երանելին այստեղ տեսնում է նախատիպն ավետարանական փարիսեցիների, որոնք ճիշտ նույն կերպ հպարտանում էին իրենց երևակայական «մաքրությամբ» (եբր.՝ «փարես»-«մաքուր», Մատթ. 9:11 և այլ տեղիներ):

   «Նրանք ծուխ են Իմ հոտոտելիքի համար, կրակ, որը վառվում է ամբողջ օրը» - Այս հատվածի ճիշտ ընկալումը, մեր կարծիքով, հաստատվում է հետևյալ զուգահեռների միջոցով. «Նրա զայրույթից ծուխ բարձրացավ ու Նրա բերանից՝ լափող կրակ (Սաղմ. 17:9, հմմտ. Հայտ. 14:11): Ու նաև. «Ու կտեսնեն ա՛յն մարդկանց դիակները, որոնք հեռացել են Ինձանից, քանի որ նրանց որդը չի մեռնելու և նրանց կրակը չի հանգչելու (Ես. 66:24, հմմտ. 1:31): Հետևաբար, այստեղ խոսվում է ամբարիշտ Իսրայելի նկատմամբ տեղի ունենալիք այն Ահեղ դատաստանի սկզբնավորության մասին, որի շարունակությունն ու ավարտը շարադրվում է հաջորդ երկու համարներում:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Ասում էին. «Հեռո՛ւ կաց ինձնից, մի՛ մօտեցիր ինձ, որովհետեւ ես սուրբ եմ»: Դա ծուխն է իմ բարկութեան, որի մէջ ամէն օր բորբոքւում է կրակը:
(Արարատ թարգ․) Նրանք ասում են. «Հեռո՛ւ մնա, ինձ մի՛ մոտենա, որովհետև ես քեզնից սուրբ եմ»։ Այս բաները ծուխ են իմ ռունգերի մեջ, այրվող կրակ են ամբողջ օրը։
(Գրաբար) որք ասէին ի բաց կաց յինէն` մի մերձենար յիս զի սուրբ եմ: Այս է ծուխ բարկութեան իմոյ` յորում հուր բորբոքեալ է զամենայն աւուրս: