Երեմիայի մարգարեության մեկնություն 16:1

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

1–4. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Քեզ համար կին մի՛ առ և այստեղ որդիներ և դուստրեր չունենաս»։ Որովհետև Տերն այսպես է ասում այստեղ ծնված որդիների և դուստրերի մասին, նաև այս երկրում նրանց ծնող հայրերի ու ծննդաբերող մայրերի մասին. «Նրանք մահացու հիվանդություններով պիտի մեռնեն, նրանց վրա սուգ չի լինելու, և չեն թաղվելու. նրանք երկրի երեսին կեղտի պես պիտի լինեն։ Սրով և սովով պիտի սպառվեն, և նրանց դիակները կերակուր պիտի դառնան երկնքի թռչուններին ու դաշտի գազաններին»։
   
    Առաջիկա գերության ժամանակ մարգարեին արգելվում է կին առնել, որպեսզի մարմնական տրտմություն չունենա, և բացի իրենից` նաև կնոջ և երեխաների տառապանքների համար չտրտմի։ Ուստի որքա՞ն ավելին է առաքյալի հետևյալ հրամանը, քանի որ «…այսուհետև ժամանակը կարճ է: Նրանք, որ կին ունեն, այնպես ապրեն, որպես թե ունեցած չլինեին» (Ա Կորնթ. 7:29): Հետևաբար անտեղի է հերքել նոր հերետիկոսին (Հովինյանոս), որի մասին խոսելիս մենք ցույց տվեցինք,  որ կրկնամուսնությունները և եռամուսնությունները ոչ թե օրենքից են բխում, այլ  հանդուրժողականությունից: Որովհետև այլ բան է անել այն, ինչն ինքնին բարիք է, և մեկ այլ բան, երբ զիջումներ  են արվում, որպեսզի մենք ավելի վատը չգործենք: Ուստի հենց առաքյալն ինքն է հայտնում այն պատճառները, թե ինչու է ցանկանում, որ երիտասարդ այրիները ամուսնանան, և ասում է. «Քանի որ արդեն իսկ նրանցից ոմանք շեղվել են՝ գնալով Սատանայի հետևից» (Ա Տիմ. 5:15): Եվ ահա ժուժկալ և մշտապես անարատ ու իրեն Աստծուն հավասար համարող ուսուցիչը՝ հայհոյելով բարձր է գնահատում երրորդ և չորրորդ ամուսնությունները, որոնք ես ոչ այնքան ամուսնություններ կանվանեի, որքան թեթևացում աղետների մեջ և խորտակվող նավի վերջին տախտակ։ Այդ ուսուցիչը այնպես էր գովերգում, որ կարծես իր հեծյալ կանանց (амазонкам) թույլ էր տալիս մինչև խոր ծերություն փորձարկել տռփանքի փոթորիկները: Իսկ մարգարեին ամուսնանալ արգելվելու պատճառը ակնհայտ էր, որովհետև մոտեցող ժանտախտի, սրի և քաղցի պաշարման ժամանակ բոլորը կմահանան, և մահացածների քանակն այնքան մեծ կլինի, որ նրանց հուղարկավորության պարտականությունը կատարելն անհնար կլինի, իսկ դիակները, թռչունների ու գազանների կողմից պատառ–պատառ արված, գոմաղբի պես ընկած կլինեն: Հարկ է նշել, որ հիվանդությունից և թուլությունից երկար ժամանակ տառապելը նույնպես Աստծո բարկության նշան է: Հետևաբար, Հովսափատի որդի Հորամը նույնպես մահանում է երկարատև հիվանդությունից (Բ Մնաց.  21), իսկ առաքյալը սովորեցնում է, որ սրբությունները պղծողները  երկար ժամանակով հիվանդանում, հյուծվում և մահանում են (Ա Կորնթ. 11:30):
   

Ա. Լոպուխին

1-9. «Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»: [1] «Քեզ համար կին մի՛ առ, և ո՛չ որդիներ, ո՛չ էլ դուստրեր չունենաս այս վայրում»։ «Որովհետև Տերն այսպես է ասում այն որդիների և դուստրերի մասին, որոնք կծնվեն այս վայրում, նաև` նրանց մայրերի մասին, որոնք կծննդաբերեն նրանց, և նրանց հայրերի մասին, որոնք կծնեն նրանց այս երկրում»: «Նրանք ծանր մահով պիտի մեռնեն, և նրանց վրա ո՛չ սուգ է լինելու, ո՛չ էլ թաղվելու են. նրանք կեղտի պես պիտի լինեն երկրի երեսին. սրով և սովով պիտի ոչնչացվեն, և նրանց դիակները կերակուր պիտի դառնան երկնքի թռչունների ու երկրի գազանների համար»։ ««Որովհետև այսպես է ասում Տերը. «Մի՛ մտիր սգի տուն և մի՛ գնա նրանց հետ կոծելու և ողբալու. որովհետև Ես, - ասում է Տերը, - այդ ժողովրդից հետ եմ վերցրել Իմ խաղաղությունը, ողորմությունը և գթությունը»։ «Եվ մեծերն ու փոքրերը մեռնելու են այս երկրում. և չեն թաղվելու, ու ոչ ոք չի սգալու նրանց համար, իրենց չեն տանջելու, մազերը չեն կտրելու նրանց համար»։ «Եվ նրանց հետ հաց չեն կիսի տխրության մեջ` որպես մխիթարություն մեռյալի համար. և նրանց մխիթարության բաժակ չեն տա, որպեսզի խմեն նրանց հոր և նրանց մոր համար»։ «Խնջույքի տուն էլ մի՛ մտիր` նրանց հետ նստելու, ուտելու և խմելու համար»։ «Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահա, Ես այս վայրում կդադարեցնեմ ձեր աչքի առաջ և ձեր օրերում ցնծության ձայնը և ուրախության ձայնը, փեսայի ձայնը և հարսի ձայնը»»։ (Սինոդակ. թարգմ.)
   
    Բանաձևը, որն այստեղ ծառայում է որպես հետագայում տրվող աստվածային հայտնությունների նախաբան, զարմացնում է իր պարզությամբ, հատկապես եթե այն համեմատում ենք այն հանգամանքների հետ, որոնք համապատասխան դեպքերում դիտվում են Եսայի (գլուխ. 6)  և Եզեկիել մարգարեների (գլուխ. 1) մոտ։ Իր կանչվելու պատկերման մեջ այս ծայրահեղ զսպվածության բացատրությունը կարելի է տեսնել այն բանում, որ Երեմիայի մարգարեությունը հնագույն մարգարեությունից անցում է դեպի նորը: Հին մարգարեությունը, ըստ էության, չմերժեց թիկնոցի (կամ գուշակության. լրացումը` թարգմանչի) հետ ունեցած որոշ կապեր: Այնպիսի հզոր բնություններ, ինչպիսիք էին Եղիան, Ամոսը, Եսայիան, Միքիան, որոնք իրենց բարձրագույն առաքելության գիտակցության մեջ, մղվելով Աստծո Հոգուց, որպես քաջ մարտիկներ, շտապեցին աշխարհ, կարող էին, իհարկե,  կոչվել աստվածային Հոգու կողմից  «պարուրված», այս բառի լավագույն և ազնվական իմաստով։ Բայց Երեմիան, թեև հստակ հասկանում էր, որ պետք է բոլորի դեմ պայքարի, և որ ինքը ժամանակից առաջ նախասահմանված էր դրա համար, այնուամենայնիվ, այս հավիտենական նախասահմանվածությունը նրա վրա չի գործում որպես decretum absolutum: Նա աստվածային հոգով «պարուրված» չէ, սակայն Աստծո առաջ իրեն զգում է որպես մի անհատականություն, որն ունի իր ցանկությունները, խնդրանքները և կարիքները: Կարծես պայքար է ընթանում մարգարեի և Աստծո միջև. Երեմիան ձգտում է իրականացնել աստվածային որոշումները՝ հաճախ ինքն իր և իր անձնական համաձայնությունների և անհամաձայնությունների հետ պայքարելով։ Այնուհետև Երեմիան թերահավատորեն է վերաբերվում այն բանին, ինչը, կարելի է ասել, հին մարգարեների համար նրանց մարգարեական ինքնագիտակցության հիմնաքարն էր. դրանք տեսիլքները, հայտնություններն ու էքստատիկ վիճակներն էին, որոնք, նրա համոզմամբ, ոմանց մոտ զուտ սուբյեկտիվ ծագում ունեցող երևույթներ էին, ինքնախաբեություն և ամենևին էլ աստվածային ոգեշնչման նշան չէին: Իհարկե, իր ներսում մարգարեն կարողանում էր տարբերակել իր մտքերը և Աստծուց եկած հայտնությունները (տե՛ս XLII. 7), բայց նա դեռևս կարևորություն չէր տալիս այս տեսիլքների նկարագրությանը, որոնց վրա նաև կեղծ մարգարեներն էին դնում Աստծո  անունից քարոզելու իրենց իրավունքի հիմքը:

---------------------------------------

[1](Էջմիածին թարգմ.) - ասում է Տէր Աստուածն Իսրայէլի:

(Արարատ թարգմ.) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

 (Գրաբար) Տէրը խոսեց ինձ հետ ասելով՝