Մանուկ վարդապետի ժամանումով վանքում նոր մթնոլորտ էր ստեղծվել: Մանուկը թեև հասկանալի պատճառներով շատ դյուրահաղորդ մեկը չէր, բայց նրա շուքն իսկ բավարար էր` ներշնչելու վանքի բոլոր բնակիչներին: Պատերազմի մասին նրա «մարգարեությունը», որ անմիջապես չպիտի սկսվեր, և այս տարի ավելի վաղ պիտի ձյուն գար, արդեն սառը ջուր էր թափել մտահոգությունների կրակի վրա: Ժամերով շրջում էր պարիսպների վրա և դիտում էր հեռուները:
– Լեռները շա՞տ ես կարոտում, հա՛յր սուրբ,– հարցրեց Գրիգորը:
Չորս ամրդոլցի վարդապետներ եկել էին նրան միանալու և նրա հետ ճեմելու:
– Ո՛չ,– ասաց Մանուկ վարդապետը,– ես Աստծուն եմ կարոտում: Լեռները պարզապես նրա հիշատակներով լեցուն են:
Հանկարծ կարծես թե մի բան հիշեց, դարձավ Գրիգորին ու հարցրեց.
– Վարդանի խաչն ի՞նչ եղավ, Գրիգո՛ր ջան:
– Մեռնելուց առաջ ինձ թողեց, և այն սենյակիս դրամարկղի մեջ եմ պահում` որպես կյանքիս ամենաթանկագին հարստությունը: Իր հրաշագործությունը քանիցս արդեն փաստել է:
– Նրան ուշադի՛ր եղիր, իր բուն գործը դեռ չի կատարել: Անանուն Սուրբի մասունքը և Վարդանի աղոթքն ու արցունքները նրան մեծ զորություն են փոխանցում, որ երբ ժամանակը գա, պիտի գործածվի մեր ազգի ճակատագիրը
փոխելու համար:
– Հա՛յր սուրբ, ի՞նչ գիտես այդ խաչի մասին, Վարդանը, դժբախտաբար, մեզ բան չպատմեց: Այդ օրը, երբ Անանուն Սուրբի քարայրն այցելեցինք, գերեզմանը բացելուց հետո նրա ներկայությունը մեզ վանեց քարայրից, իսկ Վարդանը երեք ժամից ավելի նրա հետ այնտեղ էր: Ի՞նչ խոսեցին, ի՞նչ պատահեց, որ Վարդանը սկսեց այդ խաչը շինել: Թերևս Վարդանը դրա մասին քեզ պատմել է:
– Չեմ կարող ասել, դեռ շատ վաղ է, բայց երբ ժամանակը գա, կիմանաք:
– Ինչպե՞ս, ե՞րբ,– մեծապես հուզված հետամտեց Գրիգորը:
– Երբ խաչն ինքնաբերաբար սկսի շարժվել: Ահա՛, այսքանը միայն, ավելին չեմ կարող պատմել,– Մանուկն իր մեջ քը նրանց դարձրեց և վերստին սկսեց դիտել հեռուները:
Գրիգորը նրա պատգամը ստացավ. խոսակցությունն արդեն ավարտվել էր, և հնարավոր չէր այդ նյութի շուրջ ավելի բան զրուցել: Գրիգորը մի վերջին փորձ կատարեց` թեման փոխե- լով ու Մանուկ վարդապետին աղերսագին պաղատելով.
– Գիտենք, որ բոլորին չէ, բայց մեզ էլ չես պատմելո՞ւ, հա՛յր սուրբ, քո մենակեցության մասին, թե տասնհինգ տարի ինչ արեցիր, և Վարդանն ինչպես կրթեց քեզ այդ կյանքի համար: Դու էլ մեր վարդապետն ես, իսկ մենք` քո աշակերտները: Քեզանից հաց ենք խնդրում, մեզ քա՞ր պիտի տաս, հա՛յր սուրբ:
– Շատ լավ, Գրիգո՛ր ջան, փոքրիկ խումբ ընտրիր, ում դու արժանի ես համարում, մի օր այդ ամենի մասին կպատմեմ:
– Մեծապես ուրախացրիր մեզ, հա՛յր սուրբ: Չգիտես, թե որքան խառն ժամանակներով ենք անցնում: Բոլոր արժեքները խառնաշփոթ են դարձել, և վանական դառնալը շատ բարդ իրականության է վերածվել: Նոր սերնդի մտքում այլևս հստակ չեն այն գծերը, որ վանականն առանձնացնում է քահանայից, նույնիսկ` աշխարհականից: Միաբաններն ու աշակերտները վիճաբանում են վանականի դերի շուրջ, և ավանդական հասկացողությունը հետզհետե տեղի է տալիս դարի պահանջներին: Մեծագույն վիճաբանությունն այժմ այն է, թե մեր ժողովրդի կարիքների՞ն պիտի հասնենք, թե՞ վանքից չպիտի բաժանվենք ու վանական ավանդություններից զիջում չպիտի կատարենք: Դու էլ մեզ նման վանական ես և ապրում ես այն: Ի՞նչ է վանքը, և ո՞վ՝ վանականը:
– Ըստ Վարդան վարդապետի` վանականի գոյության պատճառը Տեր Հիսուսի մի խոսքի մեջ է ամփոփված. «Կա- տարյա՛լ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ»: Ահա այս է սրբության չափանիշը, որին վանականը միշտ ձգտելու է այնպես, ինչպես արծիվն է դեպի արևը ճախրում ու այդ բարձունքներից դիտում աշխարհը, կյանքը, դեպքերն ու դեմքերը: Վանականը շատ շրջելու և մարդկանց օգտակար լինելու համար նրանց մոտ գնալու կարիքը չունի, ինչպես քահանաներն են անում: Ըստ Վարդանի համեմատության` «Վանքը մի փեթակ է, իսկ վանականը` մեղու, որտեղ նա շինում է երկնքի մեղրը` աղոթքի, խոկման, ճգնության և գիտության ծաղիկներից քաղված: Հաճախորդները երբեք չեն պակասում, այլ միշտ հետամուտ են նրանց բուժարար մեղրին»:
– Այդ իդեալը Վարդանի կամ քեզ համար ճիշտ էր, բայց մեզ համար այլևս բավարար չէ, ավելի ճիշտ` իրապաշտ չէ, երբ ազգին շահագրգռող այսքան մարտահրավերներ կան Հայ Եկեղեցու առջև, օրինակ` այս պատերազմը: Ինչպե՞ս չմտա- հոգվել, երբ մեր խեղճ ժողովուրդը ո՛չ պետություն ունի, ո՛չ բանակ, ո՛չ ուսուցիչ, ո՛չ քարոզիչ, ո՛չ էլ առաջնորդ բացի վանականներից, ովքեր, սակայն, մեծ շփոթմունքի մեջ են այս օրերին. նրանք պատրաստ չեն բավարարելու այդ պահանջները, որովհետև պատրաստված չեն այդ գործերի համար:
– Ես չէի կարծում, որ խնդիրն այսքան սուր բնույթ է ստացել: Մենք էլ էինք խոսում այս խնդիրների շուրջ, բայց վանական իդեալը շատ հստակ էր մեզ համար:
Տասնհինգ տարի աշխարհից խզված մեկի համար հեշտ չէր ըմբռնել վանքերի ապրած ճգնաժամը: Հետևաբար չորս վարդապետներ սկսեցին իրենց նախկին վարդապետին դասախոսություն կարդալ` նրան լուսաբանելու հայ վանականության ներկա վիճակը:
Հայոց վանքերի պայմանները ստիպում էին, որ վանականներն ավելի շատ շփում ունենային արտաքին աշխարհի հետ` այլ անհրաժեշտ պարտականություններ ևս ստանձնելով, որ երբեմն հարիր չէին նրանց ավանդական վանական կոչմանը: «Մեղուները» հաճախ ստիպված էին թողնել իրենց փեթակը և թռչել դեպի գյուղեր ու քաղաքներ, որտեղ առանձին հնարավոր էր մի կաթիլ մեղր արտադրել: Հարյուրավոր տարիներ հայերն ապրել են առանց վայելելու հայ պետականության հովանավորությունը, և հազար ու մեկ դժվարությամբ են իսլամական պետությունների լծի տակ շարունակել գոյատևել: Միմիայն Առաքելական Եկեղեցին էր մնացել` որպես ազգային միությունն ապահովող կրոնաքաղաքական կառույց, համահայկական միակ հաստատությունը, որ ստիպված էր ստանձնել ազգին առաջնորդելու դերակատարությունը: Եկեղեցին էր ազգային-կրոնական մշակույթն առաջ տանողը, հայ քրիստոնյայի ինքնագիտակցությունը պահպանողը:
Ահա վանքերն էին այս բոլորը կազմակերպող հավատքի օրրանները, որոնք հայկական գրի ու գրականության, պատմության ու մշակույթի կենդանի կամուրջներ էին: Ամուսնացյալ քահանաների անբավարար կրթությունը նրանց
գործունեությունը սահմանափակում էր միայն ծիսակատարությամբ:
Սակայն վանականների թիվն ու կոչումը հարմար չէին բավարարելու այս ժամանակների պահանջը, հատկապես ընդդիմանալու կաթոլիկյան և իսլամական քորոզչությանը: Հետևաբար տասնութերորդ դարի հայկական վանքերում մի նոր շարժում սկսվեց` ժողովրդի կրոնական և ազգային պահանջներին պատասխանելու: Հոգևորին զուգահեռ վանականներից ձևավորվեցին ազգային գործիչներ, ովքեր ազգի զարգացման ու պահպանման համար սկսեցին լեռներից ներքև իջնել` ծառայելու որպես հոգևոր առաջնորդներ ու լուսավորիչներ: Սակայն չգիտեին, թե ինչպես պիտի իրագործեին այդ նպատակները` հարազատ մնալով նաև վանա- կանի իրենց կոչմանն ու տիպարին: Ցայտուն ձևով երկու բաժանումներ էին նշմարելի: Ավանդաբար երեց հոգևորականները չէին ուզում վանական կյանքի փոփոխություն և հակառակ էին ժողովրդի հետ շփման առիթները շատացնելու ջանքերին: Վանքից հաճախակի հեռանալու գաղափարն անվանում էին «սատանայի փորձություն»: Աշխարհականացման ձգտումը «ժողովրդին օգտակար լինելու վսեմ նպատակով քողարկված գայթակղություն» էր, որ, ի վերջո, հոգեսպան արդյունքներ պիտի ծներ:
Իսկ երիտասարդ վանականներն ու աշակերտները նոր բաներ անելու ցանկությամբ էին եռում, երբ իրենց անպաշտպան ժողովրդի հետ կատարված տխուր լուրերն էին լսում: Սուրբ Կարապետը գտնվում էր Հայոց աշխարհի ճիշտ կենտրոնում, և աշխարհի բոլոր անկյուններից ուխտավորներ էին գալիս և իրենց գաղութներից ու երկրներից լուրեր էին բերում: Հետևաբար, թեև իրենց վանքում կամավոր բանտարկյալներ՝ վանականները բավականին լավ էին տեղեկացված իրենց շուրջը կատարվող անցուդարձերին ու քաղաքական խմորումներին: Զրույցի ու վիճաբանության անփոփոխ նյութերն էին կաթոլիկական շարժումը, Արևմուտքի գիտական զարգացումները, իսլամական լծի ծանրությունը, գյուղացու ապրած ճգնաժամը, դատարկված ավաններն ու արտագաղթը, Պարսկական կայսրության տկարությունը և Ռուսաստանի հզորացումը և այլն:
Երիտասարդներն անիմաստ էին համարում այսքան մարտահրավերների առաջ միայն վանական կյանքով բավարարվելը: Վանքից քաղաք մեկնող միաբանների թիվը հետզհետե ավելանում էր: Որևէ քաղաքի եպիսկոպոսից հանձնարարական նամակ կամ մի մեծահարուստի բարեխոսություն էին ապահովում, որպեսզի քարոզչի անհապաղ կարիքը գոհացնելու համար այնտեղ գնան: Կուսակրոնությունից հրաժարվող շատ աշակերտներ վերադառնում էին աշխարհ որպես քահանա կամ վարժապետ:
Ազգասիրությունը վանասիրությունից ավելի ծանր էր կշռում. սա շատ հստակ էր և շատ դժվար հոսանք դիմադրելու համար: Ուզում էին կաթոլիկ ճիզվիտների նման ժողովրդի մեջ գործել, Ավետարանը քարոզել, ժողովրդին գրել-կարդալ սովորեցնել, հայկական մշակույթն արծարծել և ազգային գիտակցություն արթնացնել, ոմանք էլ նույնիսկ զինյալ ապստամբության գաղափարներ էին գաղտնիորեն տարածում:
Սակայն շատ անգամ այս անպատրաստ գնացածները ձախողությամբ էին ավարտում իրենց առաքելությունը և այդպես արդարացնում էին ծերերի հակառակությունը: Մեկը կաթոլիկ էր դառնում` իր տեսածներից հրապուրվելով, երբ կաթոլիկ կղերի կամ համայնքի էր հանդիպում: Ուրիշը ծեծում էր օտար հպատակ կաթոլիկի ու բանտ էր նետվում: Ոմանք հուսախաբության էին մատնվում, երբ փորձում էին հայոց լեզուն կորցրած ժողովրդին մի քանի ամսում գրաբար հայերեն սովորեցնել: Կային նաև ուրիշներ, որ պետության դեմ ապստամբելու քարոզչությամբ դատապարտվելով` աշխատանքի էին ուղարկվել հանքեր: Նաև պակաս չէր սեռական գայթակղության ենթարկվողների և ամուսնանալով կարգը թողնողների թիվը: Այսպիսով, վանականների նպատակը լավ էր, բայց այդ նպատակի համար նրանք պատրաստված չէին:
Երբ իրենց դասախոսությունն ավարտեցին, վարդապետները Մանուկ վարդապետի աչքերում շփոթմունք և հարցական նշաններ էին ակնկալում տեսնել, բայց ճիշտ հակառակը. նրա ջինջ աչքերում հստակություն ու պայծառատեսություն տեսան:
– Վանքերը պետք է վանք մնան` առանց ուրիշ բաների հետ շփոթելու նրանց հազարամյա առաքելությունն ու ուղղությունը: Վանականությունը նետ է` ուղղված դեպի երկինք, և գիսակի նման անհամար հոգիներ է իր ետևից կախած տանում` ձգտելով արեգակին հասնելու: Վանականի կոչումն աշխարհը փրկելը չէ, այլ նա ինքն է փախուստի մեջ աշխարհից հանուն իր հոգու փրկության: Նա, Իսրայելի ժողովրդի նման Եգիպտոսից փախչելով, անապատում առաջ ընթացող մի ստրուկ է` փարավոնի հետապնդումներից հազիվ փրկված: Նա այլևս Եգիպտոս վերադառնալու միտք չունի, նրա քայլերն ուղղված են որոնելու մի այլ երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում: Այս կոչումը բոլոր քրիստոնյաներին չի պատկանում, բայց նրանք, ովքեր ունեն վանականի այս կոչումը և ճամփա են ընկել մեզ նման, պետք է մինչև վերջ հետևողական լինեն:
– Իսկ Հայոց աշխարհը սպասում է իր Մովսեսներին` դեպի փրկություն առաջնորդվելու: Վանականներից բացի ուրիշ ովքե՞ր կան աշխարհ գնացող:
– Պետք է հիմնել տարբեր կառույցներ և այնտեղ պատրաստել նպատակահարմար եկեղեցականներ: Ուստի պետք է քաղաքներում կամ դրանց մոտակայքում հիմնել վանքանման ուսման կենտրոններ՝ դպրեվանքեր կամ ճեմարաններ, որտեղ ըստ ժողովրդի կարիքի պետք է քարոզիչներ, մտավորականներ և ուսյալ եկեղեցականներ պատրաստվեն:
Վարդանը շատ լավ էր հասկացել, որ վանքերը հարմար չեն ժողովրդի մեջ զանգվածային արթնություն ապահովելու համար: Վանքերն այդ նպատակի համար չեն կաղապարվել ու կազմակերպվել: Վարդանը, ճգնողական ու մենակյաց կյանքի ախոյան լինելով հանդերձ, իր աշակերտներին պատրաստում էր իր գտնված բարձունքից ավելի ցածր մակարդակի համար: Ամրդոլի վանքը համալսարանի վերածելով` նա աշխարհից տեղյակ տարբեր վանականներ էր պատրաստում, «միջնորդ» վանականներ, ովքեր միշտ նրա կողմից քաջալերվում էին ներքև իջնելու և այնտեղ լուսավորություն տալու, աշխարհին «լույս և աղ» լինելով` տգիտության խավարը փարատելու: Վարդանը մի անգամ պայծառատեսությամբ ինձ մարգարեացել էր, որ «վանքերը պիտի լուսավորեն քաղաքները, և վանականի սև սքեմը պիտի սպիտակեցնի ազգի երեսը»: Իր աշակերտների միջից պիտի ելնեին գահ բարձրացողներ նույնիսկ պատրիարքական կամ կաթողիկոսական աթոռների համար: Վարդանը պատրաստում էր այդ դիրքին հասնող և հասած ժամանակ փոփոխություն կատարող «առաքյալներ»: Ահա իր մարգարեություններից մեկն եմ ձեզ փոխանցում: Արդյոք ձեզանից ովքե՞ր պիտի հասնեն այդ դիրքերին: Նայեցե՛ք, Գրիգոր վարդապետը մեծագույն վանքի վանահայրն է արդեն դարձել:
Մանուկ վարդապետը՝ կենդանի մի հրաշք, արդեն ամեն մարդու ուշադրության կենտրոնն էր բնականաբար դարձել: Բոլորը փափագում էին նրան տեսնել, նրա հետ խոսել ու մտերմանալ, բայց Մանուկ վարդապետը համամիտ չէր նրանց այս ցանկությանը: Գրիգորը լավ գիտեր, որ եթե շատ անհանգստություն պատճառեին առանձնության սիրահար այս սուրբին, անմիջապես վանքից կհեռանար: Հետևաբար նրա սենյակը փոխեց` ապահովելով նրա առանձնությունը, և խստիվ արգելեց ուրիշներին առանց իր արտոնության Մանուկ վարդապետին այցելել: Սակայն ամեն օր մեկին ուղարկում էր նրա խրատները լսելու: Զորօրինակ, վանքի մեծ բարերարներից մեկը տարվա մեջ երկու շաբաթ վանքում էր անցկացնում` աղոթքի և խորհրդածության նվիրվելով: Նա Մանուկի հետ զրուցելու արտոնվածներից մեկն էր:
– Չար մտածումներից չեմ կարողանում ազատվել, հա՛յր սուրբ: Անցյալի մեղքերս ինձ անդադար տանջում են:
– Եթե սերմեր ցանես թաղարի մեջ ու վրան հաստ գորգով ծածկես, և երբ այսպես երբեք արևի երես չտեսնեն, սերմերն ի՞նչ կլինեն:
– Եթե արև չտեսնեն, ցանված բոլոր սերմերը, նույնիսկ ծաղկած բույսերը փտելով կփչանան:
– Ահա, արևը քո ուշադրությունն է, իսկ սերմերը՝ քո մեղավոր մտածումները, անցյալի մեղքերը կամ մեղքերիդ հիշատակները, որոնք քո գլխի թաղարի մեջ են ցանված: Եթե նրանք քո ուշադրությանը չեն արժանանում, կամաց-կամաց փտում և ինքնաբերաբար ոչնչանում են: Սակայն այն հավատացյալները, ովքեր տխմարաբար իրենց ուշադրությամբ վերակենդանացնում և հուզումներով կրկին ու կրկին ջրում են իրենց այն մեղքերը, որոնք Աստված ներել և վաղուցվանից մոռացել է, հետո տառապում են իրենց հին մեղքերի փշերից խայթվելով ու խոցվելով: Ձեր միտք մուտք գործած բոլոր իժերն ու կարիճները հավաքե՛ք ու ձեր մտքի փոսը գցե՛ք, վրան էլ մոռացության հաստ կափարիչով ծածկե՛ք, թող իրար ուտեն այնտեղ: Հավատացե՛ք ինձ, նրանց կրկին դուրս ելնելու միակ չվանը ձեր ուշադրությունն է և ձեր անուշադրությունը, երբ փորձեք կափարիչը վերցնել ու ներս նայել` իմանալու, թե արդյոք նրանք ինչ եղան այնտեղ:
– Շատ եմ ամաչում, բայց պիտի քեզ խոստովանեմ, որ միայն մեղքերս չեն, այլ ամեն տեսակ հայհոյանքներ ու պիղծ մտածումներ են միտքս լցվում սուրբերի, նույնիսկ Աստծո դեմ, երբ աղոթում եմ, երբ Սուրբ Գիրք եմ կարդում, նույնիսկ եկեղեցում. կարծես դժոխքի բոլոր պղծությունները հարձակվում են ինձ վրա ու տանջում են ինձ,– խեղճ մարդը ծնկեց, Մանուկ վարդապետի ոտքերը համբուրեց և արտասուքով աղաչեց:
– Կարո՞ղ ես օգնել ինձ` անիծյալ արարածիս:
– Ոտքի՛ ելիր ու նստի՛ր: Ուշադիր ի՛նձ լսիր: Այս խնդիրն արտասվելով չի լուծվում, այլ մտքի աշխատանքը հասկանալով: Երբ տանդ մեջ քնած ես, կեսգիշերին հարբած սրիկաներ փողոցում բարձրաձայն հայհոյում են՝ քունդ և խաղաղությունդ խանգարելով, ի՞նչ ես անում, իջնում ես ներքև և դո՞ւ էլ ես հայհոյում ու նրանց հետ կռվում:
– Ո՛չ, հավանաբար սպասում եմ, մինչև տանս առջևից հեռանան: Նրանք արդեն կռիվ են փնտրում և զինված պատրաստ են` հարվածելու իրենց դեմ կանգնողներին:
– Իսկ պատասխանատվություն և խղճի խայթ զգո՞ւմ ես այն բանի համար, որ լսեցիր նրանց հայհոյանքները:
– Իհարկե ոչ, իմ կամքից անկախ հայհոյանքները լսելու պատճառով ես ինչպե՞ս կարող եմ պատասխանատու նկատվել:
– Ուրեմն դու լավ ես ըմբռնում այն իրականությունը, որ ականջներիդ եկող ոչ մի աղմուկի համար դու պատասխանատու չես, ինչպես նաև դրանց պատճառով հաճախ անհանգստանում ես և համբերությամբ սպասում, որ դրանք վերանան և անհետանան: Սակայն և այնպես պարզ է, որ չգիտես, թե ինչպես ականջներիդ, այնպես էլ մտքիդ մեջ պատահած բոլոր աղմուկների ու հայհոյանքների համար դու պատասխանատու չես: Մեր միտքը փոքրիկ տուն է ընդարձակ մտքի աշխարհում: Այնտեղ ի՜նչ աղմուկներ, հայհոյանքներ ու պղծություններ կան, որ անցնում են մեր մտքի պատուհանի առջևով, որպեսզի մենք էլ դուրս ելնենք ու նրանց հետ կռվենք: Դո՛ւ չես հայհոյողը, այլ դևերն են: Նրանք են աշխարհն իրենց հայհոյանքներով լցրել: Քո մտքում են արձագանքում, բայց քեզ չեն պատկանում, այլապես այսքան անհանգիստ չէիր լինի: Սակայն չկարծես, թե դևերը միայն հայհոյանքներ ունեն: Երբ ականջ չենք դարձնում նրանց պղծություններին, նրանք նաև զգլխիչ երաժշտություն, գույնզգույն տեսիլքներ, անիմանալի քաղաքներ, գաղտնիքներ և խորիմաստ հանելուկներ ունեն: Բոլորը մեզ դուրս հանելու համար է, որպեսզի նրանց խաղը խաղանք ու մոռանանք Աստծո հետ մեր գլխավոր խաղը` պահտվուքը:
– Իսկ այդ հայհոյանքներն ու պղծություններն Աստծուն չե՞ն վիրավորում ու բարկացնում:
– Շները լուսնի վրա են հաչում, և երեխան քամուն հակառակ է թքում:
– Ես մեծ ցավ եմ ապրում, որովհետև իմ մտքում են այս բոլորը պատահում:
– Անելու շատ բան չունես: Չպիտի դիմադրես նրանց և պիտի չհետաքրքրվես: Ուրիշ օգտակար բաների պիտի ուշադրությունդ ուղղես: Բոլոր պիղծ ձայներն իսպառ, անհետադարձ պիտի մարեն: Իսկ եթե աղոթքի պահին են անօրենները հարձակվում, այն ժամանակ մտքիդ մեջ ավելի ուժեղ աղմուկ ստեղծի՛ր, բոլոր պիղծ ձայները խեղդող սուրբ աղմուկ: Դու հավատացյալ ես և քո ներսում Աստծուն փառաբանող երգչախումբ ունես: Մասնակցի՛ր դրան և քո ձայնը խառնի՛ր հրեշտակների փառաբանությանը: Եթե լավ ուսումնասիրես մտքիդ աշխատելակերպը, կհասկանաս, որ հայհոյանքների պատճառով մտահոգվող միտքդ է, որ ակամա վերականչում է հայհոյանքի հիշատակները ու հետո դրանցից տանջվում է: Մարդը լուսավորված դեմքով, ուրախ հեռացավ և հաջորդ օրն իր տուն վերադարձավ: Գրիգոր վանահայրը հասկացավ, որ այդ տխուր հավատացյալն իր հարցերի պատասխանը գտել է: Դա հասկացավ նրա ուրախ երեսից և անշուշտ... վանքին թողած նրա առատաձեռն նվիրատվությունից:
Հաջորդ գլուխը՝
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: