Երկրորդումն Օրինաց գրքի մեկնություն 2։2

Ա. Լոպուխին

2-4․ «Տերն ինձ հետ խոսելով՝ ասաց.» «Բավական է ձեզ համար այս լեռան շուրջ պտտվելը, դարձեք դեպի հյուսիս»: [2] «Դուք ահա անցնում եք Սեիրում բնակվող ձեր եղբայրների՝ Եսավի որդիների սահմաններով: Նրանք ձեզանից պիտի վախենան»: (Սինոդական թարգ․)
   
   «Զգուշացեք պատերազմ սկսել» (տե՛ս 4-5 համարներ) ձեզ հարազատ Եդոմի, Մովաբի, Ամոնի ժողովուրդների հետ: Եթե հրեաները կատարեին այս խորհուրդը, ապա Քանանում նրանց դիրքերը շատ ամուր կլինեին: Հյուսիսից պաշտպանված լինելով Լիբանանով և Անդրլիբանանով ու շատ հեշտությամբ պաշտպանվող Եմաթի անցուղիով, հարավից՝ ժայռապատ լեռնաշղթաների բավականին դժվարանցանելի կիրճերով, արևելքից՝ անապատով և Մեռյալ ծովով, արևմուտքից՝ Միջերկրական ծովով, նրանք միևնույն ժամանակ նաև երեք առաջապահ ամուր հենակետ կունենային՝ եդոմայեցիներին Քանանի հարավ-արևելքում, մովաբացիներին՝ Մեռյալ ծովից դեպի արևելք և ամորհացիներին՝ Հորդանան գետաբերանից դեպի արևելք:

   «Մենք Սեիրում բնակվող մեր եղբայրների՝ Եսավի որդիների կողքով Արաբիայի ճանապարհով անցանք եդոմից ու Գասիոնգաբերից, շրջվեցինք ու անցանք նաև Մովաբի անապատ տանող ճանապարհով»  (տե՛ս համար 8): Ընթերցի՛ր նաև Թվոց գրքի 21:4 համարը «Օր լեռից նրանք շարժվեցին դեպի Սև ծով»: Այսինքն՝ հրեաների ուղին ձգվում էր այն հարթավայրով, որը ձգվում է սևծովյան Աքաբ (Ելաֆ, Եցիոն-Գավեր) ծովածոցի հյուսիսային ծայրմասից դեպի հյուսիս-արևելք՝ Իդումեյական լեռների արևելյան լանջերին զուգահեռ, և որով մինչև օրս իրենց ճանապարհորդություններն են կատարում Մեքքայից Դամասկոս գնացող քարավանները:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Տէրն ինձ ասաց. «Բաւական է որքան պտտուեցիք լերան շուրջը: Այժմ ուղղութիւն վերցրէ՛ք դէպի հիւսիս:
(Արարատ թարգ․ 2։2-3) Տերը խոսեց ինձ հետ և ասաց. “Բավական է, ինչքան պտտվեցիք այդ լեռան շուրջը։ Դարձե՛ք դեպի հյուսիս։
(Գրաբար 2։2-3) Եւ ասէ ցիս Տէր. Շատ լիցի ձեզ պատել զլերամբդ. արդ` դարձարուք ընդ կողմ հիւսւսոյ: