Զաքարիայի մարգարեության մեկնություն 8։21

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Եվ մի քաղաքի բնակիչները պիտի գնան մյուս քաղաքի բնակիչների մոտ և ասեն. «Գնա՛նք և աղոթենք Տիրոջ առաջ ու փնտրենք Զորությունների Տիրոջը», և յուրաքանչյուրը պիտի ասի. «Ես ևս կգամ»»։ (Սինոդական թարգմ.)[21]
   
   Թեև մարգարեն, ընդհանուր առմամբ համաձայն լինելով Հին Կտակարանի այն պատկերացման հետ, ըստ որի ժամանակավոր կյանքի բարօրությունը համապատասխանում է բարեպաշտությանը, ասում է․ « ․․․ցանքսը պիտի լինի խաղաղության մեջ. որթատունկը պիտի տա իր պտուղը, և երկիրը պիտի տա իր բերքը, և երկինքը պիտի տա իր ցողը, և այս ամենը Ես պիտի ժառանգության տամ այս ժողովրդի մնացորդին» (տե՛ս 12−րդ համար, նաև Զաք. 3:10), սակայն իր խոստումների և խրատների վերջում, որոնք տրվում են պահեցողությունների դադարեցման վերաբերյալ հարցի լուծման կապակցությամբ, մարգարեն խոսում է վերին, հոգևոր բարիքների` հեթանոսների մեջ ճշմարիտ աստվածճանաչողության և աստվածապաշտության տարածման մասին։ Սա պիտի լիներ հրեաների միջոցով` որպես նրանց՝ պատվիրանների կատարման ճանապարհին լիակատար դարձի արդյունք: Մի ժամանակ ցրված և կրկին իրենց երկրում հավաքված ժողովրդի մոտ բոլոր տեղերից պիտի հավաքվեն տարբեր ազգերի ներկայացուցիչներ, իսկ հեթանոս քաղաքների բնակիչները պիտի կանչեն միմյանց դեպի սուրբ քաղաքը՝ Տիրոջ առաջ աղոթելու համար: Հեթանոսները պիտի ունենան հրեաների`որպես Աստծուն մոտ կանգնած ժողովրդի առաջնորդության և միջնորդության կարիքը. մեկ հրեա պիտի առաջնորդի տասը հեթանոսի: Որպես ամբողջ աշխարհի Արարիչ` Տեր Աստված պիտի լինի բոլոր ազգերի Տերն ու Աստվածը, սակայն հինկտակարանյան ժամանակաշրջանում Նա գլխավորապես միայն Իսրայելի ժողովրդի Աստվածն է, և միայն նրա միջոցով է ճշմարիտ աստվածճանաչողությունը դառնում համընդհանուր: Այն միտքը, որ հեթանոսները ևս նախասահմանված են Աստծու կողմից հաստատված Թագավորություն մտնելու համար, լիակատար պարզություն է ստանում միայն մարգարեների մոտ (Oehler G.F. Commentationumad theologiam biblicam pertinentium. Stuttgartiae, 1846. P. 216, 217):

--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Չորրորդ ամսի պահեցողութիւնը, հինգերորդի պահեցողութիւնը, եօթներորդի պահեցողութիւնը, տասներորդի պահեցողութիւնը խնդութեան, ուրախութեան եւ բարութեան տօներ պիտի դառնան Յուդայի տան համար, բայց դուք ուրա՛խ եղէք եւ սիրեցէ՛ք ճշմարտութիւնն ու խաղաղութիւնը»:
(Արարատ թարգ․) «Այսպես է ասում Զորքերի Տերը. Չորրորդ ամսի ծոմը և հինգերորդի ծոմը և յոթերորդի ծոմը և տասներորդի ծոմը Հուդայի տան համար ցնծություն և ուրախություն և խնդալից տոնախմբություններ պիտի դառնան, ուստի ճշմարտությունն ու խաղաղությո՛ւնը սիրեք»։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր ամենակալ. Պահքն չորրորդք՝ եւ պահքն հինգերորդք պահքն եւթներորդք՝ եւ պահքն տասներորդք, եղիցին տանդ Յուդայ ի խնդութիւն եւ յուրախութիւն եւ ի տաւնս բարութեանց. եւ ուրախ լիջիք, եւ զճշմարտութիւն եւ զխաղաղութիւն սիրեցէք։