Օրհնյալ է մեր Տեր Հիսուս Քրիստոսը. ամեն:
Հայր մեր, որ երկնքում ես…
Քահ. – Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը հավիտյան, քանի որ արևից էլ ավելի առաջ է եղել Նրա անունը:
(Աշակ.) Սրկ. – Երկրի բոլոր ազգերը պիտի օրհնաբանեն Նրան, և բոլոր ազգատոհմերը երանի պիտի տան Նրան:
Օրհնյալ է Իսրայելի Տեր Աստված, Որ միայն Ինքն է սքանչելիքներ գործում, և հավիտյան օրհնյալ է Նրա փառքի սուրբ անունը, թող Նրա փառքով լցվի ողջ երկիրը. թող լինի, թող լինի:
Քահ. - Փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն:
Սրկ. - Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Նաև խաղաղության համար Տիրոջն աղաչենք, ընդունի՛ր, պահի՛ր և ողորմի՛ր:
Քահ. - Օրհնությո˜ւն և փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Արևագալի երգ
Դպր. - Արևելքից մինչև արևմուտք, հյուսիսում և հարավում բոլոր ազգեր և ցեղեր, նոր օրհնությամբ օրհնեցե՛ք արարածների Արարչին, Որն այսօր արեգակի լույսը ծագեցրեց աշխարհում:
Արդարների Եկեղեցինե´ր, Ամենասուրբ Երրորդության փառաբանիչնե՛ր, այս լուսաբեր առավոտյան Հոր և Հոգու հետ գովեցե՛ք խաղաղության Առավոտին՝ Քրիստոսին, Որն Իր գիտության լույսը ծագեցրեց մեզ վրա:
Հորդորակ
Արևելքից մինչև արևմուտք, Սիոնի՛ մանուկներ, միշտ, անդադար բարեբանե՛ք լույսը Ծագեցնողին:
Արդարների´ Եկեղեցիներ և փառաբանիչնե՛ր, օրհնաբանե՛ք Նրան, Ով սահմանեց լույսի իմաստը:
Քարոզ
Արևելքից մինչև արևմուտք՝ քրիստոնյա բոլոր վայրերում, որտեղ սրբությամբ կանչում են Քո անունը, Տե՛ր, նրանց աղոթքով և բարեխոսությամբ ողորմի´ր մեզ։ Ուխտ անենք և աղաչենք Աստծուն, որ Նա փրկի մեզ մեղքերից և աշխարհային ցանկություններից: Թող որ Նա ընդունի մեր ուխտը և մեր սրտի խնդրածներն ու մեզ արժանի դարձնի Իր հավատքին և պատվիրաններին Իր բոլոր սուրբերի հետ. ամենակալ Տեր Աստված մեր, ապրեցրո´ւ մեզ և ողորմի´ր։
Լուսաբեր առավոտը և առաջիկա օրը խաղաղությամբ անցկացնելու համար հավատով Տիրոջից խնդրենք:
Շնորհի՛ր, Տե՛ր:
Խաղաղության հրեշտակին մեր անձերին պահապան Տիրոջից խնդրենք:
Շնորհի՛ր, Տե՛ր:
Մեր հանցանքներին քավություն և թողություն Տիրոջից խնդրենք:
Շնորհի՛ր, Տե՛ր:
Սուրբ Խաչի մեծ և կարող զորությունը՝ իբրև մեր անձերին օգնություն, Տիրոջից խնդրենք:
Շնորհի՛ր, Տե՛ր:
Եվ նաև միաբան մեր սուրբ և ճշմարիտ հավատի համար Տիրոջն աղաչենք:
Տե՛ր, ողորմի՛ր:
Մեր անձերը և միմյանց Ամենակալ Տեր Աստծուն հանձնենք:
Տե՛ր, Քեզ ենք հանձնում մեր անձերը:
Ողորմի՛ր մեզ, Տեր Աստվա´ծ մեր, Քո մեծ ողորմության համաձայն, ասենք բոլորս միաբանությամբ:
Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:
Աղոթք
Արևելքից մինչև արևմուտք օրհնյալ ես, Տե՛ր, որովհետև քաղցր Թագավոր ես և Քո Անունն ահեղ է ողջ տիեզերքում: Թող քաղցրանան մեր սաղմոսերգությունները Քո առջև, Քո արդարությունից թող իրավունք գա մեր տկարության վրա ու թող փառավորվի Քո ամենասուրբ Անունը: Եվ մենք արժանի լինենք մնալու Քո պատվիրանի մեջ և Քո օրհնությունն ու փառքը երգելու` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Խաղաղություն ամենքին
Աստծուն երկրպագենք
Աստվա՛ծ մշտնջենավոր, Աստվա՛ծ հավիտենական, որ որպես լույս ծագեցիր այս խավար աշխարհում և լուսավորեցիր մեզ մեր խավարային մեղքերից: Դու մեզ համար չափավորության մեջ մտար, անչա՛փդ Աստված, և հեղելով` Քո արարածների վրա սփռեցիր Սուրբ Հոգուդ շնորհները: Այժմ և հավիտենական ժամանակներում բարեբանված ես, ամենամե´ծդ Աստված, Հոր և Ամենասուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
«Աղաղակեցէ՛ք» [ՂԹ] Սաղմոս
Փա՜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Երգ
Աստծո ճգնավորնե՛ր և Երկնքի արքայության ժառանգորդնե՛ր, որ անցավոր բարիքները փոխանակելով` անանց բարիքներ ստացաք, Տիրոջ առաջ բարեխոսե՛ք Եկեղեցու մանուկների համար:
Պանծալի՛ նահատակներ և Երկնավոր Հոր սիրելինե՛ր, որ ձեր արյամբ մկրտվեցիք Քրիստոսի հետ` Խաչի մահով, Տիրոջ առաջ բարեխոսե՛ք Եկեղեցու մանուկների համար:
Ցանկալի՛ մարտիրոսներ և Ճշմարիտ [Սուրբ] Հոգու օթևաննե՛ր, որ հոգով հաղթեցիք կարիքներին ու ցանկություններին, Տիրոջ առաջ բարեխոսե՛ք Եկեղեցու մանուկների համար:
Աշխարհի գովելինե՛ր և վերին պետությունների համար բաղձալինե՛ր, որ մարդկանց բոլոր որդիներից առավել մեծ երանության արժանացաք, Տիրոջ առաջ բարեխոսե՛ք Եկեղեցու մանուկների համար:
Կամավո՛ր զոհեր, հասակավո´ր մանուկներ և իմաստությամբ կատարյալնե´ր, որ կաթի փոխարեն զմայլեցնող գինին ըմպեցիք, Տիրոջ առաջ բարեխոսե՛ք Եկեղեցու մանուկների համար:
Հորդորակ
Ճշմարի՛տ ճգնավորներ, Քրիստոսի՛ վկաներ, Տիրոջ առաջ բարեխոսե՛ք մեր անձերի համար:
Կենդանի՛ նահատակներ, Քրիստոսի՛ն սիրողներ, որ մարմնով չարչարվեցիք Տիրոջ անվան համար:
Ցանկալի՛ մարտիրոսներ, մարդկանց համար բաղձալինե´ր, Սուրբ Հոգուց հայցե՛ք մեզ բարիքներ պարգևել:
Վերին դասերի կողմից գովելինե´ր, աշխարհի´ պարծանքներ, խնդրեք խաղաղությո´ւն շնորհել Եկեղեցուն:
Կամավոր սո´ւրբ զոհեր, հասակավո´ր մանուկներ, հայցե՛ք, որ մենք էլ ձեզ պսակակից լինենք:
Մաղթանք
Աղաչում ենք, ողորմի՛ր, բարերա՛ր Տեր, աղաչում ենք, ողորմի՛ր, սուրբ ճգնավորների աղոթքների շնորհիվ, աղաչում ենք, ողորմի՛ր:
Քարոզ
Տիրոջն աղաչե´նք այն սուրբ ճգնավորների հետ, որոնք պարտության մատնեցին չարին, համբերեցին նեղություններին և արժանացան լուսեղեն ու երկնային անթառամ պսակներին:
Նրանց աղոթքներով և բարեխոսությամբ [Տերը] թող ողորմի մեզ:
Ամենակա՛լ Տեր Աստված մեր, ապրեցրո´ւ մեզ և ողորմի՛ր:
Աղոթք
Սուրբ ես, Տե՛ր, և սուրբերի մեջ ես բնակվում, ու մենք սուրբ վկաների հետ աղաչում ենք Քեզ` Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ և Քո բոլոր սուրբերի աղաչանքներով, մի՛ զրկիր մեզ Քո ողորմությունից, այլ նրանց աղոթքներով պահի՛ր մեզ, որովհետև Դու բազումողորմ Աստված ես, և Քեզ վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Սրկ. - Հիշի՛ր, Տե՛ր, Քո սպասավորներին, մեր ծնողներին, վարդապետներին, եղբայրներին, ընկերներին, կերակրողներին, ուխտավորներին, ճանապարհորդներին, հանգստացողներին, հոգնածներին, խոստովանողներին, ապաշխարողներին, գերիներին, հիվանդներին, նեղյալներին, իշխաններին, չարագործներին, բարեգործներին, թշնամիներին, ատելիներին, ինչպես նաև նրանց, ովքեր հավատով պատվիրեցին մեզ:
Հիշի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր:
Աղոթք
Բարերա՛ր և բազումողո՛րմ Աստված, Քո անմոռաց գիտությամբ և անբավ մարդասիրությամբ հիշի՛ր բոլոր Քեզ հավատացողներին և ողորմի՛ր ամենքին: Օգնի՛ր և փրկի՛ր յուրաքանչյուր վտանգից և փորձությունից: Արժանավորի՛ր գոհությամբ փառավորելու Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
«Աստուած Աստուած իմ» [ԿԲ] Սաղմոս
Արևագալի երգ
Լո´ւյս, լույսի Արարի´չ, առաջի´ն Լույս, որ անմատչելի լույսի մեջ ես բնակվում, Հա´յր երկնավոր` օրհնաբանված լուսեղեն դասերի կողմից, այս առավոտյան լույսը ծագելիս մեր հոգիներում ծագեցրո´ւ Քո հոգեղեն լույսը:
Լո´ւյս, Լույսից ծագած Արեգա´կ արդար, Հոր անճառելի Ծնունդ` Որդի, արևից էլ առաջ է գովաբանված Քո անունը` Հոր հետ միասին, այս առավոտյան լույսը ծագելիս մեր հոգիներում ծագեցրո´ւ Քո հոգեղեն լույսը:
Լո´ւյս, Հորից բխած բարության Աղբյո´ւր, Աստծո Սուրբ Հոգիդ, Եկեղեցու մանուկները հրեշտակների հետ բարեբանում են Քեզ, այս առավոտյան լույսը ծագելիս մեր հոգիներում ծագեցրո´ւ Քո հոգեղեն լույսը:
Եռյակ և մի անբաժանելի Լո´ւյս, Սուրբ Երրորդությո´ւն, երկնայինների հետ երկրածիններս միշտ փառաբանում ենք Քեզ, այս առավոտյան լույսը ծագելիս մեր հոգիներում ծագեցրո´ւ Քո հոգեղեն լույսը:
Հորդորակ
Անեղանելի Աստված, Հա´յր ամենակալ, ընդունի՛ր մեր՝ Քո սպասավորներիդ աղաչանքները:
Անճառելի ծագում Հորից, Արեգա´կ արդար, մեր հոգիներում ծագեցրո´ւ Քո ողորմության լույսը:
Հորից բխած Հոգի, բարության Աղբյո´ւր, Քո լույսով լցրո´ւ մեզ այս առավոտյան:
Երեք անձեր և մի բնություն, մի Աստվածություն. Քեզ խոստովանում ենք հավիտյան, Սուրբ Երրորդությո´ւն:
Մաղթանք
Քո լույսով, Քրիստո´ս, ամենքս լուսավորվեցինք, և Քո Սուրբ Խաչին, Փրկի´չ, հավատացյալներս ապավինեցինք: Լսի՛ր մեզ, մեր Փրկի´չ Աստված, տո՛ւր մեզ Քո խաղաղությունը և ցո´ւյց տուր մեզ Քո ողորմությունը, մարդասե´ր Տեր:
Քարոզ
Խաղաղության համար ևս Տիրոջն աղաչենք:
Փառավորենք Ամենակալ Աստծուն, Որն առավոտյան լույսը ծագեցրեց Իր արարածների վրա. այժմ նույնպես թող ծագեցնի Իր առատ ողորմությունն Իր Անունը փառաբանողների վրա:
Ամենակա՛լ Տեր Աստված մեր, ապրեցրո՛ւ և ողորմի՛ր:
Աղոթք
Ընդունի՛ր մեր առավոտյան աղոթքը և բանական պաշտամունքը, ամենակա՛լ, ամենամե՛ծդ Աստված, Քո անապական և երկնային խորաններում: Մեզ վրա ծագեցրո՛ւ Քո արդարության և իմաստության լույսը, մեզ լույսի և ցերեկվա որդինե´ր դարձրու, որպեսզի գալիք օրերին երկյուղածությամբ ապրենք մեր կյանքը և առանց գայթակղության մեջ ընկնելու վախճանվենք: Որովհետև Դու ես մեր Օգնականն ու Փրկիչը, և Քեզ վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
«Տէր հովուեսցէ զիս» [ԻԲ] Սաղմոս
Երգ
Ճանապա՛րհ, Ճշմարտությո՛ւն և Կյա՛նք` Քրիստո՛ս, առաջնորդի՛ր մեր հոգիներին` երկրից դեպի երկինք բարձրանալու համար:
Դեպի Կյանք մուտքի Դուռ` Հիսո՛ւս, մեզ էլ տա´ր Քո Հոր և [Սուրբ] Հոգու մոտ՝ միշտ փառաբանություն երգելու:
Հորդորակ
Բարի Ճանապա՛րհ և Ճշմարտությո՛ւն, Քրիստո՛ս, մեր հոգիների Առաջնո՛րդ` երկրից դեպի երկինք:
Դեպի Կյանք մուտքի Դուռ` Հիսու՛ս, Ճշմարիտ Աստվա՛ծ, մեզ էլ Սուրբ Հոգով տա´ր Քո Հոր մոտ:
Մաղթանք
Տե՛ր, ուղղիր մեր ընթացքը դեպի խաղաղության ճանապարհները, Տե՛ր, ուղղիր և առաջնորդիր մեր հոգիներին և բոլոր հավատացյալներին` գնալու արդարության ճանապարհներով` դեպի հավիտանական կյանք:
Քարոզ
Աղաչենք Ամենակալ Աստծուն, որպեսզի հաջողություն շնորհելով` ուղղի Իր ծառաների ճանապարհները դեպի բարին և դեպի խաղաղությունը:
Ամենակա՛լ Տեր Աստված մեր, ապրեցրո´ւ և ողորմի՛ր:
Աղոթք
Կյանքի Առաջնորդ և խաղաղության Պարգևիչ, մեր Աստվա´ծ Քրիստոս, մեզ առաջնորդի´ր` գնալու Քո արդարության ճանապարհներով և խաղաղությամբ ժամանելու կյանքի ու փրկության նավահանգիստը՝ Քո ողորմության շնորհներով, քանի որ Դու ես մեր Օգնականն ու Փրկիչը և Քեզ վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Աղոթք
Պահքի օրերի համար, երբ տոներ չեն լինում
Օրհնյալ ես, Տեր Աստված, մեր Փրկի´չ, որ ամեն ժամ մեզ հետ ես և Քո ձեռքից երբեք չես թողնում նրանց, ովքեր հավատով և ճշմարտությամբ աղոթում են Քեզ: Աղաչում և խնդրում ենք Քեզ, Տեր, Քո վերակացությամբ ճանապարհորդակի´ց եղիր ծառաներիդ՝ պահելով խաղաղության մեջ, և առաջնորդի´ր մեզ, որպեսզի այսուհետ խաղաղությամբ և խնդությամբ հասնենք յուրաքանչյուրս մեր բնակության վայրը` դեպի Քրիստոս Հիսուս, դեպի մեր Տերը, Որին վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Օրհնյալ է մեր Տեր Հիսուս Քրիստոսը. ամեն:
Հայր մեր, որ երկնքում ես…
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: