Թվոց գրքի մեկնություն 11։10

Ա․ Լոպուխին

10-15․ Մովսեսը լսեց, որ մարդի լաց էին լինում ամեն մեկը իր ընտանիքներում, և ամեն մեկը հավաքված իր վրանի առջև: Տերը շատ բարկացավ: Մովսեսի համար նույնպես վրդովվեցուցիչ էր: [10] Մովսեսն ասաց Տիրոջը. «Ինչո՞ւ չարչարեցիր քո ծառային, ինչո՞ւ շնորհ չգտա քո առջև, և այս ամբողջ ժողովրդի բեռն ինձ վրա դրեցիր»։ Մի՞թե ես եմ հղացել այս ժողովրդին կամ ե՞ս եմ ծնել սրանց, որ ինձ ասում ես. «Քո գի՛րկն առ նրանց, ինչպես դայակն է առնում կաթնակեր երեխային, և տա՛ր մինչև այն երկիրը, որ երդումով խոստացար նրանց հայրերին»։ Ես որտեղի՞ց միս գտնեմ, որ տամ այս ամբողջ ժողովրդին, որովհետև լաց են լինում իմ դիմաց և ասում. «Մեզ մի՛ս տուր, որ ուտենք»։ Ես միայնակ չեմ կարող կրել այս ամբողջ ժողովրդին. դա շատ ծանր է ինձ համար։ (Սինոդական թարգ․)
   

   Ժողովրդի ակնհայտ ապերախտությունը և մշտական տրտունջը չէին կարող չազդել նույնիսկ այնպիսի ամրահոգի մարդու վրա, ինչպիսին Մովսեսն էր: Քանի որ Մովսեսն էլ, ինչպես նկատում է երանելի Թեոդորոսը, ոչ միայն մարգարե էր, այլ նաև մարդ (ընթերցի՛ր Թվոց գրքի մեկնությունը, հարց 19−րդ):

   Ժողովրդին աստվածատուր օրենքի ոգով առաջնորդելու հարցում, որպես Մովսես մարգարեի մշտական ​​օգնականներ, Տերը առաջնորդին պատվիրում է Իսրայելի երեցներից ընտրել յոթանասուն անձի։ Երբ, համաձայն Նրա հրամանի, նրանք ընտրվում և բերվում են Խորանի առաջ, նրանց Սուրբ Հոգով է զգեստավորում:

   Ըստ քրիստոնյա մեկնաբանների կարծիքի՝ ընտրված և Սուրբ Հոգով լցված այս յոթանասուն երեցները հրեա ժողովրդի մեջ հատուկ մարգարեական ծառայության համար սկիզբ և հինկտակարանյան պատմության ողջ ընթացքում Աստծո օրենքի ներշնչված մեկնաբաններ և անխոնջ պահապաններ պատրաստող մարգարեական դպրոցների համար օրինակ դարձան:

   Ըստ հրեական ավանդության՝ Մովսեսին օգնող յոթանասուն երեցները որպես բարձրագույն Սինհեդրիոնի ստեղծման նախատիպ են ծառայել:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Մովսէսը լսեց գնդերի անդամներից իւրաքանչիւրի լացն իր վրանի դռան մօտ: Տէրը դրա համար խիստ բարկացաւ, եւ դա Մովսէսին չարագուշակ երեւաց:
(Արարատ թարգ․) Մովսեսը լսեց, որ ժողովուրդն իր տոհմերով՝ յուրաքանչյուրն իր վրանի մուտքի մոտ լաց էր լինում։ Տիրոջ բարկությունը խիստ բորբոքվեց, և դա Մովսեսի աչքին վատ երևաց։
(Գրաբար) Եւ լուաւ Մովսէս զձայն լալոյ նոցա ըստ գնդից իւրեանց, զիւրաքանչիւր առ դրան խորանին իւրոյ: եւ բարկացաւ սրտմտութեամբ Տէր յոյժ: եւ առաջի Մովսեսի չար թուեցաւ: