Թվոց գրքի մեկնություն 17։8

Ա․ Լոպուխին

Հաջորդ օրը Մովսեսն ու [Ահարոնը] մտան վկայության խորան, և ահա, Ղևիի տնից Ահարոնի գավազանը ծաղկել, ճյուղեր է արձակել, ծաղիկ տվել, և նուշ է բռնել: (Սինոդական թարգ․)[8]
   
   Ըստ Եկեղեցու հավատի՝ Ահարոնի ծաղկած գավազանը նախանշում էր.

   ա․ անհարսնացյալ Կույս Մարիամից Հիսուս Քրիստոսի անսերմնապես (այսինքն՝ առանց տղամարդու սերմի) մարմնով ծագելը. «Ահարոնի ծաղկյալ գավազանը,− ընթերցում ենք ապրիլի 23−ին երգվող Աստվածածնի կանոնի 1−ին երգում,− Հեսսեի սերնդից ծագած, Ամենասուրբը, Աշխարհը լուսավորածը, Մարմնացյալ Աստված (մեջբերվածը Ռուս ուղղափառ կամ ընդհանրապես Ուղղափառ եկեղեցում օգտակործվող հոգևոր երգերից է)» և այլն։

   բ․ Քրիստոսի մարմնի անապականությունը․ «Քանզի Էմմանուելը, դառնալով բնությամբ ապականացուների որդի, միակը մնաց որպես անապական․ միայն Իր մեջ բացահայտեց մարմնի անապականության, անկրքության և անմահության գաղտնիքները» (Եփրեմ Ասորի, Թվոց գրքի մեկնություն, գլուխ 17)՝ դառնալով մարդու «ապագա հարության նմանությունը» (սուրբ Եպիփան Կիպրացի)։

   գ․ Քրիստոսի եկեղեցում Աստծո վերականգնող և զորացնող շնորհի առատությունը. «Գավազանը խորհրդի կերպ է առնում․ իր ծաղկելով նախանշում է քահանային: Նախկինում անպտուղ եկեղեցին, այժմ որպես իշխանություն և հաստատում, ծաղկում է խաչափայտով» (Ճշմարիտ Խաչի կանոնի 3−րդ կետ)։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Յաջորդ օրը Մովսէսն ու Ահարոնը մտան վկայութեան խորան եւ տեսան, որ ծաղկել է Ղեւիի տան կողմից տրուած Ահարոնի գաւազանը. նա ճիւղեր էր արձակել, ծաղկել եւ ընկոյզ բռնել:
(Արարատ թարգ․) Հաջորդ օրը Մովսեսը մտավ վկայության վրանը և տեսավ, որ ծաղկել է Ղևիի տան կողմից տրված Ահարոնի գավազանը. այն ծլել, ծաղկել և նուշեր էր հասցրել։
(Գրաբար) եւ եղեւ ի վաղիւ անդր եւ մտին Մովսէս եւ Ահարովն ի խորանն վկայութեան: Եւ ահա դալարացաւ գաւազանն Ահարովնի ի տան Ղեւեայ, եւ արձակեաց շառաւեղել, եւ ծաղկեաց ծաղիկ, եւ երեւեցոյց ընգոյզ: