Ա․ Լոպուխին
10-13. Եվ Իսրայելի որդիները մեկնեցին և կանգ առան Ովբովթում, [10] և Ովբովթից մեկնեցին և կանգ առան Աքեղգայիում՝ անապատում, որը Մովաբի դիմաց էր՝ դեպի արևելք, այդտեղից մեկնեցին և կանգ առան Զարեդի հովիտում, այստեղից մեկնեցին և կանգ առան Առնովնից այն կողմ՝ անապատում, որը Ամորհացիների սահմաններից դուրս էր, քանզի Առնովնը Մովաբի սահմանն է՝ Մովաբի ու Ամորհի սահմանների միջև։ (Սինոդական թարգ․)
Արևմուտքից արևելք անցնելով (հավանաբար Վադի−էլ−Իֆմի կիրճով) և Եդովմի լեռները շրջանցելով՝ իսրայելացիները թեքվում են դեպի հյուսիս−արևելք՝ մովաբական հովիտների ուղղությամբ։ Ըստ Էսպինի՝ նրանք գնում են հենց այն ճանապարհով, որով այսօր էլ քարավանները Մեքքայից դեպի Դամասկոս են շարժվում։
Թվոց գրքի 33−րդ գլխի 41, 42−րդ համարներից երևում է, որ Ովբոթ ժամանելուց առաջ իսրայելացիները բանակատեղիներ ունեին Սելմովնայում և Փենովում։
Ենթադրվում է, որ Ովբոթը ներկայիս Էլ−Ախսայի սահմանն է։ Վադի−էլ−Ախսայի փոքրիկ գետակն այժմ Ջեբալի և Կերակի շրջանների միջև եղած սահմանն է ճիշտ այնպես, ինչպես հին ժամանակներում, հավանաբար, եղել է Եդովմի և Մովաբի սահմանը։
Բ Օրինաց գիրք 2։14−16 համարներում հաղորդվում է, որ Զարեդի հովտի և Առնովնի միջև ընկած ճանապարհին են մահացել իսրայելցիների այն սերնդի վերջին ներկայացուցիչները, որոնք անապատում մահանալու էին դատապարտված։
«Առնովնի հովիտ»−ն այժմ վերին հոսանքում անվանվում է «Սեիլ−էս−Սաիդե», իսկ ստորին հոսանքում՝ «Վադի−Մոջեբ» (Գ. Կ. Վլաստով)։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Իսրայէլացիները ճանապարհ ընկան ու բանակատեղի դրեցին Օբոթում:
(Արարատ թարգ․) Իսրայելի որդիները, մեկնելով այդտեղից, բանակատեղի դրեցին Օբոթում։
(Գրաբար) Եւ չուեցին որդիքն Իսրայէղի եւ եկին բանակեցան յՈբովթ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: