Թվոց գրքի մեկնություն 8։24

Ա. Լոպուխին

«Ահա այս է կարգը Ղևտացիների վերաբերյալ. Քսանհինգ տարեկանից սկսած միայն կարող են անցնել Վկայության խորանի սպասավորությանը: (Սինոդական թարգ․)[24]
   
   Թվոց գրքի 4:3, 23, 30 համարներում ղևտացիների՝ ծառայության անցնելու մեկնարկային տարիքը երեսուն տարեկանն է: Ա Մնաց․ 23:3, 24-27 և Բ Մնաց․ 31:17 համարներում ասվում է, որ Դավիթը անհրաժեշտ է համարում բոլոր ղևտացիներին ծառայության կոչել քսան տարեկանից սկսած, և այս կարգը պահպանվում է նաև հետագայում (Ա Եզր. 3:8):

   Ղևտացիների ծառայության անցնելու մեկնարկային տարիքի վերաբերյալ նկատված անհամապատասխանությունը կարելի է բացատրել այն հանգամանքով, որ ղևտացիները մինչև երեսուն տարեկան ծառայության էին անցնում որպես ավագ ղևտացիների օգնականներ, իսկ երեսուն տարեկանից հետո դառնում էին վկայության խորանի ինքնուրույն սպասավորներ:

--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) «Այս է ղեւտացիներին վերաբերող կարգը. քսանհինգից բարձր տարիք ունեցողները միայն իրաւունք ունեն վկայութեան խորան մտնելու, որպէսզի սպասաւորութիւն կատարեն:
(Արարատ թարգ․) «Այս լինի ղևտացիներին վերաբերող կանոնը. քսանհինգ տարեկան և բարձր եղողները կմտնեն ժողովի վրանում սպասավորություն կատարողների խմբի մեջ։
(Գրաբար) Այս ինչ է որ վասն Ղեւտացւոցն իցէ: ի քսան եւ ի հինգ ամենից եւ ի վեր, մտցեն գործել ի խորանին վկայութեան.