ԼԵՌՆԵՐԻ ՍԻՐԱՀԱՐԸ

– Արդեն Կարապետ սրբազանը երեկ գիշեր ակնարկեց նրան. մեր վարդապետի հոգևոր կյանքի վրա հեղաշրջում գործող մի ճգնավոր էր նա, որին երեսուն տարեկան հասակում հանդիպել էր լեռների վրա: Վարդապետը իր հոգևոր փորձառություններով բավականին առաջադիմել էր Ամրդոլիի վանքում, և նրա հոգևոր ծնողը այլևս անկարող էր հաղորդել նրան նոր գիտելիքներ հոգևոր հարցերի շուրջը: Այդ ատճառով արտոնեցին նրան` գնալու և առանձին ճգնելու լեռներում, որտեղ որոշ ժամանակ անցկացնելով` մենակեցության փորձառություն ձեռք կբերեր: Նրա խոստովանահայրը պայման դրեց, որ թափառումները քառասուն օրը չանցնեն, իսկ նա էլ բավարար չափով պահպանեց այդ պայմանը: Ամրդոլիի մեր վանքից երեք օրվա հեռավորության վրա անտառախիտ և ժայռածածկ մի վայր էր ընտրել` ճգնելու և խորհրդածելու: Բազմաթիվ քարայրներից մեկը իբրև կացարան էր ընտրել իր համար: Ճգնում էր, աղոթում և մտածում: Նա զբաղվում էր միայն մեկ հարցով` մինչև գոհացուցիչ և կիրառելի պատասխան գտնելը: Այլևս ուրիշ հարցերով չէր զբաղվում: Մեկ հարցի շուրջը մտմտալով` քառասուն օր անցկացրեց: Այդ առանձնացումի ընթացքում նրան մտահոգող հարցն էր. «Ինչո՞ւ հավատացյալները հավատ չեն ընծայում իրենց հավատալիքներին»: Քառասուն օր այս հարցի շուրջ մտածեց, աղոթեց և Ավետարան կարդաց: Աստծուն հարց տվեց, իրեն հարց տվեց, սակայն իրեն գոհացնող պատասխանը չկարողացավ գտնել: Բոլոր պատասխանները գալիս և հանգում էին մարդկային ես–ի չկամության վրա: Բայց ինչո՞ւ հավատացյալը ավելիին չէր ցանկանում հասնել: Մի թագավոր եթե տա՛սը հազարանոց բանակ ունի, ցանկանում է, որ հարյո՛ւր հազարանոց ունենա, տա՛սը չէ, այլ հարյո՛ւր քաղաք, տա՛սը կին չէ, այլ հարյո՛ւր կին` իր կանանոցի մեջ, հարյո՛ւր պալատ, քան տասը: Այդպես էլ վաճառականը տասի փոխարեն հարյո՛ւր տոկոս շահ ձեռք բերելու է փափագում, իսկ վարդապետը հարյո՛ւր գիրք կարդալ է նախընտրում, քան տասը: Նյութական և շոշափելի այս բաներում կիրառված սույն սկզբունքը ինչո՞ւ չի կիրառվում նաև հոգևոր ասպարեզում, որի պատճառով էլ հավատացյալները հաճախ ասում են. «Մինչև այստեղ բավական է, ավելին` Սուրբ Հոգի, Քրիստոս, գիտություն, չեմ ուզում»: Ավելին ցանկացողներն էլ անկեղծ չեն իրենց փափագներում, եթե ոչ` պիտի ստանային:

Ահա այս մտորումներով երեսունյոթ օր անցկացնելուց հետո, պատրաստվում էր վանք վերադառնալ: Իր հարցումի պատասխանը դեռ չգտած և տրտմած` իր վերջին աղոթքն էր կատարում Աստծուն, շնորհակալություն հայտնում և նրա պահպանությունը աղերսում վերադարձի ճանապարհի համար: Երբ աղոթում էր, ծունկի իջած, ներքևում` գետի ափին, հիսուն մետր հեռու, նշմարում է մի մարդու, որ քայլում էր դեպի գետակը: Մազերը մինչև մեջքը և մորուքը մինչև գոտկատեղը երկարած մի ծեր մարդ էր տեսածը, որ երեսը խաչակնքելուց հետո, գետի վրայով քայլելով` անցնում էր մյուս ափը և ապա անհետացավ ծառերի հետևում: Վարդապետը, ցնցված, վեր է թռչում: Հրա՞շք էր իր տեսածը, թե՞ հեռվից երևաց իրեն այդպես: Վազքով ցած է իջնում և հասնում գետի ափը, որտեղից իրեն այդպես երևաց ծերունին: Զարմանքով տեսնում է, որ գետափը երեք մետրանոց մի ցցված ժայռ է, որտեղից գետը իջնել անհնարին է, իսկ մյուս ափն էլ տասը մետր հեռու է և ջրի հոսանքն էլ` ահավոր: Ուրեմն ծերունին ոչ թե ջրի, այլ օդի միջով է քայլելով անցել մյուս ափ: Անմիջապես ծունկի է իջնում այնտեղ իր տեսած այս հրաշքի վրա ապշած: Ուշադիր զննում է տեղանքը, նշանաքարեր տնկում, որոշ ծառերի վրա նշաններ գծում, որպեսզի հետագայում այս վայրը հեշտությամբ կրկին գտնի: Դիմացն անցնելու տեղ է փնտրում: Մեկ ժամ դեպի ներքև քայլելուց հետո, վերջապես, հարմար տեղ է գտնում մյուս ափը անցնելու համար. կարծես մի տեսակ բնական կամուրջ էր այն, որտեղ գետը հանկարծ կորչում էր ժայռերի մեջ և կրկին հայտնվում ներքևում` հարյուր մետր հեռավորության վրա: Սակայն հասկանում է, որ վանք վերադառնալ պիտի ուշանա և թերևս երբեք չտեսնի ծերունուն, եթե փնտրելու դուրս գա: Վերադառնում է վանք: Նրա մտքից երբե՛ք չէր հեռանում այդ տեսիլք–հրաշքը, երբեմն ծերունին հայտնվում էր իր երազում: Այսքանից հետո, սակայն, իր քառասնօրյա հարցումի պատասխանը անորոշ էր: Երբեմն– երբեմն հարց էր տալիս ինքն իրեն. «Ինչո՞ւ մենք էլ այս ծերունու նման չենք, ինչո՞ւ մենք էլ նրա տիրապետածի ետևից չենք գնում, ինչո՞ւ մեր հավատքը միշտ կես ճանապարհին ենք թողնում, անավարտ, և զբաղվում այլ գործերով ու կորցնում մեր թափը և տեսանելի հորիզոնը»: Ի վերջո, իր մտածումները ներկայացնում է խոստովանահորը` վանահայր Հակոբ Սրբազանին:

– Չունեմ որևէ պատասխան տալու քեզ, որդի՛ս: Դու ինձանից ավելի լավ ես ուսումնասիրել այս խնդիրը, և ես անձամբ շատ բաներ սովորեցի քեզանից, որովհետև քո տրամաբանությամբ ինչ պատասխան էլ տամ քեզ, միևնույն է, ինձ պիտի ասես. «Այդ չէ հարցումիս պատասխանը, քանի որ եթե այդպե՛ս լիներ, ապա դու կիրառած կլինեիր այդ և ջրի վրայով քայլողը դո՛ւ կլինեիր»: Ո՛չ, ես մի պա՜րզ վանական եմ, հավատքով եմ քայլում Քրիստոսի ճամփան: Ցանկացած պահերիս եղե՛լ են ավելին, անշուշտ, բայց այժմ, քեզ հետ այս նյութի շուրջ խոսելուց հետո, բացահայտ նկատում եմ, որ դու աչքերս բացեցիր, որ ես իմ ուզած տեղում եմ` իմ հոգևոր կյանքում` ո՛չ ցած և ո՛չ վերև, ճիշտ իմ վճռած տեղում: Թերևս դու կգտնես դրա պատասխանը և կսովորեցնես մեզ մեր կապվածոթյան պատճառը: Եվ կամ` արդեն իսկ շատ պարզ է պատասխանը` մեր գիտակցության մեջ թաքնված, իսկ մենք, ցավոք սրտի, չենք տեսնում պարզապես:

– Սրբազան Հայր, եթե արտոնես, ես կրկին կվերադառնամ լեռները` փնտրելու և գտնելու համար այդ սուրբ անձնավորությանը: Նա՛ միայն կարող է դրա պատասխանը ունենալ:

– Ինչպե՞ս կարող եմ արտոնել, որդիս, աշուն է արդեն, գիշերները սկսել են ցրտել, մի քանի օրից հավանաբար ձյուն կիջնի լեռների վրա: Ամռանն անգամ խիստ վտանգավոր են այդ ամայությունները, իսկ ձմռանը` ստույգ մահ: Ձյունը հալվելուց հետո կգնաս:

– Ա՛յժմ եմ ուզում գնալ, սրբազան հայր: Կա՛մ ես կմեռցնեմ այս հարցումը, կա՛մ այն` ինձ: Պետք է որ գնամ:

– Չե՛մ կարող թույլ տալ, ես քո հա՛յրն եմ և հաշի՛վ պիտի տամ Աստծուն քեզ համար: Զավակների բնավորությունն է` տաքարյունությամբ որոշումներ կայացնել և վտանգել իրենց կյանքը: Եվ հայրերի պարտականությունն է` զսպել նրանց ցանկությունը: Այս սպիտակ մազերը քանի՜–քանի քեզ նման վանականներ է տեսել, որոնք գնացին և այլևս չվերադարձան լեռներից: Լեռների հետ խաղ չեն անի:

– Գիտես, երբե՛ք զանց չեմ առել քո հրամանները. Քրիստոսի նման ողջ կյանքում հլու–հնազանդ եղա քեզ, իսկ հիմա Անառակ որդու նման եմ վարվում և ասում եմ. «Հայր, տո՛ւր քո օրհնության բաժինը և ուղարկիր ինձ լեռները, որովհետև սիրտս այնտեղ եմ թողել»: Արտասվել սկսեց ծեր վանականը: Որքան ցանկանում ես գնալ, որքան նեղություն է տալիս այս վանքը քեզ, նույնքան էլ անկատար ենք մենք, և դու գոհ չես քո հոր ագարակից:

– Անառակ որդու չար որդը մտել է մեջս, սրբազան հայր, պետք է գնամ և տեսնեմ այն եթերային քաղաքները, որոնք լեռների վրա են, ձների մեջ թաքնված հրեշտակների պալատները պետք է որ գտնեմ, անդունդներից պետք է դիտեմ կյանքը և մահը: Որդը մտել է մեջս, այստեղ էլ պիտի մեռնեմ, այնտեղ էլ: Բա՛ց թող ինձ, բա՛ց թող, որ գնամ` իմ արկածախնդրությունն ապրելու:

– Միայն մեկ պայմանով կարող եմ արտոնել: Անառակ որդին վերադարձավ: Երբ գտնես պատախանները և հասնես այդ գիտությանն ու կատարելությանը, այնտեղ չպետք է մնաս և ետ պիտի վերադառնաս քո հայրենական տուն. այստեղ պետք է բաժանես լեռների գանձերը եղբայրներիդ հետ: Մենակյաց կյանքով չպետք է ապրես այդ սրբի նման, և Աստծո Արքայության գաղտնիքները չպետք է կորչեն քեզ հետ միասին ձյուների մեջ: Հայր և որդի գրկախառնվեցին, արտասվեցին: Եվ Վարդան վարդապետը ստացավ իր օրհնության բաժինը, կարծես կրակի վերածեց այն, որպեսզի վատնի ցուրտ լեռների վրա հրեշտակների հետ միասին եղած ժամանակ:

Կոլոտը մի քիչ ջուր խնդրեց: Քար լռություն էր տիրում: Ասեղ գցեիր` ձայն կլսվեր: Այդպես ուշադրությամբ ունկնդրում էին նրան: Իրենք էլ կարծես հանկարծ կարոտեցին լեռները: Կոլոտը շարունակեց «պտտեցնել» նրանց լեռների վրա իր պատումներով, անդունդների եզրին, աստղերի մոտ: Նրա խոսքերում զգում էին ամպերի խոնավությունը իրենց երեսին և վեր կենալ ու գնալ էին ուզում Վարդան վարդապետի հետ միասին, համարձակ մագլցել ձյունապատ գագաթները` իրենց կուրծքը դեմ տված վայրագ հողմերին:

 

Հաջորդ գլուխը՝

ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄԸ