Ընդհանրական աղոթքների կարգը, որ կատարվում է խաղաղական ժամին` ի դեմս Հոգի Աստծո, այլև ի դեմս Բանն Աստծո, Որը գերեզման դրվեց և իջավ դժոխք ու խաղաղություն շնորհեց հոգիներին
«Օրհնեցից զՏէր յամենայն ժամ» [ԼԳ] Սաղմոս
Փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն:
Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Դարձյալ խաղաղության համար Տիրոջն աղաչենք, ընդունի՛ր, ապրեցրո´ւ և ողորմի՛ր:
Օրհնությո˜ւն և փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
ԵՐԳ
Նեղությանս մեջ ես Տիրոջը կանչեցի, և Նա լսեց ինձ: Տերն իմ հոգին փրկեց նենգավոր շուրթերից և չար լեզվից:
Ի՞նչ պիտի տրվի քեզ կամ ի՞նչ պիտի ավելանա, նենգավո´ր լեզու:
Օրհնյալ է մեր Տեր Հիսուս Քրիստոսը. ամեն:
Հայր մեր, որ երկնքում ես…
«Տէր Աստուած փրկութեան իմոյ» [ՁԷ] Սաղմոս
Փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն:
Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Դարձյալ խաղաղության համար Տիրոջն աղաչենք, ընդունի՛ր, ապրեցրո´ւ և ողորմի՛ր:
Օրհնությո˜ւն և փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
«Ի կարդալ իմում լուար ինձ, Աստուած» [Դ] Սաղմոս
(Ավագ երեցի դասից)
Փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն:
Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Դարձյալ խաղաղության համար Տիրոջն աղաչենք, ընդունի՛ր, ապրեցրո´ւ և ողորմի՛ր:
Օրհնությո˜ւն և փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Երգ
(Ավագ երեցի դասից)
Շնորհի´ր մեզ, Տե~ր, այս գիշեր Քո երկնային խաղաղությունը, և Քո սուրբ Խաչի ամենահաղթ զորությամբ պահպանի՛ր մեզ թշնամու պատրանքներից:
Իմ փրկության Տե´ր Աստված, Քո առջև աղոթեցի ցերեկն ու գիշերը:
Թող որ իմ աղոթքները հասնեն Քեզ, Տե´ր, և Քո ունկերը խոնարհվեն Իմ խնդրանքների առջև:
Թող որ Քեզանից պահապան գա մեզ մոտ, Տե´ր, և ամեն ժամ պահպանի մեզ:
Առաքի՛ր մեզ, Տե´ր, սուրբ Խաչի զորությունը, որպեսզի այն ամեն ժամ պահպանի մեզ:
Արժանի՛ դարձրու, Տե´ր, այս երեկոն խաղաղությամբ անցկացնել և փորձությունից հեռո´ւ պահիր մեզ:
Արժանավորի՛ր, Տե´ր, այս գիշերը խաղաղությամբ անցկացնել` մեզ մեղքից հեռու պահելով:
Իմացե´ք, հեթանոսնե´ր, Տեր Աստված մեզ հետ է, և դուք պիտի պարտվեք, քանի որ Աստված մեզ հետ է:
Եվ սա լսե´ք երկրի բոլոր ծագերում, քանի որ Աստված մեզ հետ է:
Եվ դուք` հզորացածներդ, պիտի պարտվեք, քանի որ Աստված մեզ հետ է:
Եվ թեպետ դարձյալ զորանաք էլ, դարձյալ պարտության պիտի մատնվեք, քանի որ Աստված մեզ հետ է:
Եվ այն խորհուրդը, որը խորհում եք, Տերը պիտի խափանի, քանի որ Աստված մեզ հետ է:
Եվ այն խոսքը, որը խոսում եք, ձեր մեջ չի մնալու, քանի որ Աստված մեզ հետ է:
Եվ մենք ձեր ահից չենք երկյուղելու և չենք խռովվելու, քանի որ Աստված մեզ հետ է:
Եվ մենք փառաբանելու ենք մեր Տեր Աստծուն, ու Նա´ է լինելու մեր երկյուղը, քանի որ Աստված մեզ հետ է:
Եվ մենք հուսալու ենք Նրան, ու Նա լինելու է մեր սրբությունը, քանի որ Աստված մեզ հետ է:
Եվ մենք հուսալու ենք Նրան, ու Նա լինելու է մեր փրկությունը, քանի որ Աստված մեզ հետ է:
Եվ, ահավասիկ, ես և իմ մանուկները, որոնց Աստված տվել է ինձ, քանի որ Աստված մեզ հետ է:
Եվ ժողովուրդը, որը նստում էր խավարի մեջ, մեծ լույս տեսավ, քանի որ Աստված մեզ հետ է:
Եվ լույս պիտի ծագի ձեզ վրա, որ բնակվում եք խավարի և մահվան ստվերի մեջ, քանի որ Աստված մեզ հետ է:
Եվ քանի որ մեզ մի մանուկ, մի որդի ծնվեց և տրվեց մեզ, քանի որ Աստված մեզ հետ է:
Եվ Նրա իշխանությունն Իր ուսերի վրա է, քանի որ Աստված մեզ հետ է:
Եվ Նրա անունը «մեծ խորհրդի հրեշտակ» է կոչվում, քանի որ Աստված մեզ հետ է:
Եվ Աստված հզոր իշխան է, քանի որ Աստված մեզ հետ է:
Եվ խաղաղության իշխան է` հանդերձյալ հավիտենության Հայրը. Տեր Աստված մեզ հետ է:
Եվ փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Մաղթանք
Այս մերձեցող երեկոյին սրբությամբ բարձրացնում ենք մեր ձեռքերը և մտածումներով, խոսքով ու գործով այսօր գործած մեղքերի համար զղջում ենք մեր անկողիններում` ծածկագետ Աստծուդ խոստովանելով մեր սրտի գաղտնիքները և հուսալով Քո ողորմությանը: Եվ մենք միաբան պիտի գոչենք՝ հիշի՛ր մեզ, Տե~ր, երբ գաս Քո արքայությամբ, և ողորմի՛ր մեզ:
Քարոզ
(Աշակ. դաս.) Նաև խաղաղության համար Տիրոջն աղաչենք:
Գոհանա՛նք Տիրոջից, որ Իր ողորմությամբ առաջնորդեց մեզ օրվա գործերի կատարմանը և մեզ շնորհ արեց միաբան գալ-հասնել գիշերային այս հանգստին: Եվ մենք ամեն ժամ աղաչե´նք մարդասեր Աստծուն, որպեսզի Նա պահապան լինի մեր անձերին և Իր ողորմությամբ պահպանի մեզ ու առաջնորդելով` հասցնի Իր բարի հանգստյանը, որն Իր սիրելիներին խոստացավ ճշմարիտ Աստված` Հիսուս Քրիստոս. ամենակալ Տերը թող ապրեցնի և ողորմի:
Գիշերային այս հանգիստը խաղաղությամբ անցկացնելու համար հավատով Տիրոջից խնդրենք:
Շնորհի՛ր, Տե՛ր:
Խաղաղության հրեշտակին` մեր անձերին պահապան Տիրոջից խնդրենք:
Շնորհի՛ր, Տե՛ր:
Մեր հանցանքներին քավություն և թողություն Տիրոջից խնդրենք:
Շնորհի՛ր, Տե՛ր:
Սուրբ Խաչի մեծ և կարող զորությունը՝ իբրև մեր անձերին օգնություն, Տիրոջից խնդրենք:
Շնորհի՛ր, Տե՛ր:
Եվ նաև միաբան մեր սուրբ և ճշմարիտ հավատի համար Տիրոջն աղաչենք:
Տե՛ր, ողորմի՛ր:
Մեր անձերը և միմյանց Ամենակալ Տեր Աստծուն հանձնենք:
Տե՛ր, Քեզ ենք հանձնում մեր անձերը:
Ողորմի՛ր մեզ, Տեր Աստվա´ծ մեր, Քո մեծ ողորմության համաձայն, ասենք բոլորս միաբանությամբ:
Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:
Աղոթք
(Աշակ. դաս.) Բարերա´ր Տեր, որ Քո մեծ գթությամբ հավիտենական հանգիստ պատրաստեցիր առաքինությամբ հոգնաբեկների համար ու քաղցր ձայնով դեպի Քեզ կանչեցիր մեղքերով ծանրաբեռնվածներին և չարչարվածներին՝ նրանց հանգիստ խոստանալով: Մեզ նույնպես շնորհի´ր, Տեր, այս գիշերն անխռով խաղաղությամբ անցկացնել և մեղքերի ծանրությունից ուժասպառ եղածներիս պահպանի՛ր Քո ողորմությամբ, և արժանավորի՛ր մշտնջենավոր հանգստի` Քո բոլոր սուրբերի հետ: Եվ մենք գոհանալով պիտի փառաբանենք Քեզ` Հոր և ամենասուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Խաղաղություն ամենքին
Աստծուն երկրպագենք
Բարիքների Պարգևատու և խաղաղության Աղբյուր, մեր Տե´ր Աստված, այս գիշերվա ընթացքում և բոլոր ժամանակներում մեր մտքերն ու խորհուրդները խաղաղեցրո՛ւ սատանայական ամեն տեսակի խռովություններից, որպեսզի այս անցավոր կյանքն ապրելով` հասնենք Քո հավիտենական, երկնային Արքայությանը, որն աշխարհի սկզբից պատրաստել ես Քո սուրբերի համար: Եվ նրանց հետ գոհանալով` փառաբանե´նք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Տեր Ներսեսի երգը
(Ավագ երեցի դասից)
ԲՁ. Սիրո´վ նայիր, գթառատ Հա´յր,
Քո ձեռքերի ստեղծածներին,
Եվ բանակներն հրեշտակների
Պահապա´ն տուր տկարներիս,
Փրկի՛ր Դու մեզ փորձանքներից
Խավարում շրջող դևերից,
Որ գիշերը ու կեսօրին
Մենք Քեզ փառք տանք անլռելի:
Դու ես անեղ ու անսկիզբ
Անճառ Ծնունդ` Բան և Որդի,
Որ ստեղծեցիր ցերեկը` գործի,
Իսկ գիշերն էլ` քնի համար:
Թող որ ննջեն մեր մարմնական
Աչքերը, բայց արթուն մնան
Հոգիները մեր բոլորի,
Որ գիշերը ու կեսօրին
Մենք Քեզ փառք տանք անլռելի:
Բանական հոգիների´ Դու Րաբունի,
Լույսի Աղբյո´ւր, Պարգևատո´ւ շնորհների,
Երբ փակվում են դարպասները
Մահկանացու մեր մարմինների,
Այդժամ լո՛ւյս տուր Դու աչքերին
Մեր սրտերի` գիշերները նույնպես
Հրեղենների հետ օրհնաբանելու Քեզ,
Որ գիշերը ու կեսօրին
Մենք Քեզ փառք տանք անլռելի:
Սուրբերի Սո՛ւրբ Երրորդություն,
Մաքրի՛ր մեզ, որ բնակություն
Հաստատես Դու մեր սրտերում,
Շնորհի՛ր մանուկներիդ պես միշտ
Քեզ հետ լինել, ննջել հանգիստ,
Տո՛ւր խնդրածը մեր բոլորի,
Ինչպես հացը` բարեկամին,
Որ գիշերը ու կեսօրին
Մենք Քեզ փառք տանք անլռելի:
Տեսանելի լույս ստեղծեցիր,
Ցերեկ-գիշեր բաժանեցիր,
Եվ այս գիշեր ծագեցրո՛ւ , Տե´ր,
Դու հոգևո´ր ճառագայթներ,
Թող ամեն ժամ և մշտապես
Աջդ պահապան լինի մեզ,
Որ գիշերը ու կեսօրին
Մենք Քեզ փառք տանք անլռելի:
Երկրում վառած հուրը սիրուդ
Թող բորբոքվի մեր հոգիներում
Եվ թող մաքրի ամեն խորհուրդ
Բույն դրած մեր չար սրտերում
Ու թող լույսը Քո միշտ փայլի
Եվ արթնացնի մեզ մահվանից
Ու մեր միտքը լուսավորվի
Իմաստությանդ հրի բոցից,
Որ գիշերը ու կեսօրին
Մենք Քեզ փառք տանք անլռելի:
Մեր աչքերի լույսով զգայուն
Անմատույց Լո´ւյս, Քե´զ ենք նայում,
Որ հանուն մեզ ու մեզ համար
Դու մինչև իսկ գուբը իջար
Ու ննջեցիր գերեզմանում,
Այժմ էլ ննջի´ր մեր կողքին Դու,
Արթո´ւն բնություն,
Եվ միշտ վանի´ր Դու մեզանից
Չարի ամեն ներգործություն,
Որ գիշերը ու կեսօրին
Մենք Քեզ փառք տանք անլռելի:
Անստվեր լույսի Քո Էության
Առջև ենք մենք պաղատալից,
Քո´, որ այն մի երեկոյան
Անցար նույնիսկ փակ դռներից`
Ի տես Քո սուրբ տասնմեկի[1],
Թովմայի հետ մենք ամենքս էլ
Գոչում ենք ու Քեզ դավանում,
Որ Տերն ես մեր ու Աստվածը
Եվ մեր հոգում ես Դու բնակվում:
Ա´յժմ էլ իջիր` այս երեկո,
Եվ մեզ շնորհի´ր ողջույնը Քո:
Քո շուրջ գալով, Տե´ր, աղաչում
Եվ խնդրում ենք, որ օգնությո´ւն
Շնորհես Դու մեր հոգիներին
Եվ միշտ լինես մեզ հովանի
Ո~վ Պահապանդ Իսրայելի,
Օթևանի՛ր, Խաղաղարա’ր,
Դու մեր կողքին,
Եվ կննջենք անխռովաբար,
Ու երբ զարթնենք առավոտյան
Փա~ռք կտանք Քեզ` Հոր, Հոգու հետ
Միշտ, հավիտյան:
Դատաստանի օրը վերջին
Արժանի´ արա մեզ լսել
Գաբրիելագոչ ձայնը փողի
Եվ աջ կողմում հանգրվանել`
Վառ պահելով լապտերը մեր,
Ու նմանվել այն իմաստուն
Հինգ կույսերին և նրանց հետ
Տեղ զբաղեցնել առագաստում
Եվ Փեսային փառք տալ հավետ:
Նշանով Քո սուրբ Խաչի
Տե~ր, մեզանից թող որ փախչի
Մարտնչող ու աներևույթ
Գազանն անգութ,
Եվ թող երբեք չապականվի
Ժառանգությունը Քո հայրենի:
Բարեխոսի՛ր մեզ համար,
Աստվածածի´ն Մարիամ,
Որ ծնեցիր Տեր Աստծուն՝
Ով սքանչելի փառքով հզոր
Իր Իսրայելին է հովվում:
Մաղթանք
Տեր, ինձնից մի՛ շրջիր քո երեսը, բարերա´ր Տեր, աղաչում եմ, Քեզ, իմ օգնակա՛նը եղիր: Տեր, մի՛ անարգիր ինձ և մի՛ թող ինձ, իմ Աստվա´ծ փրկիչ:
Քարոզ
(Աշակ. դաս.) Աղաչե´նք ամենակալ Աստծուն և խնդրե´նք Նրանից, որպեսզի առաքի խաղաղության հրեշտակին, որն էլ գալով` այս երկյուղալի գիշերվա մեջ մեզ կպահպանի դիվական խռովությունից ու մեր հոգին և մարմինն անվնաս կպահի` մինչև մեր կյանքի ժամանակի ավարտը: Մեր Ամենակալ Տեր Աստված թող ապրեցնի և ողորմի:
Աղոթք
(Ավագ երեցի դասից)
Բարիքների Շնորհատո´ւ, ամեն ինչում առատաբաշխ և անմահ Տեր, աղաչում ենք Քեզ, մեր անձերից փարատի՛ր աղջամղջային և խավարային խորհուրդները: Մեզ հեռո´ւ պահիր բանսարկուի պատրանքներից և շնորհի՛ր հավատով ապավինել Ամենասուրբ Երրորդությանդ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Աղուհացի օրերին այստեղ ասվում է «Անբիծքն» սաղմոսը, իսկ մյուս օրերին՝
Հայր մեր, որ երկնքում ես…
«Երանեալ են անբիծք » [ՃԺԸ] Սաղմոս
(Աշակ. դաս)
Փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն:
Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Եվ հետո ասվում է Շարական
ԳՁ.
(Աշակ. դաս.) Հայցում ենք Քեզնից, գթությունների Հայր և մխիթարությունների Աստվա´ծ, այս մերձեցող գիշերային տխրալի ժամին մխիթարի՛ր մեզ, որ մեղքերի պատճառով տրտմության մեջ ենք, և ուրախությո´ւն շնորհիր մեր արդար գործերի միջոցով` սուրբ Աստվածածնի և բոլոր արդարների աղաչանքներով:
Քո աստվածային հրամանի քաղցրաձայն կանչին ունկնդիր, Որդի´ Աստծո, այս երեկոյան Քո առջև ենք եկել հոգնածներս և բեռնավորվածներս. մեր հոգիները թեթևացրո՛ւ մեղքերի ծանրությունից և զորացրո՛ւ մեզ, որպեսզի կամավորաբար կրենք Քո պատվիրանների քաղցր լուծը` սուրբ Աստվածածնի և բոլոր արդարների աղաչանքներով:
Հասած լինելով հանգստյան այս ժամին` հոգով պաղատում ենք Քեզ, մարդասեր Հոգի´ Աստծո, երբ նորոգես երկրի երեսը և վերստին պայծառացնես մարդկանց հոգիները, սուրբ Ավազանի միջոցով Քեզնից ծնված մեր ննջեցյալներին նորափետուր զարդարի՛ր` սուրբ Աստվածածնի և բոլոր արդարների աղաչանքներով:
Քո անարատ ծնողի կենդանարար պատկերն ենք բերում Քո անոխակալ Տերությանդ առջև. երբ Հոր փառքով գաս` դատելու Քո Խաչի թշնամուն, ների´ր մեր հանցանքները Քո մոր և Կույսի բարեխոսությամբ, ու աղաչում ենք Քեզ, Տե´ր, պահպանի՛ր մեզ Քո սուրբ Խաչի հովանու ներքո:
Մեզ էլ բաժնեկից դարձրու, Տե´ր, Քո սուրբ առաքյալների հետ, որոնք արժանի եղան Քո Հարության ժամանակ տեսնելու Քեզ. արժանավո´ր դարձրու մեզ, Տե´ր, Քո մյուսանգամյա Գալստյան ժամանակ տեսնելու Քեզ. օրհնաբանությո՜ւն առաքողին ի բարձունս:
Երբ գաս անճառ փառքով և բազմես Քո գահին, ահե´ղ Դատավոր, սուրբ Աստվածածնի աղաչանքներով հիշի՛ր մեր ննջեցյալներին, քանի որ Քո՜նն է փառքը հավիտյանս. ամեն:
ԵՐԵԿՈՅԵԱՆ ՍՏԵՂԻՆԵՐ ՄԵԾԻ ՊԱՀՔԻ ՀԱՄԱՐ
Սկսած չորրորդ շաբաթից
(Սկսվածքներն աշակ. դասից)
ԴԿ.
Դ. ԴՇ. Սրբուհի´ Մարիամ, սափոր ոսկի և կտակարանների տապանա´կ, որ Կյանքի Հացն ի վերուստ պարգևեցիր մեր քաղցած բնությանը. Նրա առջև միշտ բարեխոսի´ր մեր մեղքերի քավության համար:
Ե. ԴՇ. Անմարմին հրեշտակների դասերը երանի են տալիս քեզ, ամենօրհնյա´լ կույս Մարիամ, որ Հորն էակից Բանին անսերմնապես կրեցիր քո մեջ. Նրա առջև միշտ բարեխոսի´ր մեր մեղքերի քավության համար:
Զ. ԴՇ. Ինչի համար և մենք` հավատացյալներս, երկրպագում ենք Քեզ, Քրիստո´ս, և արտասվալից հայցում ենք Քեզնից. Աստվածածնի բարեխոսությամբ Քո աստվածային լույսը ծագեցրո´ւ մեր հոգիների վրա. օրհնաբանում ենք Քեզ Հարության երեկոյին, ահարկո´ւ Թագավոր:
ԴԿ.
Դ. ԵՇ. Աստծո առաքյալնե´ր` ընտրված աշխարհի ստեղծումից էլ ավելի առաջ, դո´ւք, որ արժանի եղաք տեսնելու հրեղենների համար անտեսանելին, Տիրոջ առջև բարեխոսե´ք Եկեղեցու մանուկների համար:
Ե. ԵՇ. Քրիստոսի բարեկամնե´ր, աստվածային խորհուրդների հազարապետնե´ր, որ մեղքի հոսանուտ ծովից մարդկանց որսացիք անմահ կյանքի համար, Տիրոջ առջև բարեխոսե´ք Եկեղեցու մանուկների համար:
Զ. ԵՇ. Դո´ւք, որ հասաք գերբնական, անճառելի երանության և Տիրոջ գալստյան ժամանակ էլ բազմելու եք Քրիստոսի տասներկու աթոռներին, Տիրոջ առջև բարեխոսե´ք Եկեղեցու մանուկների համար:
ԴԿ.
Դ. Ուր. Քերովբեական գնդերը բոցեղեն սերովբեների հետ անեղաշեն դրախտում պահպանում էին Կենաց ծառի ճանապարհը, և Դու այսօր երկրի վրա պայծառաբար ցույց տվեցիր կյանքի և փրկության աստվածազարդ Փայտը. Քեզ են օրհնաբանում սուրբ Եկեղեցու մանուկները:
Ե. Ուր. Սաբեկի ծառի վրա բարձրացված խոյը ողջակեզ եղավ Իսահակի փոխարեն, իսկ Դու որպես անարատ Գառ զոհաբերվեցիր Հոր հետ հաշտության և մեր մեղքերը վերացնելու համար. Քեզ են օրհնաբանում սուրբ Եկեղեցու մանուկները:
Զ. Ուր. Պողոսի Պարծա´նք, քեզ ենք դավանում որպես աստուածային Բանի հենասյուն և զոհասեղան, քանի որ քո շնորհիվ փրկվեցինք խայթող ու անմարմին գազանից և քեզ վրա հեղվեցին անապական արյան կողածին շիթերը՝ սրբելով մեր մեղքերը. Քեզ են օրհնաբանում սուրբ Եկեղեցու մանուկները:
ԴԿ.
Դ. ԲՇ. Երկնավոր, ընտրյալ հո´տ, քո քաջ Հովիվը քեզ թողեց երկնքում ու եկավ փնտրելու մեզ` մոլորվածներիս, որպեսզի այդպիսով լրանար հարյուրյակ թիվը, և երկնքում ուրախություն պարգևեց երկնավորներիդ. աղաչում ենք ձեզ, Տիրոջ առջև բարեխո´ս եղեք մեր մեղքերի քավության համար:
Ե. ԲՇ. Անտեսին տեսնողնե´ր, Աստծո խորհուրդների խորհրդածունե´ր, որ Միածնի հետ ցած իջաք` Նրա տնօրինությանը սպասավորելու համար, դո´ւք, որ Միածնի ծննդյան ժամանակ ավետիս տվեցիք հովիվներին և յուղաբեր կանանց Ողջ եղողի մասին փրկարար քարոզն ավետեցիք. աղաչում ենք ձեզ, Տիրոջ առջև բարեխո´ս եղեք մեր մեղքերի քավության համար:
Զ. ԲՇ. Աշխարհի պահապաննե´ր, Տիրոջ շուրջը բոլորված երկյուղալից բանակնե´ր, մարդկային ցեղի բարեկամնե´ր, որ միջնորդ եք մահվան և հարության միջև, մեծն Միքայե´լ և Գաբրիե´լ, որ մշտապես կանգնած եք Ամենասուրբ Երրորդության առջև, աղաչում ենք ձեզ, Տիրոջ առջև բարեխո´ս եղեք մեր մեղքերի քավության համար:
ԴՁ.
Դ. ԳՇ. Երկնավո´ր փեսա, հոգեղեն անստվեր Լո´ւյս, որ երկնքից իջար հանուն Քո հարսի` Եկեղեցո´ւ հանդեպ սիրո, ում Քեզ հետ նշանադրեց Քո բարեկամ և հարսանքավոր Հովհաննեսը, նրա աղաչանքներով ողորմի´ր մեզ:
Ե. ԳՇ. Քառակերպների համար անհաս և սերովբեների համար անտեսանելի, սրբությունների Սուրբ և ամենքի Տե´ր, որ խոնարհվեցիր Հորդանանում` Քո իսկ ծառային խնդրելով ջրով մաքրությունը` Ադամի մեղքերը լվանալու համար. նրա աղաչանքներով ողորմի´ր մեզ:
Զ. ԳՇ. Դու ամլորդու կողմից վկայվեցիր որպես «Աստծո Գառ, որ վերացնում է մեղքերը», և նրան` արդարների մեջ գերագույնին հայտնեցիր որպես «կանանցից ծնվածների մեջ մեծագույն» և «օրենքի ճրագ», նա´, ով նաև դժոխքում քարոզեց Քո փրկչական գալուստը. նրա աղաչանքներով ողորմի´ր մեզ:
Մաղթանք
Քրիստո´ս Աստված, հանգստյան և ողորմությա´ն արժանացրու հանգուցյալների հոգիներին, իսկ մեզ` մեղավորներիս էլ հանցանքների թողությո´ւն շնորհիր:
Քարոզ
(Աշակ. դաս.) Դարձյալ խաղաղության համար աղաչե´նք Տիրոջը:
Հանգուցյալ հոգիների համար աղաչե´նք մեր Փրկիչ Քրիստոսին, որպեսզի նրանց արդարների հետ դասի, իսկ մեզ էլ ապրեցնի Իր ողորմության շնորհիվ: Մեր Ամենակալ Տեր Աստված, ապրեցրո´ւ և ողորմի՛ր:
Աղոթք
(Ավագ երեցի դասից)
Տեր, ողորմի՛ր, Տեր, ողորմի՛ր, Տեր, ողորմի՛ր:
Քրիստո՛ս, Աստծո´ Որդի, անոխակալ և բարեգութ, Քո արարչական սիրովդ գթա՛ Քո հանգուցյալ ծառաների հոգիներին: Քո արքայության գալստյան մեծ օրը հիշի՛ր նրանց, արժանի´ դարձրու ողորմության, քավության և մեղքերի թողության: Դասակարգի´ր և պայծառացրո՛ւ նրանց Քո սուրբերի հետ` աջակողմյան դասում, քանի որ Դու ես ամենքի Տերը և Արարիչը, ողջերի և մեռածների Դատավորը: Եվ Քեզ վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Օրհնյալ է մեր Տեր Հիսուս Քրիստոսը. ամեն:
Հայր մեր, որ երկնքում ես…
[1] Խոսքը Քրիստոսի 11 աշակերտների մասին է (Հուդան ներառված չէ):
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: