Ընդհանրական աղոթքների կարգը, որ կատարվում է հանգստյան ժամին`
ի դեմս Հայր Աստծո, որպեսզի Միածնի պահպանող աջով մեզ պահպանի խավար
գիշերվա մեջ
Օրհնյալ է մեր Տեր Հիսուս Քրիստոսը. ամեն:
Հայր մեր, որ երկնքում ես…
Առաքի´ր, Տեր, Քո լույսը և Քո ճշմարտությունը, որպեսզի ինձ առաջնորդեն և բարձրացնեն սուրբ լեռը և Քո հարկի տակ:
Կանգնելու եմ Աստծո սեղանի առաջ` Աստծո´ առաջ, Որն ուրախությամբ է լցնում իմ մանկությունը:
Օրհնաբանությամբ դավանելու եմ Քեզ, Աստվա´ծ, Աստվա´ծ իմ:
Արդ, ինչո՞ւ ես տրտում, ա´նձ իմ, կամ ինչո՞ւ ես խռովվում. հուսա´ Աստծուն, խոստովանի´ր Նրան որպես Քո փրկիչ:
Քահ. - Փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն:
Սրկ. - Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Դարձյալ խաղաղության համար Տիրոջն աղաչենք, ընդունի՛ր, փրկի´ր և ողորմի՛ր:
Քահ. - Օրհնությո˜ւն և փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
«Եկեսցէ ի վերայ իմ» [ՃԺԸ] Սաղմոս
Մաղթանք
Իմ անձը Քո ձեռքում է ամեն ժամ, և Քո սուրբ Խաչին եմ հուսացած, երկնավո´ր Թագավոր. Քո սուրբերի բազմությանն ինձ համար որպես բարեխո´ս ընդունիր Քո առջև: Դո´ւ, որ համբերատար ես ամենքի նկատմամբ, մի՛ անտեսիր Քեզ ապավինածներիս, այլ Քո պատվական և սուրբ Խաչով պահպանի՛ր խաղաղության մեջ:
Քարոզ
(Աշակ. դաս.) Աղաչե´նք ամենակալ Աստծուն և խնդրե´նք Նրանից, որպեսզի առաքի խաղաղության հրեշտակին, որն էլ գալով` այս երկյուղալի գիշերվա մեջ մեզ կպահպանի դիվական խռովությունից ու մեր հոգին և մարմինն անվնաս կպահի` մինչև մեր կյանքի ժամանակի ավարտը: Մեր Ամենակալ Տեր Աստված թող ապրեցնի և ողորմի:
Գիշերային այս հանգիստը խաղաղությամբ անցկացնելու համար հավատով Տիրոջից խնդրենք:
Շնորհի՛ր, Տե՛ր:
Խաղաղության հրեշտակին` մեր անձերին պահապան Տիրոջից խնդրենք:
Շնորհի՛ր, Տե՛ր:
Մեր հանցանքներին քավություն և թողություն Տիրոջից խնդրենք:
Շնորհի՛ր, Տե՛ր:
Սուրբ Խաչի մեծ և կարող զորությունը՝ իբրև մեր անձերին օգնություն, Տիրոջից խնդրենք:
Շնորհի՛ր, Տե՛ր:
Եվ նաև միաբան մեր սուրբ և ճշմարիտ հավատի համար Տիրոջն աղաչենք:
Տե՛ր, ողորմի՛ր:
Մեր անձերը և միմյանց Ամենակալ Տեր Աստծուն հանձնենք:
Տե՛ր, Քեզ ենք հանձնում մեր անձերը:
Ողորմի՛ր մեզ, Տեր Աստվա´ծ մեր, Քո մեծ ողորմության համաձայն, ասենք բոլորս միաբանությամբ:
Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:
Աղոթք
(Ավագ երեցի դասից)
Մեր Տե՛ր Աստված, Դու մեզ խաղաղությա´մբ պահիր այս գիշեր և բոլոր ժամանակներում: Մեր մտքերն ու խորհրդածումները բևեռվա´ծ պահիր Քո սուրբ երկյուղի վրա, որպեսզի Քո շնորհիվ ամեն ժամ պահպանված լինենք թշնամու որոգայթներից, և Քեզ մատուցենք օրհնաբանություն և փառք Հոր և Որդու և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Խաղաղություն ամենքին
Աստծուն երկրպագենք
Զորությունների´ Տեր, մեր անձերը հանձնի´ր խաղաղության հրեշտակին, որը գալով` մեզ անխռով կպահի թե´ ցերեկը և թե´ գիշերը, արթուն և քնած ժամանակ, քանի որ Դու ես լույսի Արարիչն ու գիշերը Հաստատողը: Եվ այժմ աղաչում ենք Քեզ, մեր Տե´ր Աստված, այս գիշերային հանգիստը շնորհի՛ր խաղաղությամբ անցկացնել ու հասնել առավոտվա սպասավորության ժամին` երկրպագություն և փառաբանություն մատուցելու Ամենասուրբ Երրորդությանդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
«Խաղաղութեամբ յայս եւ ի սոյն ննջեսցուք» [Դ] Սաղմոս
(Ավագ երեցի դասից)
Ալելուիա, Օրթի (ոտքի):
Խաղաղություն ամենքին
Նաև քո հոգուն:
Երկյուղածությա´մբ լսենք:
Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարանից, որը գրված է Հովհաննեսի կողմից (ԺԲ. 24)
Փառք Քեզ, մեր Տե´ր Աստված:
Պռօսխումէ (ուշադրություն):
Աստված ասում է:
(Ավագ երեցի դասից)
Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է.
«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա։ Ով սիրում է իր անձը, պիտի կորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար։ Եթե մեկն Ինձ ծառայի, Իմ հետևից կգա, և որտեղ Ես եմ, այնտեղ կլինի և Իմ ծառան. եթե մեկն Ինձ ծառայի, նրան կպատվի Իմ Հայրը»։
Քարոզ
(Աշակ. դաս.) Փառք Քեզ, մեր Տեր Աստված:
Սուրբ Խաչով աղաչե´նք Տիրոջը, որպեսզի այդ Խաչով մեզ փրկի մեղքից և ապրեցնի Իր ողորմության շնորհով: Մեր Ամենակա´լ Տեր Աստված, փրկի՛ր և ողորմի՛ր:
Աղոթք
(Ավագ երեցի դասից)
Պահպանի՛ր մեզ, մեր Աստվա´ծ Քրիստոս, Քո սուրբ և պատվական Խաչիդ հովանու ներքո` խաղաղության մեջ: Փրկի՛ր երևացող և աներևույթ թշնամուց, արժանավորի´ր գոհությամբ փառաբանել Քեզ Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Օրհնյալ է մեր Տեր Հիսուս Քրիստոսը. ամեն:
Հայր մեր, որ երկնքում ես…
Մաղթանք
Ընկնում ենք Քո առջև, սո´ւրբ Աստվածածին, և աղաչում ենք անարատ Կույսիդ. բարեխոսի՛ր մեր անձերի համար և աղաչի՛ր Միածին Որդուդ, որպեսզի մեզ փրկի փորձությունից և բոլոր տեսակի վտանգներից:
Դո´ւ, որ կապվածներին Արձակողն ես, [Քրիստո´ս], ամենքի Պարգևատո՛ւ, այսօր ծերունու աղաչանքով ինձ` բազմամեղիս նույնպես արձակի՛ր մահվան կապանքներից` հավիտենական կյանքի համար. ամեն:
Սուրբ Գրիգորի զորավոր աղոթքը բոլոր չարիքների և գիշերային արհավիրքների դեմ
ԲԱՆ ԺԲ.
Թարգմանությունը` հեղինակային (ԳԿ)
(Ավագ երեցի դասից)
Ընդունի՛ր սիրով, Տեր Աստված հզոր, աղաչանքներն իմ դառնացած սրտի: Քաղցր գթությամբ մոտեցի'ր Դու ինձ՝ ամոթահարիս: Փարատի՜ր, ամենապարգև՛, ամոթալի տխրություններս: Վերցրո՛ւ ինձնից, ողորմա՛ծ, անտանելի ծանրություններս: Հեռացրո՛ւ, հնարագե՛տ, մահացու սովորություններս: Խափանի՛ր, միշտ հաղթո՛ղ, խաբողի հրապույրները: Վանի՛ր, վերնայի՛ն, մոլորեցնողի մառախուղը: Կասեցրո՛ւ, ապրեցնո'ղ, կորուսչի ընթացքը: Ցրի՛ր, ծածկատե՛ս, կապկապողի չար հնարքները: Խորտակի՛ր, անքնի՛ն, մարտնչողի հարձակումները: Տյառնագրի՛ր անունովդ լուսացույց երդն իմ հարկի: Պարփակի՛ր Քո ձեռքով առաստաղը տաճարիս: Գծագրի՛ր Քո արյամբ սենյակիս մուտքի սեմը: Դրոշմի'ր Քո նշանը աղոթյալիս ճանապարհին: Ամրացրո'ւ Քո աջով խշտյակն[1] իմ հանգստի: Զե'րծ պահիր թակարդներից ծածկարանն իմ անկողնու: Պահպանի՛ր Քո կամքով տառապած հոգիս: Անխարդա՛խ դարձրու Քո շնորհած շունչը մարմնիս: Կանգնեցրո՛ւ իմ շուրջը երկնային Քո զորքերի պարը` որպես դիմամարտ դևերի գնդին:
Տո՛ւր հանգիստ բերկրալի մահահանգույն նիրհիս խորին գիշերում՝ բարեխոսությամբ սուրբ Աստվածածնիդ և բոլոր ընտրյալների: Տեսությանս պատուհանները, որոնք մտքի զգայարաններ են, այնպե'ս ամփոփիր ու պարուրիր, որ միշտ անսասանելիորեն պաշտպանվեն կենցաղական բոլոր հոգսերից, անրջական երազներից, խռովահույզ ծփանքներից և խենթ ու խոլական ցնորքներից, և աներկբա հույսիդ հիշատակով մնան անվնաս: Որպեսզի երբ սթափվեմ իմ ծանր քնից, ամենազգաստ արթնությամբ և հոգենորոգ զվարթությամբ Քո դեմ արձանացած`աղաչանքն իմ այս՝ հավատքի բուրմամբ, ո՜վ անճառ փառքերի ամենօրհնյալ Թագավոր, երգակցելով երկնագումար փառաբանող խմբին, Քո բարձունքն ի վեր՝ առաքեմ դեպի Քեզ: Քանի որ Դու փառավորյալ ես բոլոր արարածներից հավիտյանս հավիտենից. ամեն:
Նույն սուրբ Գրիգորի աղոթքը դևերի հարձակումներից պահպանության համար
ԲԱՆ ՂԴ
Թարգմանությունը` հեղինակային (ԳԿ)
Աստվա՜ծ հավիտենական, բարերար և ամենակալ, Ստեղծող լույսի և հորինող գիշերի, Դու կյանք՝ մահվան մեջ, և լույս՝ խավարում, հույս՝ սպասողների և համբերություն տարակուսյալների, որ ամենարվեստ Քո իմաստությամբ մահվան ստվերը փոխում ես այգի: Աննվազ ծագում և անմայրամուտ արեգակ, գիշերվա մութն անզոր է իսպառ քողարկել Քո տերունական փառքը, որին ծնրադիր երկրպագում են բոլոր արարածներն, երկնավորներն ու երկրավորները և սանդարամետականները: Դու լսում ես հեծեծանքները կապյալների, ունկնդրում խոնարհների աղոթքին: Եվ ընդունում ես նրանց խնդրանքները, Աստված իմ և Թագավոր իմ, կյանք իմ և ապավեն իմ, հույս իմ և վստահություն իմ, Տե՜ր Հիսուս Քրիստոս, Աստված բոլորի, սրբերի սրտում հանգչող Սո՛ւրբդ Դու, վշտերի մխիթարություն և մեղավորների քավարան, որ գիտես ամեն ինչ՝ նրանց լինելուց առաջ: Ուղարկի՛ր պաշտպան զորությունն աջիդ և գիշերային երկյուղից ու չար դևից ինձ փրկիր, որպեսզի Քո սոսկալի և սուրբ անվան հիշատակը միշտ համբուրելով հոգուս շուրթերով՝ ըղձական շնչով ապրեմ պահպանված բոլոր նրանց հետ, որոնք անդադար ի բոլոր սրտե Քեզ են կանչում, Տե՜ր:
Եվ Քո խաչի նշանի դրոշմից, որ աստվածային արյամբդ ներկելով Դու նորոգեցիր և մկրտելով մեզ որդեգրեցիր ու նկարեցիր և հորինեցիր պատկերիդ փառքով, պարգևներով այդ աստվածային թող ամոթահար լինի սատանան, մեքենայությունները թող քանդվեն ու որոգայթները վերացվեն, մարտնչողները թող որ պարտվեն, և թող չլինեն զենքեր սայրասուր, մշուշը ցնդի, մութը փարատվի, մառախուղն անցնի: Թող բազուկդ հովանի լինի և աջդ կնքի, քանզի գթած ես Դու և ողորմած, և Քո անունով են կոչվում ծառաներդ: Եվ Քեզ՝ Հոր ու Սուրբ Հոգուդ հետ փառք և իշխանություն հավիտյանս հավիտենից. ամեն:
Նույն սուրբ Գրիգորի զորավոր աղոթքը
ԲԱՆ ԽԱ
Թարգմանությունը` հեղինակային (ԳԿ)
Որդի՛ կենդանի Աստծո, ամենաօրհնյա՛լ, Անքնին ծնունդ Դու ահավոր Հոր, Քեզ համար չկա անհնար ու անկարելի ոչինչ: Երբ ողորմությանդ փառքի անստվեր ճաճանչները ծագեն, կհալվեն մեղքերը, կհալածվեն դևերն ու կջնջվեն հանցանքները, կխզվեն կապանքները, կխորտակվեն շղթաները, կկենդանանան մեռյալները, կբուժվեն զարկվածները, և վերքերը կառողջանան: Կվերանան ապականությունները, տեղի կտան տխրությունները, կնահանջեն հեծությունները, կփախչի խավարը, ու մեգը կմեկնի, կցրվի մառախուղը, և մռայլը կփարատվի: Կսպառվի աղջամուղջը, կվերանա մութը, ու գիշերը կանցնի, տագնապը կտարագրվի, կչքանան չարիքները, հուսահատությունները կհալածվեն, և կթագավորի Քո ամենակարող ձեռքը, քավի՛չդ բոլորի:
Դու չեկար կորցնելու մարդկանց հոգիներն, այլ ազատելու: Ների՛ր ինձ անթիվ չարիքներս՝ քո բազում ողորմությամբ, քանի որ միայն Դու ես երկնքում անճառ և երկրում՝ անզնին, գոյության տարրերի մեջ և աշխարհի բոլոր ծագերում, Սկիզբն ամեն ինչի, և ամեն ինչի մեջ՝ ամբողջ լրումով, օրհնյա՜լ ի բարձունս: Եվ Քեզ՝ Հոր ու Սուրբ Հոգուդ հետ՝ փա՜ռք հավիտյանս. ամեն:
Նույն սուրբ Գրիգորի աղերսը` ուղղված Տիրամայր Սուրբ Աստվածածնին
Բան Ձ
Թարգմանությունը` հեղինակային (ԳԿ)
Եվ արդ, այսքան հուսահատությունների և ահարկու սրտաբեկությունների
Ու աստվածային բարկության ահաբեկիչ սաստկությանը ենթարկվելուց հետո,
Թախծալից ոգով, իսպառ տագնապած՝
Աղաչում եմ քեզ, սո´ւրբ Աստվածածին,
Հրեշտակ` մարդկանց միջից, մարմնակերպ քերովբե, երկնավոր արքայուհի.
Օդի նման անխառն, լույսի պես մաքուր,
Բարձր արուսյակի պատկերի նման անշաղախ,
Անաղարտելի սրբություններից էլ ավելի գերազանց բնակարան,
Երանավետ խոստման դու վայր, շնչավոր Եդեմ,
Անմահ կյանքի ծառ՝ բոցեղեն սրով շրջերիզված,
Բարձրյալ Հորից զորացած և հովանավորված,
Հոգու հանգստությամբ հանդերձավորված և մաքրագործված,
Որդու բնակությամբ հարդարված և տաղավարված,
Նրա´, Ով Հոր Միածինն ու քո Անդրանիկն էր,
Ծնունդով` քո Որդին, բայց արարչությամբ ` քո Տերը,
Դու անաղտ մաքրություն ունես, ո~վ անբիծ բարի,
Եվ անարատ սրբություն, ո~վ խնամակալ բարեխոս:
Ընդունի՛ր քեզ դավանողիս այս աղերսալից խնդրանքները,
Եվ այն մատուցիր ու ընծայիր [Աստծուն]`
Այս խոսքերիս խառնելով նաև մեծիդ մատուցված իմ այն առաջին պաղատալից ներբողը.
Իմ` մեղավորիս դառնագին հեծությունը հյուսի´ր և միացրո´ւ
Քո երջանկավետ ու խնկաբույր աղերսների հետ:
Կյանքի օրհնված պտղի ո~վ տունկ,
Թող որ միշտ քո օգնությունը ստացած և բարերարված
Ու մաքրամաքուր Ծնելությանդ ապավինած և լուսավորված՝
Ապրեմ Քրիստոսի` քո Որդու և Տիրոջդ հետ:
Օգնի՛ր թևավոր քո աղոթքներով, ողջերի խոստովանված մա´յր,
Եվ երբ որ ես դուրս ելնեմ այս երկրի հովտից,
Թող որ առանց տանջանքների գնամ դեպի կյանքի համար պատրաստված օթևանները,
Որպեսզի իմ` անօրենությամբ ծանրացածիս վախճանը թեթև լինի:
Իմ տագնապի օրն ինձ համար բերկրության տո´ն դարձրու,
Ո~վ առողջացնողդ Եվայի երկունքների:
Բարեխոսի´ր, խնդրի՛ր, աղաչի´ր,
Քանի որ ես, անճառելի մաքրությանդ նայելով,
Հավատում եմ, որ նաև խոսքե´րդ ընդունելություն կգտնեն:
Արտասուքով օգնի´ր դու վտանգվածիս, գովվա՜ծդ կանանց մեջ.
Ծո´ւնկ խոնարհեցրու իմ հետ հաշտության համար, ծնո՜ղդ Աստծո,
Հոգա´ իմ` թշվառիս համար, Բարձրյալի խորա՜ն.
Ձեռք տուր ընկածիս, տաճա՜ր երկնային:
Փառավորի´ր Որդուդ քեզանով,
Որ աստվածորեն հրաշագործի` ինձ քավություն և ողորմություն շնորհելով,
Ո՜վ Աստծո աղախին և մայր:
Թող որ ինձանով բարձրանա պատիվդ
Եվ իմ փրկությունը ցույց տրվի քեզնով:
Եթե ինձ գտնես, Տիրամա՜յր,
Թե ինձ ողորմես, սրբուհի՛,
Թե կորսվածիս վերագտնես, անարա՛տ:
Թե խրտնածիս խնամարկես, երջանի՛կ,
Թե ամոթահարիս առաջ մատուցես, բարեշնո՛րհ,
Թե միջնորդես ինձ` հուսահատվածիս համար, Աստծո՛ւց մեծարված,
Թե մերժվածիս ընտանեցնես,
Թե ինձ ցույց տաս գթությունդ, լուծի՛չդ անեծքների,
Թե ծփացողիս ամրապնդես, հանգի՛ստ,
Թե հուզումնալից խռովքներից ինձ հանդարտեցնես, խաղաղարա՛ր,
Թե վրիպածիս մի հնարավորություն էլ տաս, գովյա՜լ,
Թե ինձ համար մտնես ասպարեզ, մա´հը նահանջեցնող,
Թե իմ դառնությունն անուշացնես, քացրությո՜ւն,
Թե իմ բաժանման արգելքները քանդես, հաշտությո՛ւն,
Թե վերացնես իմ անմաքրությունը, եղծմա՛ն ընդոտնիչ,
Թե փրկես մահվան մատնվածիս, կենդանի՜ լույս,
Թե լացիս ձայնը կտրես, բերկրությո՛ւն,
Թե կազդուրես խորտակվածիս, կյանքի՛ սպեղանի,
Թե կործանվածիս վրա մի հայացք գցես, հոգելի՛ց,
Թե ողորմությամբ ինձ հանդիպես, նվիրակա՛ն կտակ,
Որ օրհնված ես միայն երջանկալեզու անբիծ շուրթերից:
Ահա երբ կուսությանդ կաթից մի կաթիլը
Իմ մեջ է անձրևում, այն կյանքի զորություն է տալիս ինձ,
Ո՜վ դու մայր Բարձրյալ Տեր Հիսուսի`
Երկնքի և համայն երկրի Արարչի, Որին դու ծնեցիր անճառապես`
Բովանդակ մարմնով և համայն Աստվածությամբ,
Եվ Որը փառավորված է Հոր և Սուրբ Հոգու հետ`
Էությամբ և անքննությամբ մեր բնության հետ միացած լինելով,
Նա Ամենն է և ամեն ինչում, Մեկը` Երրորդությունից,
Նրան փա՜ռք հավիտյանս հավիտենից. ամեն:
Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի համար աղոթք,
որը գրված է Հայոց Կաթողիկոս
Սուրբ Տեր Ներսես Շնորհալու կողմից
Թարգմանությունը` հեղինակային (ԳԿ)
(Ավագ երեցի դասից)
Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ` Հայր, Որդի և Սուրբ Հոգի, անստեղծ և անմահ Բնություն, հրեշտակների, մարդկանց և բոլոր ստեղծվածների Արարիչ, ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ, անբաժանելի Լո՛ւյս, միասնական Սուրբ Երրորդություն և Մի Աստվածություն, Արարիչ լույսի և հալածիչ խավարի: Հալածի՛ր իմ հոգուց մեղքերի ու անգիտության խավարը խավարը և լուսավորի՛ր միտքս` այս ժամին Քեզ բարեհաճը աղոթելու և իմ խնդրածները Քեզնից ընդունելու համար. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Հա'յր երկնավոր, Աստվա՛ծ ճշմարիտ, որ առաքեցիր Քո սիրելի Որդուն մոլորված ոչխարիս փնտրելու համար, մեղանչեցի երկնքի դեմ ու Քո առաջ, ընդունի՛ր ինձ, ինչպես անառակ որդուն, և հագցրո՛ւ ինձ այն առաջին պատմուճանը, որից զրկվեցի մեղքի պատճառով, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Որդի' Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ հայրական ծոցից իջար և մարմին առար սուրբ Կույս Մարիամից` մեր փրկութեան համար, խաչվեցիր, թաղվեցիր ու Հարություն առար մեռյալներից և փառքով Համբարձվեցիր Հոր մոտ, մեղանչեցի երկնքի դեմ ու Քո առաջ, հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին, երբ գաս Քո արքայությամբ, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Հոգի' Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ իջար Հորդանան և Վերնատուն ու լուսավորեցիր ինձ սուրբ Ավազանի մկրտությամբ, մեղանչեցի երկնքի դեմ ու Քո առաջ, ինձ վերստին մաքրի՛ր Քո աստվածային հրով, ինչպես հրեղեն լեզուներով՝ սուրբ առաքյալներին, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Անե՛ղ Բնություն, մեղանչեցի Քո դեմ իմ մտքով, հոգով և մարմնով, անուն Քո սուրբ անվան մի՛ հիշիր իմ նախկին մեղքերը, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Ամեն ինչ Տեսնո՛ղ, մեղանչեցի Քո դեմ մտքով, խոսքով և գործով, ջնջի՛ր իմ հանցանքների ձեռագիրը և գրի՛ր անունս Կյանքի Գրքում, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Գաղտնիքնե՛ր Քննող, մեղանչեցի Քո դեմ կամովին և ակամա, գիտությամբ ու անգիտությամբ, թողությո՛ւն շնորհիր մեղավորիս, քանզի սուրբ Ավազանի ծննդից մինչև այսօր մեղանչել եմ Աստվածությանդ դեմ իմ զգայարաններով ու մարմնիս բոլոր անդամներով, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Ամենախնա՛մ Տեր, Քո սուրբ երկյուղը պահապա՛ն դիր իմ աչքերին, որ այլևս անպատկառ չնայեն, և ականջներիս, որ չախորժեն չար խոսքեր լսել, ու բերանիս, որ սուտ չխոսի, և սրտիս, որ չարը չխորհի, և ձեռքերիս, որ անիրավություն չգործեն, ու ոտքերիս, որ չընթանան անօրենության ճանապարհներով, այլ ուղղորդի՛ր սրանց ընթացքը` ամեն ինչում միշտ հետևելու Քո պատվիրաններին, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Հո'ւր կենդանի Քրիստոս, Քո սիրո հուրը, որ վառեցիր երկրի վրա, բորբոքի՛ր իմ մեջ, որպեսզի այրի հոգուս ախտերը, սրբի իմ խղճմտանքը և մաքրի մարմնիս մեղքերն ու Քո գիտության լույսը վառի իմ սրտում, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Հոր իմաստություն Հիսո՛ւս, ինձ իմաստությո՛ւն տուր, որ ամեն ժամ Քո առջև բարին խորհեմ, խոսեմ ու գործեմ, փրկի՛ր ինձ չար մտքերից, խոսքերից ու գործերից, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Բարի'ք կամեցող, Տե՛ր կամարար, ինձ թույլ մի՛ տուր ըստ իմ կամքի ընթանալ, այլ առաջնորդի՛ր ինձ՝ միշտ ընթանալու Քո բարեսեր կամքի համաձայն, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս:
Արքա՛ երկնավոր, տո՛ւր ինձ Քո արքայությունը, որը խոստացար Քո սիրելիներին, և զորացրո՛ւ իմ սիրտը, որ ատի մեղքը, սիրի միայն Քեզ և Քո կամքը կատարի, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Խնամո'ղ արարածների, Խաչիդ նշանով իմ հոգին և մարմինը հեռո'ւ պահիր մեղքերի պատրանքներից, դևերի փորձություններից, անիրավ մարդկանցից ու հոգու և մարմնի բոլոր վտանգներից, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Ամենքի պահապա՛ն Քրիստոս, Քո աջը թող հովանի լինի ինձ վրա ցերեկը և գիշերը, տանը նստած ժամանակ, ճանապարհ գնալիս, քնած և արթուն ժամանակ, որպեսզի երբեք չսասանվեմ, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Աստվա'ծ իմ, որ բացում ես ձեռքերդ և բոլոր արարածներին լցնում ես Քո ողորմությամբ, Քեզ եմ հանձնում իմ անձը. Դու հոգա և պատրաստիր հոգուս ու մարմնիս կարիքները` այսուհետև մինչև հավիտյան, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Մոլորյալներին դարձի՛ բերող, ինձ իմ չար սովորություններից դարձրո՛ւ դեպի բարի սովորություն և հոգուս մեջ բևեռի՛ր մահվան սոսկալի օրը, գեհենի երկյուղը և արքայության սերը, որպեսզի զղջամ մեղքերիս համար ու արդարություն գործեմ, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Անմահությա՛ն Աղբյուր, իմ սրտից ապաշխարության արցունքնե՛ր բխեցրու, ինչպես պոռնիկի [սրտից բխեցրիր], որպեսզի լվանամ իմ հոգու մեղքերը` աշխարհից հեռանալուցս առաջ, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Պարգևի՛չ ողորմության, պարգևի՛ր ինձ ուղղափառ հավատով, բարի գործով և Քո սուրբ Մարմնի ու Արյան հաղորդությամբ գալ Քեզ մոտ, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Բարերա'ր Տեր, ինձ բարի հրեշտակի՛ հանձնիր, որպեսզի հոգիս քաղցրությամբ ավանդեմ և անխռով հաղթահարեմ երկնքի ներքո գտնվող դևերի չարիքները, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Լո'ւյս ճշմարիտ Քրիստոս, իմ հոգուն արժանացրո'ւ կանչի օրն ուրախությամբ տեսնել Քո փառքի լույսը և բարիքների հույսով հանգչել արդարների օթևաններում` մինչև Քո գալստյան մեծ Օրը, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Արդա՛ր Դատավոր, երբ գաս Հոր փառքով՝ դատելու ողջերին ու մեռյալներին, դատ մի՛ արա Քո ծառայի դեմ, այլ փրկի՛ր ինձ հավիտենական հրից և ինձ համար լսելի՛ դարձրու արդարներին դեպի Երկնքի արքայությունդ հրավիրող երանավետ կանչը, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Ամենողո'րմ Տեր, ողորմի՛ր բոլոր Քեզ հավատացողներին, յուրայիններին ու օտարներին, ծանոթներին և անծանոթներին, ողջերին ու մեռյալներին. թողությո՛ւն շնորհիր նաև իմ թշնամիներին ու ինձ ատողներին` իմ դեմ գործած հանցանքների համար, և հե՛տ դարձրու նրանց չարիքից, որ պահում են իմ դեմ, որպեսզի արժանի լինեն Քո ողորմությանը, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Փառավորյա՛լ Տեր, ընդունի՛ր Քո ծառայի աղաչանքները և ի բարի՛ կատարիր իմ խնդրանքները՝ բարեխոսությամբ սրբուհի Աստվածածնի, Հովհաննես Մկրտչի, սուրբ Ստեփանոս Նախավկայի, մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի և սուրբ առաքյալների, մարգարեների, վարդապետների, մարտիրոսների ու հայրապետների, ճգնավորների, կույսերի, միանձանց և Քո բոլոր երկնավոր ու երկրավոր սրբերի, և Քեզ` անբաժանելի Սուրբ Երրորդությանդ, փա՜ռք և երկրպագություն հավիտյանս հավիտենից. ամեն:
Մաղթանք
Հանուն սրբուհի Աստվածածնի բարեխոսության ընդունի´ր մեր աղաչանքները և փրկի´ր մեզ:
Քարոզ
(Աշակ. դաս.) Սուրբ Աստվածածնին և բոլոր սուրբերին բարեխո´ս դարձնենք Հոր առաջ`երկնքում, որպեսզի Նա կամենա ողորմել ու գթությամբ փրկել Իր արարածներին: Մեր Ամենակա´լ Տեր Աստված, փրկի´ր և ողորմի´ր:
Աղոթք
(Ավագ երեցի դասից)
Ընդունի՛ր, Տեր, մեր աղաչանքները սուրբ Աստուածածնի` Միածին Որդուդ անարատ ծնողի բարեխոսությամբ և Քո բոլոր սրբերի ու նրա´նց աղաչանքներով, որոնց հիշատակության օրն է այսօր (կամ` Քո բոլոր սրբերի աղաչանքներով և այս օրվա շնորհներով): Լսի՛ր մեզ, Տեր, և ողորմի՛ր, ների՛ր, քավի՛ր և թողությո´ւն շնորհիր մեր մեղքերին: Արժանավորի´ր գոհաբանությամբ փառավորել Քեզ` Որդու և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Օրհնյալ է մեր Տեր Հիսուս Քրիստոսը. ամեն:
Հայր մեր, որ երկնքում ես…
Մաղթանք
Հանգստյան այս աղոթքը և աղաչանքը ընդունի´ր, մարդասե՛ր Աստված, Քո բարերար կամքի հաճությամբ, մեզ թողությո՛ւն շնորհիր մեր մեղքերից ու բազում հանցանքներից և Քեզ փա՜ռք հավիտյանս. ամեն:
Աղոթք
(Ավագ երեցի դասից)
Փա՜ռք Քեզ, մեր Տե´ր Աստված, որ պարգեևցիր այս օրը բարեհաջող և խաղաղությամբ անցկացնել:
Մարդասե´ր Աստված, մեզ վրա եկող այս առաջիկա գիշերվա ընթացքում փրկի՛ր մեզ մեղքերից, ազատի՛ր չարիքներից և առաջնորդի՛ր դեպի բարի գործերի:
Քո սուրբ անվան բոլոր հավատացողներին առավոտյան օրհնաբանություններին և փառաբանություններին արժանի՛ դարձրու և պահի՛ր խաղաղության մեջ:
Մեր Տե´ր Աստված, Քո խաղաղությո´ւնը տուր համայն աշխարհին, վերացրո´ւ ցասումն ու պատուհասները արարածներիս վրայից:
Ողորմի՛ր մեր հայրերին և եղբայրներին, ողջերին ու հանգուցյալներին:
Ողորմի՛ր Եկեղեցի կառուցողներին, բարեգործներին, պտղատուներին, սպասավորներին և նրա´նց, ովքեր հանգչում են այս սուրբ տաճարի հովանու ներքո:
Տե´ր Աստված, օգնի՛ր քրիստոնյա թագավորներին և բարեպաշտ իշխաններին, նրանց զորքերին ու զավակներին՝ պահելով խաղաղության մեջ:
Մեր Տե´ր Աստված, Քո ողորմած կամքով ամբողջական և անխռո´վ պահիր մեր առաջնորդներին և եղբայրությունը:
Քո սուրբ և պատվական Խաչի նշանով մեր սահմաններից և մեր բնակության վայրերից հալածի՛ր երևացող և աներևույթ թշնամուն: Փրկի՛ր մեզ հավիտենական հրից, և Քեզ փա՜ռք հավիտյանս. ամեն:
Օրհնվա´ծ լինեք Սուրբ Հոգու շնորհներով, գնացեք հանգստացե՛ք խաղաղությամբ, և Տերը թող լինի ձեզ և ամենքիդ հետ. ամեն:
[1] «Ծղոտից կամ կտորից պատրաստված հասարակ անկողին, հարդանկողին» կամ «ծառաների համար նախատեսված փոքրիկ խուց»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: