Այդ գիշերը ողջ միաբանությունը մնաց ճաշարանում, որովհետև մեծ ցանկություն ուներ` լսելու հրաշագործ վարդապետներին: Գրիգոր վարդապետը իրենց ներկայացրեց և ծանոթացրեց միաբաններին և խոսեց Ամրդոլի վանքի և Վարդան վարդապետի մասին, բայց նպակահարմար չգտավ խոսել իրենց միջև ծագած խնդիրների մասին: Երբ հերթը հասավ կատարված հրաշքին, Գրիգոր վարդապետը խոսքը փոխանցեց Հովհաննես Կոլոտին, որովհետև ուզում էր, որ ունկնդիրները լավ տպավորություն ստանային, քանի որ վերջինիս լեզուն չափազանց գունագեղ էր: Կոլոտ վարդապետն իսկապես այնպե՜ս շքեղորեն ու դրամատիկ ներկայացրեց իրողությունը, որ ունկնդիրներից շատերը լաց եղան և փառք տվեցին Աստծուն` Առաքելական դարի այս հրաշքի համար: Երբ նա իր խոսքն ավարտեց, խորհրդավոր լռություն տիրեց ողջ սրահով մեկ: Ունկնդիրները զգացին, որ իրենց հոգին նույնպես գոհունակ է այդ գիշեր: Լռությունը խզվեց Հայր Թովմասի հարցադրումով, որն ուղղված էր Կարապետ սրբազանին:
– Աբբահայր, ինչպիսի՞ն է մեռյալների վիճակը մահից հետո: Իսկապե՞ս Վարդան վարդապետի հոգին էր հայտնվել: Բոլոր մեռյալները այս աշխարհի հետ կապ ունե՞ն, թե՞ միայն այդ բանը սրբերին է վերապահված: Մեռյալների հոգիները անգիտակից քնա՞ծ են, թե՞ արթուն, ինչպես երազային վիճակում գտնվողը:
– Համբերի՛ր, համբերի՛ր, Թովմաս վարդապետ: Մի շնչով ամբողջ մեկ տարվա դասընթացի հարցումները ներկայացրիր: Այսօր, այս գիշեր, իհարկե, նպատակահարմար չեմ գտնում պատասխանելու: Միայն մեկ պատասխան կտամ քեզ: Ընդհանրապես աստվածաբանները միայն մեկ պատասխանի ետևից են ընկնում` մոռանալով երկրի և երկնքի անհամար հարստությունները: Բողոքականներն ասում են, որ միայն երկու վիճակ գոյություն ունի` դրախտ կամ դժոխք: Սակայն կաթոլիկը ավելացնում է նաև քավարանը: Այսպիսով, այն վերածվում է երեք վիճակի: Իսկ մենք ասում ենք. «Չգիտենք, քանի որ սուրբ գրությունների մեջ բավարար չափով հայտնություն չկա այդ մասին, որպեսզի բոլոր ննջեցյալների համար մի ընդհանուր վարդապետություն զարգացնենք»: Երբ հարցումներդ էիր ուղղում, մի պահ Վարդան վարդապետի հետ զրույցս հիշեցի: Ես նույն հարցերն էի տվել նրան, իսկ ինքը այնպիսի՛ համեմատություններ արեց, որ դրանից հետո այլևս նման հարցումներ անելու ախորժակ չունեցա:
Կարապետ սրբազանը դադար տվեց խոսքին ու օշարակ լցրեց իր համար: Կամաց–կամաց ըմպեց բաժակի պարունակությունը այնպես, որ ուղղակի համբերությունից հանեց ներկա վարդապետներին, որոնք, իրենց շունչը պահած, սպասում էին Վարդան վարդապետի տված պատասխանին, որ լուծելու էր հետմահու բոլոր հարցումները` նման Ալեքսանդր Մակեդոնացու սրին, որ մի հարվածով կտրել, դեն էր նետել Անկյուրիոնի անքակտելի հանգույցը: Բայց վանահայրը, չգիտես ինչու, չէր աճապարում: Այս անգամ էլ իր կողքին գտնվող վարդապետներին օշարակ լցրեց: Ի վերջո, ներկա վարդապետներից մեկն ընդվզեց.
– Ի՞նչ է, այսպես ձգձգելով` տանջելուց հաճո՞ւյք ես ստանում, սրբազան: Մի՛ պայթեցրու մեզ. ի՛նչ ասաց Վարդան վարդապետը:
– Վարդան վարդապետի երկու լավագույն աշակերտները մեզ մոտ են: Թող որ նրանցից լսենք, թե իրենց վարդապետը ի՛նչ էր սովորեցնում այսպիսի խնդիրների շուրջ: Բարի սրբազանը դիտումնավոր կերպով նորեկների վարկը ցանկանում էր բարձրացնել իր միաբանության աչքին: Գրիգոր վարդապետը սկսեց բացատրել.
– Հանգուցյալը այսպիսի համեմատություն էր անում. չգիտեմ, թե ա՞յդ է արդյոք սրբազան հոր ակնարկը: Ասենք, որ մյուս աշխարհում հոգևոր արարածներ կան և տեսնում են, որ մարդկանց հոգիները կորչում են հանկարծ և մյուս աշխարհ գնում: Այս պարագայում` մեր աշխարհն է, իհարկե, այս «մյուսը»: Եվ դրանից հետո երբե՛ք ու երբե՛ք նրանք լուր չեն ստանում կորուսյալ հոգիներից, և մեր աշխարհը անթափանցելի է դառնում այս արարածների համար: Միայն թե անհստակ որոշ բաներ լսել են մի շարք հրեշտակներից, թէ ոմանք երջանիկ են դառնում այնտեղ, իսկ ոմանք էլ` տառապում: Սա սխալ չէ: Սակայն այս արարածները, հենվելով այս ընդհանրական բացատրության վրա, այսպես ասած, անվիճելի վարդապետություններ են հորինում, համաձայն որի` կորուսյալ հոգիները աշխարհ կոչված մի տեղ են գնում` երկու հստակ բաժանումներով. ոմանք ծովի մեջ են բնակվում, ոմանք էլ` անապատի, ոմանք` բևեռներում, ոմանք էլ հասարակածային գոտում, ոմանք բարի են լինում, ոմանք էլ` չար, ոմանք միշտ երջանկության մեջ են, ոմանք էլ` տառապանքի, ոմանք քաջառողջ են, իսկ ոմանք էլ` մշտապես հիվանդ վիճակում, ոմանք` միշտ հարուստ և կամ` բացարձակ աղքատ: Հարցադրումն այս է: Որքանո՞վ ճիշտ պիտի լիներ իրենց այս տեսությունը մեր աշխարհի և նրա բնակիչների վերաբերյալ:
– Ո՛չ մի առումով էլ ճիշտ չպետք է լինի, երբ որ նման կացությունը բաժանող երկու հոգի անգամ չեք կարող գտնել աշխարհիս վրա, ո՞ւր մնաց հնարավոր լինի յուրաքանչյուր բարդություն բաժանել երկուսի, – պատասխանեց Թովմաս վարդապետը:
– Ուրեմն մենք իրավունք ունե՞նք երկինքները և այնտեղ գնացած հոգիների վիճակը միայն երկուությամբ բացատրելու և գերակշռությունը զիջելու միայն սևի և սպիտակի: Որքա՞ն ճշմարտացի կլիներ ծիածանը պատկերել միայն մոխրագույնի տոներով: Սրբերի հայտնությունները մեզ սովորեցնում են, որ չկա մեկ դժոխք, այլ կան դժոխքներ, չկա ոչ միայն մեկ դրախտ, այլ կան դրախտներ, բանտեր, սպասման կայաններ, անիմանալի և անբացատրելի հոգեվիճակներ: «Մարդկանց համար մեկ անգամ մեռնել և հետո դատվել սահմանված է», – ասում է Պողոս առաքյալը: Ո՞վ կարող է ասել, որ այդ դատաստանի արդյունքը միայն երկու տեսակ պետք է լինի, ու Տիրոջ ձեռքից խլել անհուն կարելիությունների իրավունքը: Ուրեմն` ավելորդ է և վնասաբեր սուրբ գրությանց ընդհանուր հայտնություններից մանրամասնյալ և կամ ստույգ պատկերացումների հանգելը: Վարդան վարդապետն ասում էր մեզ. «Որքան սաղմը իր մոր արգանդում կարող է երևակայել այս աշխարհը, նույնքան էլ մարմնի մեջ թաղված մարդը հնարավորություն ունի երևակայել երկնքի խնդիրները: Լավ է առանց նախապաշարումների և նախօրոք կազմված հղացքներից զերծ մեռնել, քան թե պայմանավորված մտածումներով մտնել անդենական աշխարհ: Աստված մեծ շնորհ է անում մեզ` ցույց չտալով մյուս աշխարհը, ինչպես մայրերն են իրենց զավակների աչքերը փակում, երբ չար բաներ են պատահում իրենց առջև, որպեսզի նրանք այդ բանից չազդվեն և չվախենան»: Աստծո կամքն այն է, որ մենք միմիայն այս աշխարհի վրա կենտրոնանանք և մեծանանք Սուրբ Հոգու շնորհների մեջ և մերժենք մյուս աշխարհի վերաբերյալ տնօրինությունները պատկերազարդել, այլ հավատքով վստահել Իր նախախնամությանը: Ահա այս էր հանգուցյալ վարդապետի սովորեցրածը:
Երբ Գրիգոր վարդապետը խոսում էր, բոլոր ներկաները հիանում էին նրա բացատրությունների այս ոճի, բերված օրինակների և համեմատությունների վրա: Այս շատ կարճ բացատրության մեջ շատերը գտան տարիներ շարունակ իրենց մտատանջող հարցումներից դուրս գալու տրամաբանական ճանապարհը և աստվածաբանական հասուն մի մեթոդ, որ մերժում է ստույգ ու վերջնական պատասխաններ գտնելու և հաղորդելու այն նյութերի մասին, որն Աստված թանձր մշուշով ծածկել է մեր ըմբռնողությունից այս աշխարհային կյանքում:
– Ուրեմն, ես իմ հարցումների պատասխանը այսպես կարող եմ հասկանալ, – ասաց հայր Թովմասը: Ըստ ձեր բացատրության` հնարավոր է, որ ոմանք անգիտակից քուն մտնեն հետմահու, իսկ ոմանք էլ արթուն լինեն և ոմանք` երազային վիճակում: Ոմանց հոգիները հրեշտակները տանեն դրախտ, իսկ ոմանց` երկինք, իսկ ոմանք էլ հարություն իսկ առած լինեն, ինչպես Հիսուսի խաչելության պահին: Մի շարք մարդիկ կրակների մեջ այրվելով են բուժվում, իսկ ոմանք էլ` մեղավորները, զնդանների մեջ են վճարում իրենց պարտքը հակառակորդին և դուրս են գալիս` «վճարելով վերջին լուման»: Որոշ չար մարդիկ թերևս ոչնչանում են ամբողջովին, իսկ ոմանք սատանայի կողմից տանջվում, մյուսներն էլ` հրեշտակների կողմից բանտարկվում: Ոմանք այնպե՛ս են նվիրվում սատանային, որ դևի են վերածվում նրանց հոգիները և շրջում այս աշխարհի վրա` մաս կազմելով չարի բանակին, և ոմանք էլ այնքա՜ն են նվիրվում Քրիստոսին, որ վերածվում են հրեշտակի, ՎաՐդան վարդապետի նման, և շտապում են` մարդկանց օգնելու: Նրանք վերածվում են սպասավոր հոգիների` Հաղթական Եկեղեցու: Ոմանք քնում են օդի, ջրի և հողի մեջ, ինչպես Հայտնության գիրքն է ասում, ու պիտի արթնանան նրանք Վերջին Դատաստանին, իսկ ոմանք արդեն իսկ դատված են և Աստծո Լույսի խորանի մեջ հանգստանում են կատարյալ գիտակցությամբ` ըստ նույն Գրքի: Ոմանց հոգիները արդեն իսկ հասել են կատարելության, իսկ ոմանք, ինչպես մանուկների պարագային, շարունակում են հասունանալ: Որոշ մարդիկ քառասուն օր շրջում են այս աշխարհի վրա, իսկ ուրշիշները` քառասուն տարի: Թովմաս վարդապետը խորը շունչ քաշեց և դիմեց Գրիգոր վարդապետին.
– Ի՞նչ ես ասում, ճիշտ հասկացե՞լ եմ ձեր վարդապետի ուսուցումը:
– Դրանից ավելի լավը չէր լինի: Միայն դեռևս մեկ նրբություն կա, հայր սուրբ: Այս բոլորից հետո էլ պետք է կասկածենք և վերջնական վճիռ չկայացնենք: Մենք, ինչպես մեր եկեղեցին է սովորեցնում մեզ, խոնարհաբար աղոթենք ննջեցյալների հոգիների համար և վստահենք Նրա ողորմածությանը: Այնուհետև Գրիգոր վարդապետը դարձավ դեպի սրբազանը և ասաց.
– Չգիտեի, որ ճանաչում եք մեր վարդապետին անձամբ: Որտեղի՞ց է գալիս ձեր ծանոթությունը, կարո՞ղ եք պատմել:
– Հետո՛ կպատմեմ ձեզ:
– Մենք էլ ենք ցանկանում լսել, աբբահայր, – սրդողած վրա բերեցին միաբանները:
– Քնելու ժա՛մն է արդեն, մե՛ր օրենքը չխախտենք:
– Մեր հիմնական օրենքը քնի դեմ պայքարելը չէ՞, սրբազան, – ասաց երեց հայր սուրբերից մեկը: – Երկար տարիներից ի վեր այսպիսի հոգևոր զրույց չէինք ունեցել:
Ով քունը նախընտրում է, թող գնա քնելու: Ես` անձամբ, Վարդան վարդապետի մասին լսել եմ ուզում:
Միաբանների հանած աղմուկը կարծես մի տեսակ քվեարկություն լիներ: Պիտի մնային` Վարդան վարդապետի մասին ավելին լսելու համար:
Հաջորդ գլուխը՝
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: