Կոլոտն առաջին անգամ Ստամբուլը դիտեց Սկյուտարի ափերից` առաջին իսկ հայացքից հափշտակվելով նրա գեղեցկությամբ: Ծովի հետ ևս նրա առաջին հանդիպումն էր. աստվածային ընդարձակ մի տարածություն, որի անսահման մեծությունը հորիզոնն անկարող էր ընդգրկել:
Այս կապույտ անհունի շուրջը դրախտային տեսարաններ էին բացվել` իբրև աստվածային և մարդկային հանճարի արդյունք` խնամված տներ և ծաղկավետ պարտեզներ:
Առաջին հայացքից սիրահարվել էր Վարդապետը իր երազնրի քաղաքին, ու, եթե մարդկանց աչքերը անաչառ դատավոր լինեին, վճիռը ստույգ էր լինելու. այս քաղաքի դիրքը աշխարհի գեղեցկագույն վայրերից մեկն էր, թերևս առաջինը, որի համար Կոստանդիանոս Մեծ կայսրը Հռոմը լքել ու նոր մայրաքաղաք էր հիմնել այստեղ: Կոստանդնուպոլիսը` երկրորդ Հռոմը, առաջինի նման յոթ չքնաղ բլուրների վրա էր հիմնված:
Անշուշտ, ոչինչ նույնը չէ, երբ մոտիկից ես դիտում: Երբ սկսեց քայլել փողոցներով, կախարդանքը հետզհետե վերածվեց իրականության. նեղ փողոցների մեջ ամեն ինչ մարդկային էր` բազմություն, աղմուկ, առևտուր, երեսի և հագուստի աղտեղություն, տգեղ մի խճանկար: Հագուստներից կարելի էր տարբերել, թե մարդիկ ինչ ազգի էին պատկանում: Այս դիմացից եկողը մի հույն ձկնորս էր, ետևից եկողը` թուրք կրոնավոր, իսկ հեռվից մոտեցող կանցնց հագուստը մատնում էր նրանց հայ լինելը: Մոտենալով` նրանք ողջունեցին Կոլոտին. «Աստված օգնական, Հայր Սուրբ»: Երկու փոքրիկներ անմիջապես մոտեցան և համբուրեցին վարդապետի ձեռքը:
Սկյուտարը քաղաքի ասիական մասում էր գտնվում, իսկ բուն քաղաքը` դիմացը, եվրոպական կողմում, դեպի ուր նավակով անցավ նա ու հասավ Գալաթիա նավահանգիստը: Կոլոտը կյանքում առաջին անգամ, քառասուն րոպե թիավարությունից հետո, ոտք դրեց եվրոպական հողի վրա: Հիացավ թիավարի մեքենայական շարժումներով, որն այնքան հեշտությամբ վարում էր նավը` առանց հոգնության դույզն ինչ նշան ցույց տալու: Հանգստացնող ճամփորդություն էր, թոքերի և աչքերի համար իսկական տոնական մի խրախճանք:
Կոլոտը գրպանից հանեց հասցեների տետրակն ու իր բաղիշեցի հեռավոր ազգականներից մեկի խանութի հասցեն փնտրեց: Գալաթիան վաճառականական կենտրոն մի թաղ էր, ուր դժվար չեղավ գտնել երկաթավաճառ Արթին Էֆենդիի խանութը: Նրա տունը Սամաթիայում էր գտնվում, ուր մի քանի օր նա հյուընկալվեց: Կոլոտի հասցեատետրում նշված էր սամաթիացի երևելի մի անձնավորության անունն ու հասցեն ևս:
Սեբաստիացի Մահտեսի Գասպար Դպիրն էր, որի հետ ծանոթացել էր Սուրբ Կարապետ ուխտի եկած ժամանակ: Կոլոտը մեծ հաճույքով ընկերակցել էր նրան ու ցույց տվել շրջակայքը: Ուստիև այս իմաստուն մարդու հետ երկար զրուցելու հնարավորություն էր ունեցել:
Հիսնամյա ուսումնատենչ մի անձնավորություն էր Գասպար Դպիրը, որը քաջատեղյակ էր եկեղեցական ու ազգային բոլոր խնդիրներին, նաև եկեղեցական ծեսերի ու Աստվածաբանության հմուտ գիտակ էր: Կրթությունը ստացել էր Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում որպես վանական, բայց ձեռնադրությունից առաջ ընտանիքին տեսնելու համար ամռանը քաղաք գնալով, այնտեղ սիրահարվել էր ու ամուսնացել հարուստ մի վաճառականի դստեր հետ: Հետո եկել էր Պոլիս, թղթավաճառությամբ հարստացել և դարձել ազգի երևելիներից մեկը` ոչ միայն իր փողով, այլև իր անմրցելի իմացությամբ, ազնիվ նկարագրով և անկեղծ բարեպաշտությամբ: Գիտեր լատիներեն ու ֆրանսերեն, քաջ տեղյակ էր արևմտյան կրոնական գրականությանը: Սամաթիայի Սուրբ Գևորգ եկեղեցու դպրապետն էր և իր շուրջը հավաքված աշակերտների ու համակիրների մի խմբակ ուներ, որն ազդեցություն ուներ թաղային և համայնքային խնդիրների վրա: Իր առևտրական գործը մեծ որդուն թողած` նվիրել էր իրեն ազգային և եկեղեցական կյանքին ծառայելուն: Նրա երազանքը Պոլսում մի վանք հիմնելն ու ազգի համար խոստմնալից եկեղեցականներ պատրաստելն էր: Հետևաբար դժավար չէր կռահել, թե ինչու այսքան շուտ և շատ համակրեցին իրար ու մտերմացան Կոլոտն ու Գասպար Դպիրը:
Երեք օր անց Գասպար Դպիրը Հովհաննես վարդապետի համար տեսակցություն էր նշանակել Պոլսո պատրիարք Սահակ Ապուչեղցի վարդապետի հետ, որը հեզաբարո մի անձնավորություն էր և հռչակված էր իր խաղաղասիրությամբ և հանդարտությամբ:
Ասում են, որ որոշ մարդկանց բարությունը երեսից է երևում. դրանցից էր Սահակ Պատրիարքը, որի դիմագծերը անմիջապես կարդաց Կոլոտն ու հասկացավ, որ կարող էր վստահել այդ մարդուն, որի շուրթերը օծված էին բարի մարդկանց ժպիտով:
Պատրիարքը ընդունեց նրան իր առանձնասենյակում կեսօրվա ճաշից հետո` արևելյան մի մահճակալի վրա իր գեր մարմինը հանգիստ փռած: Կոլոտին սուրճ խմելու էր հրավիրել, որը գավառացի օտար մի վարդապետին ցույց տրված առանձնահատուկ մի շնորհ էր: Պարզ է, որ Գասպար Դպիրը հույժ գովաբանել էր Կոլոտին Պատրիարքի մոտ:
– Երկար ժամանակ է, որ Գասպար Դպրից չեմ լսել այսպիսի գովասանքներ որևէ կրոնավորի մասին, որ արեց քո հասցեին: Գոհ եմ քեզ հետ ծանոթանալու համար, տղա՛ս: Ինչպե՞ս կարող եմ օգնել քեզ և ինչո՞վ գոհացնել:
– Պոլիս եկել եմ Սուրբ Կարապետ վանքի համար հանգանակություն հավաքելու, Պատրիա՛րք հայր,– ասաց Կոլոտն ու իր հանձնարարական թղթերը ներկայացնելով, շարունակեց, – վանքը բավականին դժվար օրեր է անցկացրել, և արդեն մի քանի տարի է աշխատում ենք մեր ուժերով ոտքի կանգնել, բայց անհնար է այլևս տնտեսական ինքնաբավարարություն ձեռք բերել մեր միջոցներով: Մայրաքաղաքի և Ձերդ ամենապատվության օգնությանն ու նեցուկին ենք կարոտ: Դժբախտաբար մեծ երկրաշարժից հետո անկարելի եղավ ուղղել մեր տնտեսությունը: Պատրիարքը հանկարծ տխրեց, մի կում սուրճ ըմպեց, դժգոհ ձայնի բացասական շեշտով ասաց.
– Անշու՛շտ, կուզեի օգտակար լինել, սակայն այսօրվա ամենադժվար գտնվող բանը դրամն է: Հենց այս շաբաթ, գիտե՞ս, թե քանի՛ վարդապետներ դիմեցին` իրենց վանքի համար օգնություն խնդրելով, բոլորին էլ մասամբ օգնեցի: Սակայն, բնականաբար, մերկ արողություններն անհուն ու անսահման չեն: Այլևս ամաչում եմ ամիրաներին ու ժողովրդին դրա մի համար անընդհատ դիմել:
Պատրիարքը կրկին թթվեցրեց դեմքը, մի պահ կանգ առավ, մի կում խմեց սուրճից, հետո ձեռքը տարավ փեշի տակ և մի քսակ հանելով` երկարեց Հովհաննես Կոլոտին:
– Ա՛ռ սա, գիտեմ, որ քո ակնկալածից շատ հեռու է այս գումարը, սակայն քեզ դատարկաձեռն ուղարկել չեմ ուզում: Այս հարցում Գասպար Դպիրն էլ, անշուշտ, քեզ օգտակար կլինի:
Կոլոտի դեմքն էլ ակամա կախ էր: Նրա ակնկալածն, անշուշտ, այս մեկը չէր. ինքն իրեն վիրավորված էր զգում` այս վիճակի մեջ ընկնելով: Պատրիարքը հասկացավ, որ Կոլոտի հոգեվիճակը խախտվեց իր բացասական կեցվածքի պատճառով: Այնուամենայնիվ, անհնար էր իր պաշտոնի բերմամբ բոլորին գոհացնել: Նրա «պաշտոնի» անբաժանելի դառնություններից մեկն էր «ոչ» ասելը, երբ անհրաժեշտ էր: Պատրիարքարանի տնտեսական ներկա վիճակը հարմար չէր խոշոր գումարով օգնություն հատկացնել, հետևաբար վարչական իրականությունը պարտադրում էր իրեն «ոչ» ասել: Ուզում էր զրույցի ուրիշ թեմա բանալ, որպեսզի թե՛ իր և թե՛ հյուրի տրամադրությունը փոքր–ինչ փոխվեր: Ոտքից գլուխ տնտղեց Կոլոտին: Մի հարց ծագեց Կոլոտի լանջախաչից բռնկված:
– Այդ ի՞նչ զարդ է լանջախաչիդ վերի ծայրին հաստատված: Այսպիսի բան չեմ տեսել, տարօրինակ է: Մոտեցիր նայեմ: Թիթեռնիկի է նմանվում:
Կոլոտը, վեր բարձրացնելով խաչը, ցույց տվեց Սահակ Պատրիարքին:
– Արծաթե հերակալ է սա, փոքրիկ մի աղջկա նվերը:
Կոլոտը ժպտաց: Հոգին թարմացավ կրկին փոքրիկ աղջկա հիշողությամբ ու պատմեց թիթեռնիկի մասին` աչքերը փայլեցնելով: Երբ պատմությունն ավարտեց, Կոլոտը նկատեց, որ պատրիարքի աչքերը տամկացել էին ու մի գորովալից լույս էր ընկել դեմքին: Վարչական գործերի տակ կքած այս մարդու մեջ հանկարծ արթնացել էր հավատի ջերմությունը: Ոտքի կանգնեց, Կոլոտի ուսին խփեց հայրաբար ու ժպտաց բարի մարդկանց անամպ ու անբասիր ժպիտով:
– Սա մի հրաշք է և կյանքումս լսած ամենից գողտրիկ պատմություններից մեկը: Պատրիարքը մտածկոտ այս ու այն կողմ քայլեց սենյակում` ձեռքերը ետևում միացրած:
– Աստված սիրում է քեզ, Հովհաննե՛ս վարդապետ, և հետաքրքրվում է քեզանով: Ես էլ Գասպարի նման սիրեցի քեզ, հետևաբար պետք է օգնենք քեզ, բայց ինչպե՞ս, ինչպե՞ս:
– Պատրիարք հայր, իսկապես չեմ ուզում Ձեզ նեղություն տալ կամ բեռ լինել: Վստահ եմ, որ առատաձեռնորեն կօգնեիք մեր վանքին, եթե կարելի լիներ: Եթե ինձ առիթ ընծայեիք ծանոթանալ մայրաքաղաքի երևելիների հետ, ես անձամբ վարժ եմ հանգանակություն կատարելում:
– Այս կիրակի արքունի ճարտարագետ Սարգիս Խալֆայի հոր մահվան քառասունքի հոգեհանգիստը պիտի կատարվի Մայր եկեղեցում: Նա մեր համայնքի ամենից ազդեցիկ անձանցից մեկն է: Գրեթե բոլոր ամիրաներն ու ազգային երևելիները ներկա են գտնվելու կիրակնօրյա Սուրբ Պատարագին: Այս կիրակի դու պատարագիր և քարոզիր: Տեր Տարոն ավագերեցին էլ կպատվիրեմ, որպեսզի հատուկ մի պնակ դնեն եկեղեցու մուտքի առաջ` Սուրբ Կարապետ վանքի համար:
Երբ Կոլոտը դուրս եկավ, դեմքը ուրախությունից կարմրել էր: Դեկտեմբերյան խստաշունչ ցուրտը արդեն զգալի իշխում էր քաղաքի վրա, ու քամին կծում էր` մաշկը ցավեցնելու աստիճան, բայց երբ Կոլոտը դուրս եկավ, նույնիսկ չզգաց ցուրտը, որովհետև նրա հոգում հրդեհի մի պար էր բռնկվել ու այրում էր անուշ մի ուրախությամբ և խանդավառությամբ: Խորությամբ շնչեց ցուրտ օդը թոքերիցներս, լանջախաչը բռնեց ու համբուրեց երախ տագիտությամբ: Թիթեռնիկը կրկին կենդանացավ նրա մեջ ու սկսեց ցնծագին թռվռալ հրդեհի շուրջը:
Հաջորդ մասը՝
ՄԱՍ Գ․ ՔԱՂԱՔԻ ԵՌԱՑՈՂ ԿԱԹՍԱՆ
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: