Ըստ Աստվածաշնչի՝ Աստված արարչագործության վեցերորդ օրը հողից ստեղծեց առաջին մարդուն՝ Ադամին, Իր պատկերով ու նմանությամբ: Եվ քանի որ Աստված Ինքն աննյութ է և չունի նյութական պատկեր, ապա, ինչպես բացատրում են Եկեղեցու հայրերը, Ադամի ոչ թե հողաշեն մարմինը, այլ հոգին էր, որ ուներ աստվածային պատկերը, այսինքն՝ բնությամբ բարի էր, ազատ ու ինքնիշխան, ուներ նաև այլ արարածների վրա իշխելու կարողություն, մաքուր էր, չուներ որևէ արատ, թերություն կամ այն, ինչ կոչվում է ՄԵՂՔ:
Ադամը բնակվում էր դրախտի երանության մեջ Աստծո հետ միասին՝ Նրա ձայնը լսելով, Նրա հետ խոսակցելով: Աստված առաջին մարդուն օժտել էր ազատ կամքով, այսինքն՝ իր մտքերի, ցանկությունների ու արարքների մեջ անբռնադատ ու կամավոր ընտրության ազատ իրավունքով, որը նույնպես աստվածային պատկերի անհրաժեշտ ու էական տարրն էր: Ինչպես Հայ Եկեղեցու մեծանուն սրբերից Գրիգոր Տաթևացին (14-15-րդ դդ.) է ասում, ինքնիշխան կամքը մարդու գլխին Աստծո դրած թագն էր: Աստծուն նման լինելով՝ Ադամն Աստծո որդին էր: Հետո Ադամի կողից ստեղծվեց նրա ընկերն ու օգնականը՝ Եվան, և նրանք Աստծո սիրո մեջ և Աստծո հետ հաշտ ապրում էին՝ լուսեղեն աննյութական զգեստ հագած, ինչպես ասում է եկեղեցական ավանդությունը, մինչև օձի կերպարանքով հայտնվեց փորձիչը՝ սատանան: Այստեղ մի պահ կանգ առնենք՝ ներկայացնելու համար Եկեղեցու վարդապետությունը, այսինքն՝ ուսմունքը, սատանայի սկզբնավորության մասին:
Նախքան այս երկիրն ու երկինքը և մարդուն ստեղծելը, Արարիչ Աստված արդեն ստեղծել էր հոգեղեն ու անմարմին, հրեղեն ու լուսավոր բազմաբյուր հրեշտակային էակներին՝ Իրեն մշտապես փառաբանելու և ծառայելու համար, և նրանց բնակեցրել մեր այս նյութական ու տեսանելի երկնքից տարբեր մի երկնքում: Թեև սպասավոր հոգիներ են հրեշտակները, սակայն ո՛չ ստրուկ, քանզի Արարիչը նրանց նույնպես օժտել է ազատ կամքով, և նրանք ծառայում ու փառաբանում են իրենց Ստեղծչին կամովին՝ միայն Նրա հանդեպ սիրուց մղված: Եվ ահա նրանցից ամենագեղեցիկն ու փառավորը՝ «Անդրանիկը» հրեշտակների մեջ, Աստծուց իրեն տրված փառքը սակավ համարելով, Աստծո հանդեպ նախանձով լցվեց և Նրանից իրեն շնորհված ազատությունը շահագործելով՝ կամեցավ Նրա տեղը գրավել՝ աստված դառնալ: Այս նպատակով իր շուրջ համախմբեց բազմահազար ուրիշ հրեշտակների և Արարչի դեմ ապստամբեց: Ապստամբների դեմ ելավ Աստծուն հավատարիմ հրեշտակների մի բանակ՝ Միքայել հրեշտակապետի գլխավորությամբ, և ապստամբներին պարտության մատնելով՝ նրանց իրենց առաջնորդ հրեշտակով հանդերձ արտաքսեց աննյութական երկնքից՝ այնտեղից վայր գցելով:
Ընկած հրեշտակը սատանան էր (որ եբրայերեն հակառակորդ է նշանակում), և նրա զորքը՝ դևերը, որոնց քանակն, ըստ Հայտ. 12։4-ի մեկնության, կազմում է բոլոր հրեշտակների շուրջ մեկ երրորդը: Այսպիսին է սատանայի ու դևերի առաջացման մասին պատմող ու Աստվածաշնչի վրա հիմնված ավանդությունը (տե՛ս Եսայի 14։12-15, Հայտ. 12), որը գալով նախաքրիստոնեական ժամանակներից՝ որդեգրվել է Քրիստոսի Ընդհանրական Եկեղեցու կողմից:
Ահա նա, ով առաջինը մեղանչեց իր Արարչի դեմ և հավիտենապես տարագրվեց Նրանից, նա, ով ինքն էր ուզում առաջինը լինել Աստծո բոլոր արարածների մեջ, տեսնում է, որ Աստված մի նոր, հրեշտակներից առավել փառավոր արարած է ստեղծել՝ Մարդուն, քանզի Աստված ոչ մի հրեշտակային էակի Իր պատկերը չի շնորհել և որդիության պատվի արժանացրել է միայն մարդուն: Ընկած հրեշտակը՝ սատանան, որ երբեմնի բարի հրեշտակից վերածվել էր չարի, չհանդուրժելով այս նոր արարածի պատիվը, փառքը և այն սերը, որ նա վայելում էր Արարչից, որոշում է նրան ևս զրկել այդ ամենից: Ինքն անմարմին լինելով՝ մտնում է օձի մեջ և վերջինիս կերպարանքով մոտենալով Եվային ու պատրելով (խաբելով) նրան՝ նրա սրտում ևս սերմանում է առանց Աստծո աստվածանալու փափագը: Քանի որ աստվածաշնչյան այս պատմության մանրամասներին ամեն ոք կարող է «Ծննդոց» գրքից տեղեկանալ, նշենք միայն, որ նախաստեղծ մարդիկ՝ նախ Եվան, ապա վերջինիս միջոցով՝ նաև Ադամը, չարի սադրանքին ենթարկվելով, անտեսում են Ստեղծչի պատվերը, նախընտրում հավատալ Օձին, քան Ստեղծչին, այսպիսով անհնազանդ գտնվում Նրան՝ գործելով իրենց և ողջ մարդկության առաջին մեղքը, որ կոչվում է ադամական կամ սկզբնական մեղք: Ըստ Քրիստոնեական Եկեղեցու ուսմունքի՝ ադամական մեղքը սերնդեսերունդ փոխանցվում է բոլոր մարդկանց, քանզի ամենքս էլ Ադամի որդիներն ենք. յուրաքանչյուր ադամորդի ծնվում է այս մեղքով, և այն մաքրվում է միայն Մկրտության ժամանակ՝ Սուրբ Հոգու զորությամբ:
Այսպես, Ադամն ու Եվան մեղանչելով՝ աղավաղում են իրենց աստվածային անթերի պատկերը, այսինքն՝ այդ աստվածապատկեր բարի բնության մեջ իրենց ազատ կամքով ու ընտրությամբ ներընդունում են մի թույն, որն ախտահարում է մարդկային ողջ բնությունը՝ վնասելով ու հիվանդացնելով մարդ արարածի թե՛ հոգին և թե՛ մարմինը: Արդյունքում մարմինը մահկանացու է դառնում՝ համաձայն Ադամին նախապես տրված աստվածային պատվիրանի, որն էլ ապա վերածվեց անեծքի10: Ուրեմն՝ մեղքն էր պատճառը, որ մարդու կյանքը լցվեց բազմապիսի ցավերով ու տառապանքներով և մահն առաջ եկավ, այլապես Աստված Ադամին ու Եվային անմահ էր ստեղծել («Բանսարկուի նախանձո՛վ մահն աշխարհ մտավ». Իմաստ. 2։24): Ուստի այժմ պարզ է, թե ինչո՛ւ է երջանկության, անցավ կյանքի ու անմահության բնական փափագն ունեցող մարդու համար խիստ անհրաժեշտ ազատվել մեղքի իշխանությունից:
Առաջին մարդիկ կոչված էին հավիտենապես ապրելու Աստծո հետ միության մեջ: Աստծո հետ միությունը նախևառաջ Աստծո կամքի հետ միությունն է: Ազատ կամքը մարդուն տրված էր գիտակցորեն ու ազատորեն Աստծուն իբրև իր նպատակի և կյանքի աղբյուրի ընտրելու համար, այսինքն՝ սիրելու Նրան ամեն ինչից առավել, իսկ առանց ազատության գոյություն չունի սեր: Բայց երբ եկավ ընտրություն կատարելու պահը, մարդն իր Արարչի հանդեպ անհավատարիմ գտնվեց ու հարեց սատանային՝ այսպիսով անցնելով վերջինիս իշխանության ներքո: Իսկ սրա պատճառն այն էր, որ առանց Արարչի կամքի հետ համաձայնության կամեցավ իրեն աստված տեսնել և իր կյանքի կենտրոնից Աստծուն հանելով՝ փոխարենն իր անձը դրեց: Մինչդեռ մարդուն Իր պատկերը շնորհած Արարիչ Աստծո նպատակն ուրիշ բան չէր, քան մարդու աստվածացումը, բայց աստվածացումն Իրենո՛վ և ո՛չ թե Իրենից դուրս մեկ այլ ճանապարհով, որն իրականում գոյություն չունի էլ:
Այսպիսով պարզ է դառնում, որ մեղքի արտադրիչը սեփական անձն Աստծուց առավել սիրելն է, այսինքն՝ եսասիրությունը՝ իր բոլոր դրսևորումներով: Եվ վերոնշյալ պատճառներով է մեղքը սովորաբար սահմանվում որպես «անհնազանդություն Աստծո պատվիրաններին», «եսասիրության կամ անձնասիրության արդյունք»:
Այս ամենից հետևում է, որ մարդը մեղքից ձերբազատման միայն մեկ ճանապարհ ունի. վերականգնել Աստծո բացարձակ գերիշխանությունն իր ներսում՝ գահից իջեցնելով սեփական անձը: Մեղքի դեմ պայքարը հենց այս գործընթացն է. ամեն քայլափոխի շարժվել այնպես, ինչպես մեր Տեր Աստվածն է կամենում, և այնտեղ, ուր մեր սեփական ցանկություններն ու Աստծո կամքը չեն համընկնում, մերը մի կողմ դնել՝ կատարելու համար Աստծունը: Եվ սա ճանապարհ է դեպի մարդու՝ Ադամով խաթարված աստվածային պատկերի վերականգնումը, այլև դեպի հավիտենական կյանք՝ Աստծո հետ միության մեջ: Քրիստոնյան, այսինքն՝ մեկը, ով Քրիստոսի հետևորդն է, առանց այս ճանապարհի չի կարող հասնել փափագելի երջանկությանը: Սեփական անձն Աստծով փոխարինելը, սեփական անձն Աստծո համար այս կերպ «կորցնելը»՝ Տիրոջ խաչը կրելով, նախապայմանն է քրիստոնյայի փրկության՝ համաձայն Տեր Հիսուս Քրիստոսի խոսքի. «Եթե մեկն ուզում է Իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա, իր խաչը վերցնի և Իմ հետևից գա: Որովհետև ով ուզում է իր անձն ապրեցնել, այն կկորցնի, և ով իր անձն Ինձ համար կորցնի, այն կգտնի» (Մատթ. 16։25-26): Տեր Հիսուսը շարունակ ազդարարում է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը. ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ Ինձանով» (Հովհ. 14։6): Այսինքն՝ «Ես եմ միայն, որ ճշմարիտ Աստված և Աստվածորդի լինելով՝ կարող եմ Ադամի մոլորված որդիներին դարձյալ բարձրացնել Հոր մոտ՝ վերականգնելով նրանց աստվածորդիության երբեմնի պատիվը: Ես եմ միայն, որ Ինքս որևէ մեղք չունենալով՝ ցույց եմ տալիս այն ճանապարհը, որով մարդը կարող է հաղթել մեղքին՝ այդ օտարածին ու մարդու ի բնե բարի բնության մեջ դրսից ներմուծված ախտին, ազատվել դրա հետևանքը հանդիսացող մահվանից և հավիտենապես ապրել: Հենց այդ նպատակով՝ ձեզ մեղքի ու մահվան իշխանությունից փրկելու և երկնքի արքայությանն արժանացնելու համար էր, որ եկա աշխարհ, այսինքն՝ մարդացա, երկրի վրա կատարեցի այն ամենն, ինչ կամեցավ Իմ Հայրը: Հենց այդ նպատակով խաչի մահը ճաշակեցի և ապա հարություն առա մեռելների միջից, համբարձվեցի երկինք և երկրորդ անգամ պիտի գամ՝ հարություն տալու մեռելներին և դատաստանի միջոցով արդարներին պարգևելու խոստացված արքայությունը, իսկ անհավատարիմներին կորստյան մատնելու»:
«Հիսուսը փրկիչ և Տիրոջ փրկություն է նշանակում՝ ժողովրդին փրկելու ոչ թե աշխարհի տեսանելի պատերազմողներից ու մարմնական ծառայությունից, այլ ՄԵՂՔԻՑ ու ապականությունից, և ժառանգորդ դարձնելու ոչ թե Աբրահամին իբրև ընծա խոստացված երկրին, այլ ողջերի երկրին՝ երկնքի արքայությանը, և անճառելի բարիքներին, «որոնք աչքը չտեսավ, ականջը չլսեց, և մարդու սիրտը չընկան» (հմմտ. Ա Կորնթ. 2։9)» (Սարգիս Շնորհալի վարդապետ, 12-րդ դ.):
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: