Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
12-17․Չէ՞ որ ի սկզբանե Դու ես իմ Տերը, իմ Աստվածը, իմ Սուրբը. մենք չենք մեռնի։ Դու, Տե՛ր, միայն դատաստանի համար թույլ տվեցիր նրան , իմ Վե՛մ, Դու պատժի համար սահմանեցիր նրան։ [12] Քո մաքուր աչքերին հատուկ չէ նայել չարագործությանը, և Դու չես կարող տեսնել հալածանքը. ուրեմն ինչո՞ւ ես Դու նայում չարագործներին և լռում, երբ անօրենը կուլ է տալիս իրենից արդարին: Եվ մարդկանց թողնում ես ինչպես ձուկը ծովում, ինչպես սողունները, որոնց վրա տիրող չկա։ Նա բոլորին հանում է կարթով, բռնում իր ցանցով և իր ուռկանի մեջ հավաքում նրանց. և դրա համար ուրախանում է ու ցնծում: Դրա համար զոհ է մատուցում իր ցանցին և խունկ է ծխում իր ուռկանին, որովհետև դրանցով է առատանում իր բաժինը, և ճոխ է նրա կերակուրը։ Մի՞թե դրա համար նա պիտի դատարկի իր ցանցը և անողորմաբար անդադար կոտորի ազգերին: (Սինոդական թարգ․)
Աստծու զարմանալի պատասխանը (Ամբ. 1:5–11) ստանալուց հետո մարգարեի՝ թեև խորապես հավատացյալ, սակայն Աստծու դատաստանները դեռևս չըմբռնող հոգում ակամա մի նոր տարակուսանք է ծագում. ինչո՞ւ Աստված որոշեց հրեաներին պատժել հենց քաղդեացիների միջոցով, որոնց մեծ հանցավորությունը, հրեաների համեմատ, արդեն բացահայտվել էր Աստծու հենց առաջին պատասխանի մեջ: Ինչպե՞ս համատեղել ամբարիշտների ձեռքի կործանարար գործերը Իսրայելի աստվածային ընտրության, Աստծու սրբության, ողորմածության և արդարադատության հետ: Այս տարակուսանքով համակված՝ մարգարեն ևս մեկ անգամ հավատքի համարձակությամբ հարցնում է Աստծուն՝ ո՞րն է այն սահմանը, մինչև ուր կտարածվի ամբարիշտ հեթանոսների տիրապետությունը Աստծու ընտրյալ ժողովրդի վրա (12−17-րդ համարներ), ինչպես նախկինում արդեն հարցրել էր սեփական ժողովրդի ներսում ամբարիշտների՝ արդարների նկատմամբ ունեցած գերակայության մասին (2−4-րդ համարներ):
Աստծուն ուղղված մարգարեի նոր ու համարձակ հարցման հիմք են հանդիսանում Իսրայելի հանդեպ Տեր Աստծու առանձնահատուկ, շնորհաբեր հարաբերությունները, որոնք սկիզբ են առել վաղ անցյալում՝ Սինայական ուխտի ժամանակ (Ելք 19:4−6), ինչպես նաև Աստծու և Նրա հատկությունների մասին այն ճշմարիտ ըմբռնումը, որը տրվել է հինկտակարանյան հայտնությամբ և բարձրագույն աստիճանով բնորոշ է մարգարեներին: Աստվածապետական հասարակության համար Աստծու բարձրագույն, անսահման կատարելությունը ծառայում է որպես փրկության ամուր գրավական և երաշխիք՝ Նրա զորության և ողորմության շնորհիվ: Իսրայելի ճշմարիտ Աստված գոյություն ունի «ի սկզբանե» (եբր.՝ «միկկէդէմ», հուն.՝ «ἀπ' ἀρχης», Վուլգաթա՝ «a principio»): Նրա այս առանձնահատկությունը հայտնի է Իսրայելին իր գոյության առաջին իսկ պահից (հմմտ. Սաղմ. 73:12), բայց այդ միշտ բնորոշ է Նրան՝ որպես հավիտենական Աստծու (Բ Օր. 33:27): Նա Տեր Աստվածն է՝ ինքնագոյ Էություն, և բոլոր խոսքերում ու գործերում՝ հավատարիմ և անփոփոխ (Ելք 3։14, 6:2, Ա Կորնթ. 1:9), «բոլոր գոյերից գերազանց» (Թեոդորիտոս, նույն տեղում, էջ 25): Աստծու ընտրյալ ժողովրդին պատկանելու կենդանի զգացումով և գիտակցությամբ մարգարեն, ում սարսափելի սպառնալիք էր հաղորդվել, Տեր Աստծուն կոչում է իր Աստվածը, իր Սուրբը։ Իհարկե, նա իրեն ընկալում է ոչ թե որպես առանձին անհատ (ինչին կհակասեր անմիջապես հաջորդող հոգնակի թվով դրված «մենք չենք մեռնի» բայը), այլ որպես մի ամբողջ ժողովրդի ներկայացուցիչ: Եվ հենց ուխտի ժողովրդի անունից էլ նա աղաղակում է ուխտի Աստծուն. «Տե՛ր, չէ՞ որ Դու ես իմ Աստվածը, իմ Սուրբը»։ Եվ սա ասվում է հեզության, խոնարհության և զղջման խոր զգացումով։ «Մի՞թե Դու չես, որ սկզբից ստեղծեցիր մեզ, և Ում ողորմությամբ պահպանվում ենք մինչև այժմ» (Երանելի Հերոնիմոս, «Ամբակումի մարգարեության մեկնության երկու գրքեր», Կիև, 1898, էջ 144): Բայց մարգարեի (և նրա անձով Աստծու ամբողջ ժողովրդի) հույսի հիմնական հենարանը Աստծու սրբության հատկանիշն է. «Իմ Սուրբը», այսինքն՝ «Իսրայելի Սուրբը»՝ արտահայտություն, որը հատկապես հաճախ է հանդիպում Եսայի մարգարեի մոտ (Ես. 1:4, 30:11, 43:3, 14, 49:7 և այլն): Աստծու սրբություն նշանակում է ոչ միայն անմատչելիություն, անսահման գերազանցություն ամբողջ երկրավորի հանդեպ (Ա Թագ. 6։20), ինչպես և մարդկանց երկյուղի ու ակնածանքի ներշնչում (Սաղմ. 98:3, 5, 9, 110:9), այլև այն, որ Նրա անունը չի կարող անպատիժ անարգվել (Եզեկ. 39:7): Նա չի հանդուրժում մեղքը և սիրում է միայն արդարությունը (Ես. 5:16): Ընդհանրապես սա Աստծու բարձրագույն կատարելության դրսևորումն է (Ես. 6:3), իսկ առավել կոնկրետ՝ Նրա անսահման բարության, սիրո և ողորմության արտահայտությունը (Ա Թագ. 2:2, Ես. 57:15, Ովս. 11:9, Սաղմ. 21:4):
Աստծու սրբությունը մահացու սարսափելի է մեղավորի համար, սակայն հավատացյալի և արդարի համար այն հույսի հիմք է Աստծու սուրբ անվան վրա (Սաղմ. 33:23), հույս՝ Աստծուց կյանք ստանալու: Այդ պատճառով մարգարեն իր և իր ժողովրդի բոլոր հավատացյալների համար (Ամբ. 2:4) վստահությամբ աղաղակում է. «Մենք չենք մեռնի»: Քանզի չի կարող պատահել, որ մենք՝ սուրբ և կենդանի Աստծու ժողովուրդը, իսպառ կործանվենք, և թշնամիների ագահության պատճառով Աստծու՝ մեզ տված խոստումները չիրականանան:
«Մենք չենք մեռնի». Շատ հին ու նոր մեկնիչներ «լո նամութ» արտահայտության մեջ տեսել են, այսպես կոչված, «պիկկունիմ-սոֆերիմ»−ի (այսինքն՝ դպիրների կողմից արված սրբագրություն) օրինակներից մեկը։ Ենթադրվում է, որ սկզբնական ընթերցումը եղել է «լո թամութ» (դու չես մեռնի), և միայն հետո այս արտահայտության գայթակղիչ լինելու պատճառով փոխարինվել է այսօրվա տեքստում առկա տարբերակով (տե՛ս A. Geiger. Urschrift und Übersetzungen der Bibel und ihre Abhängigkeit von der inneren Entwicklung des Judenthums. Breslau, 1857. S. 309): Սակայն այս ենթադրությունը ոչնչով չի հաստատվում, այլ հակառակը, հնագույն թարգմանությունները միաձայն ընթերցել են «նամութ», ուստի Յոթանասնիցում ընթերցվում է «οὐ μη ἀποθάνωμεν»:
12−րդ համարի երկրորդ հատվածում մարգարեն նույն վստահությունը զարգացնում է դրական տեսանկյունից: Իր ժողովրդի Աստծուց ներշնչված այրերի նման նա համոզմունք է արտահայտում, որ քաղդեական աղետալի ստրկությունը միայն ժամանակավոր է և նպատակ ունի ուղղել Իսրայելին, այլ ոչ թե կործանել (տե՛ս Սաղմ. 117:18, Երեմ. 46:28): Այստեղ նա այդ հույսը կապում է Աստծու անվան հետ: «Ցուր» (ժայռ, ամրություն) արտահայտությունը փոխաբերական իմաստով արտահայտում է նույնը, ինչ ուղղակիորեն բնորոշվում է Տեր Աստծու անվամբ (Բ Օր. 32:4, 37, Բ Թագ. 22:2, Սաղմ. 17:32):
Սկսած 13−րդ համարից՝ մարգարեն ընտրյալ ժողովրդի մասին խոսքից (12-րդ համար) անցում է կատարում մեղավոր ազգին՝ Տեր Աստծու բարկության գործիքին, և այս կերպ էլ ավելի է հաստատվում իր համարձակ աղոթքի մեջ՝ ուղղված երկրի ազգերին ու ցեղերին արդարությամբ Դատողին (Սաղմ. 65:5):
Եվ ամենից առաջ, կանգ առնելով նախապես նշված հատկության՝ Աստծու սրբության վրա (12-րդ համար), մարգարեն սաղմոսերգուի նման պնդում է (Սաղմ. 5:5-6), որ բարոյապես անմաքուր ամեն բան արժանի չէ ամենասուրբ Աստծու սուրբ տեսությանը: Եվ այստեղից (ինչպես վերևում՝ 3-րդ համարում) նա եզրակացնում է, որ Աստված չի կարող անտարբեր նայել մեղավորների կողմից հրեաների ծայրահեղ ճնշմանը («կուլ տալը», եբր.՝ «բալա»)՝ այն ժողովրդի, որը թեև մեղավոր է Աստծու արդարության առաջ, այնուամենայնիվ ավելի արդար է, քան իրեն ստրկացնողները:
«Սա չի նշանակում, որ հարստահարվողը լիովին արդար է, այլ միայն այն, որ նա ավելի արդար է, քան իրեն հարստահարողը» (Երանելի Հերոնիմոս), «Ինչպես որ Սոդոմն ու Գոմորն ավելի արդար են թվում Երուսաղեմի համեմատությամբ (Մատթ. 11:23-24), և ինչպես Ավետարանի մաքսավորն ավելի արդարացվեց, քան փարիսեցին (Ղուկ. 18:10−14), այնպես էլ այստեղ տանջվողն իրականում մեղավոր է, սակայն նա իրեն ճնշողից ավելի արդար է» (տե՛ս նույն տեղում, էջ 149): Այս մարգարեական (միաժամանակ ամբողջ ազգի) տարակուսանքը բացահայտվում է նաև հետագայում՝ մինչև գլխի ավարտը (14−17-րդ համարներ): 14−15−րդ համարներում ընդհանրապես ազգերի և մասնավորապես Իսրայելի՝ քաղդեացիների կողոպուտի առջև ամբողջովին անպաշտպան լինելու միտքը տրված է պատկերավոր համեմատությամբ. նրանց զոհերը նմանեցվում են ձկան, որն ապրում է կարծես անիշխանության մեջ, և հետևաբար հեշտությամբ որս է դառնում (հմմտ. Ամոս 4:2): Եթե այս երկու համարներում պատկերավոր արտահայտված է այն միտքը, որն ուղղակիորեն արդեն ասվել էր ավելի վաղ՝ 10-րդ համարում, ապա 16−րդ համարը ներկայացնում է քաղդեացիների ինքնաաստվածացման գաղափարի նույնպիսի պատկերավոր արտահայտություն, որի մասին խոսվել էր 11-րդ համարում։ Այն մասին, թե քաղդեա−բաբելոնացիները փաստացի զոհ էին մատուցում պատերազմական գործիքներին (ինչպես հայտնի է, օրինակ, սկյութների և սարմատների մասին Հերոդոտոսի ուղերձներից, Historiae. IV, 59, 62 և Կղեմես Ալեքսանդրացուց, Protrepticus. 64), պատմությանը ոչինչ հայտնի չէ: Երանելի Թեոդորիտոսը 16−րդ համարի մեկնության մեջ ասում է. «Ամբարտավանության կրքի մեջ ընկնելով՝ թշնամին՝ քաղդեացիները, կատարվածի պատճառը համարում է միայն իր սեփական ուժը և հրամայում է դրան աստվածային պատիվ մատուցել: Սա մեզ ավելի հստակ հայտնեց աստվածային Դանիելը՝ ասելով, որ Բաբելոնի թագավորը կառուցեց ոսկե արձան և բոլոր հպատակներին ստիպեց երկրպագել դրան» (տե՛ս էջ 23): 17−րդ համարը ներկայացնում է մարգարեի նախորդ հարցերի և անհանգստությունների ամփոփումը․ «Մի՞թե վերջ չի լինելու ազգերի կոտորածին»:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Արդարեւ, դու չե՞ս մեր Տէր Աստուածը սկզբից, ուրեմն չենք մեռնի. Տէ՛ր, նրան դատաստանի ենթարկեցիր եւ ստեղծեցիր ինձ, որ յանդիմանեմ նրա խաղը:
(Արարատ թարգ․) Ահա դու հավիտենականությունից ես, ո՛վ Տեր իմ Աստված, ի՛մ Սուրբ. մենք չենք մեռնելու, ո՛վ Տեր, դու նրանց կարգել ես իբրև դատաստան. և դու, ո՛վ Վեմ, նրանց հաստատել ես իբրև հանդիմանություն։
(Գրաբար) Ոչ ապաքէն դու ես ի սկզբանէ, Տէր Աստուած մեր, եւ մի մեռցուք՝ Տէր, ի դատաստան եդիր զնա. եւ ստեղծեր զիս յանդիմանել զխաղ նորա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: