Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Աղաղակեʹք Ազոտի տանիքների և Եգիպտոսի տանիքների վրա ու ասացե՛ք. «Հավաքվե՛ք Սամարիայի լեռների վրա ու տեսե՛ք այնտեղ տիրող մեծ անկարգությունը և կեղեքումները»: (Սինոդական թարգ․)[9]
 
 Սույն գլխի 9−րդ համարից մինչև Ամոսի մարգարեության 4-րդ գլխի 3-րդ համարն ընդգրկող հատվածը բովանդակում է Սամարիայի իշխանների դեմ ուղղված մարգարեի մերկացումները: Դրանք առավել տպավորիչ դարձնելու համար մարգարեն Սամարիայում տեղի ունեցող անկարգություններին վկա լինելու է հրավիրում Ազոտի ու Եգիպտոսի բնակիչներին: «beaschdod» (Ազոտում) արտահայտության փոխարեն Յոթանասնիցն ընթերցում է «εν᾿ ᾿Ασσυριος » (սլավոներեն՝ «Ասորեստանում»)։ Յոթանասնիցի ընթերցումը համատեքստին չի հակասում, սակայն ավելի հավանական է, որ «aschdod»−ն է առաջացել «aschur»−ից, քան թե հակառակը: «Սամարիայի լեռների վրա». Յոթանասնիցում «ἐπὶ το ᾿ορος Σ» (սամարական լեռան վրա) տարբերակն է։ Քանի որ մարգարեն հաջորդ հատվածում խոսում է միայն Սամարիայի բնակիչների մասին, ուստի որոշ մեկնիչներ նախընտրում են Յոթանասնիցի տարբերակը (Գոոնակեր): «Մեծ անկարգությունը» (mehumoth). վերջին բառը, որի իմաստը ամբողջությամբ պարզ չէ, Յոթանասնիցում փոխանցվում է «θαυμαστά» (սլավոներեն՝ «հոյակապ»), իսկ Ակյուղասի մոտ` «ἀχορτασίαν» (անկշտություն, անհագություն) տարբերակով:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Յայտնեցէ՛ք Ասորեստանի գաւառներում, Եգիպտացիների երկրի գաւառներում եւ ասացէ՛ք. «Հաւաքուեցէ՛ք Սամարիայի լերան վրայ եւ տեսէ՛ք բազում զարմանալի գործերն ու բռնութիւնը, որ կատարւում են այնտեղ:
(Արարատ թարգ․) Ազդարարե՛ք Ազովտոսի ամրոցների վրա և Եգիպտոսի երկրի մեջ՝ ամրոցների վրա, և ասացե՛ք. «Հավաքվե՛ք Սամարիայի լեռների վրա և տեսե՛ք նրա միջի բազում խռովությունները և նրա մեջ գործված հարստահարությունները։
(Գրաբար) Պատմեցէ՛ք ի գաւառս Ասորեստանեայց. և ի գաւառս երկրին Եգիպտացւոց, և ասացէ՛ք. Ժողովեցարո՛ւք ի լեառն Շամրնի, և տեսէ՛ք սքանչելիս բազումս ի մէջ նորա. և զբռնութիւն ի մէջ նորա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: