Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Լսե՛ք այս խոսքը, որով ձեր մասին պիտի ողբ հնչեցնեմ, ո՛վ Իսրայելի տուն»: (Սինոդական թարգ․)[1]
5−րդ գլխից նոր խոսք է սկսվում, որտեղ մարգարեն դատապարտում է Իսրայելին ճշմարտության դեմ մեղանչելու համար և հայտնում է Աստծու դատաստանը: Մարգարեն հոգով այդ դատաստանն արդեն սկսված է տեսնում. Իսրայելն արդեն ընկել է: Այդ իսկ պատճառով մարգարեն ողբում է Իսրայելի տան համար: «Ողբը» (եբրայերեն՝ «kinah») հերոսի մահվան կամ էլ քաղաքի կործանման մասին լալահառաչ երգ է: Մյուս ժողովուրդների նման հրեաների մոտ ևս նմանատիպ եղերերգեր հյուսելու ավանդույթ է եղել, և դրանց օրինակները պահպանվել են նաև Աստվածաշնչում. այդպիսին է Սավուղի ու Հովնաթանի մահվան համար Դավթի [հյուսած] եղերերգը (Բ Թագ. 1։17−27), ինչպես նաև Աստվածաշնչում առկա է մի ամբողջ գիրք, որը հայտնի է «Երեմիայի ողբ» անունով: Եղերերգերը կամ «kinoth»−ները աստվածաշնչյան հեղինակների կողմից ստեղծվում էին [դրանց համար սահմանված] հատուկ չափով, որն էլ սովորաբար կոչվում էր կինամետրա (Budde K. Das Volkslied Israels im Munde des Propheten // Zeitschrift für die alttestamentliche Wissenschaft. Giessen. Bd II, 1): Կինամետրայի էությունն այն է, որ այն սովորաբար շարադրվում է երկու մասից բաղկացած տողերով։ Երկրորդ մասը միշտ առաջինից ավելի կարճ է ու, կարծես, պայմանավորված է հեղինակի սիրտը պարուրած թախծից: Ամոս մարգարեի ողբերգում կինամետրան նույնպես պահպանվել է: «Իսրայելի՛ տուն» արտահայտությունը դիմելաձև է և այն Յոթանասնիցի տեքստում ընկալվել է որպես ենթակա, որի ստորոգյալը 2−րդ համարում է (επεσεν, «ընկավ»)․ Այստեղից էլ ծագում է սլավոներեն տեքստի «Իսրայելի տունն ընկնելու է» տարբերակը:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Լսեցէ՛ք Տէր Աստծու խօսքը, որով ես պիտի ողբամ ձեզ վրայ: Ընկա՜ւ Իսրայէլի տունը եւ այլեւս չի կարողանայ ոտքի կանգնել:
(Արարատ թարգ․) Լսե՛ք այս խոսքը, որով ես ողբում եմ ձեզ վրա, ո՛վ Իսրայելի տուն։
(Գրաբար) Լուարո՛ւք զբանս զայս զոր ես առի՛ց ի վերայ ձեր ողբս։ Անկա՛ւ տունդ Իսրայէլի, և ո՛չ ևս յաւելուցու յառնել։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: