Ամոսի մարգարեության մեկնություն 6։9

Ա․ Լոպուխին

«Եվ կլինի, որ եթե մի տան մեջ տասը մարդ մնա, ապա նրանք էլ կմեռնեն», (Սինոդական թարգ․)[9]
   
    9−11−րդ համարները նկարագրում են ժողովրդին սպասվող աղետները: 9−րդ համարում խոսվում է բնակչության թվի խիստ նվազման մասին: «Եվ կլինի, որ եթե մի տան մեջ  (bebaith echad) տասը մարդ մնա, ապա նրանք էլ կմեռնեն»: Քանի որ մարգարեն խոսում է բնակչության թվի խիստ նվազման մասին, ուստի տանը տասը հոգու (սրանք պատերազմից փրկվածներն են) մնալը  որպես շատ մեծ թվաքանակ է ներկայացվում․ ժամանակակից մեկնիչները ենթադրում են (Վելհաուզեն, Նովակ), որ «asarah» (տասը) բառը ի հայտ է եկել գրիչների սխալի պատճառով: Նմանատիպ նկատառումներից ելնելով` Մարտին «տասը» թիվը հասկանում է որպես փրկվածների maximum քանակ (այլ ոչ թե minimum)։ Թեև տասը մարդ է մնացել, սակայն նրանք էլ են մեռնելու: Մարտիի կողմից առաջարկված ըմբռնումը չի համապատասխանում խոսքի համատեքստին, որից էլ երևում է, որ մարգարեն ցանկանում է մատնանշել փրկվածների հենց փոքր թիվը: Սակայն մյուս կողմից էլ «asarah» բառը սխալ համարելու և ուղղելու անհրաժեշտություն չկա: Ըստ երևույթին, մարգարեն խոսում է ոչ թե տանը, այլ քաղաքում մնացած տասը փրկվածների մասին: Մարգարեի ամբողջական միտքը կարելի է հետևյալ կերպ արտահայտել. եթե քաղաքում փրկվի գոնե մեկ տուն («bebaith есhad»` մեկ տան մեջ), և եթե քաղաքի ամբողջ բնակչությունից փրկվի ընդամենը տասը մարդ, ապա նրանք նույնպես կմեռնեն (Գոոնակեր): Մարգարեն, անկասկած, այստեղ նկատի ունի ժանտախտից առաջացող մահը: Սույն համարի վերջում Յոթանասնիցն ունի հետևյալ հավելումը` «καὶ ὑπολειφθήυονται οί κατὰλοιποι» (սլավոներեն` «և պետք է մնա մնացորդը»):

--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Եւ եթէ լինի, որ տասը մարդ էլ մնայ մի տանը, նրանք պիտի մեռնեն,
(Արարատ թարգ․) Եվ եթե այնպես լինի, որ մեկ տան մեջ տասը մարդ մնալու լինեն, նրանք պիտի մեռնեն։
(Գրաբար) Եւ եղիցի եթէ մնասցեն տա՛սն այր՝ ի տան միում, և մեռանիցին.