Ա. Պ. Լոպուխին (†1904)
Ես տեսա Տիրոջը՝ կանգնած զոհասեղանի վերևում: Եվ Նա ասաց. «Հարվածիʹր պարիսպների վերնաշեմին, որպեսզի ցնցվեն կողասյուները, ու կործանի՛ր դրանք բոլորի գլխին: Մնացածներին Ես կհարվածեմ սրով. նրանցից ոչ ոք, ով փախչում է, չի փախչի, և նրանցից ոչ ոք, ով ուզում է փրկվել, չի փրկվի»: (Սինոդական թարգ․)[1]
Ամոս մարգարեի հինգերորդ և վերջին տեսիլքը: Մարգարեն տեսնում է զոհասեղանի մոտ կանգնած Տիրոջը («al hamisbeach» արտահայտությունը Գ Թագ. 13:1 համարի նման ավելի լավ է թարգմանել «զոհասեղանի մոտ», այլ ոչ թե «զոհասեղանի վրա»), և այնտեղ հավաքված ժողովրդի գլխին տաճարը կործանելու հրահանգ է լսում: Բազմաթիվ մեկնիչների կարծիքով (երանելի Հերոնիմոս, երանելի Թեոդորիտ, Շեգգ, Կնաբենբաուեր, Յունգերով)` տաճարի ներքո, որի մասին խոսվում է այս համարում, պետք է հասկանալ Երուսաղեմի տաճարը, քանի որ
1) «misbeach» (զոհասեղան) բառն այստեղ կիրառված է մասնիկի հետ (հոդ) և մատնանշում է որոշակի, օրինական զոհասեղան, ինչպիսին միայն Երուսաղեմի զոհասեղանն էր,
2) Տերը չէր կարող հայտնվել մեկ այլ տաճարում, որտեղ Նրա համար ոչ հաճելի ծիսակատարություն էր կատարվում:
Սակայն ավելի լավ է համաձայնվել Ամոսի մարգարեության այն մեկնիչների հետ, որոնք 9․1 համարը առնչում են Բեթելյան սրբավայրին, որի մոտակայքում էլ քարոզում էր Ամոսը (սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի, Նովակ, Գոոնակեր, Պետրոս եպիսկոպոս): Մարգարեն իսկապես խոսում է իսրայելացիների մասին, հետևաբար, նա չէր կարող պատկերացնել, որ նրանք լցրել էին Երուսաղեմի տաճարը։ Իսկ տեսիլքի այն պարագան, որ Տերը հայտնվում է ոչ օրինական տաճարում, իր մեջ ոչ մի տարօրինակ բան չի պարունակում, եթե մտաբերենք այն հանգամանքը, որ Տերը հայտնվում է դատաստանի և պատժի համար: «Misbeach» բառին կցված հոդն ամբողջությամբ հասկանալի է դառնում նաև այն ենթադրության պարագայում, որ մարգարեն խոսում է Բեթելյան զոհասեղանի մասին: «Եվ Նա ասաց». այստեղ չի նշվում, թե Տերը ում է դիմում այդ խոսքերով, կաʹմ հրեշտակներին, ովքեր ուղեկցում էին Տիրոջը (երանելի Հերոնիմոս, Կնաբենբաուեր, Յունգերով), կա՛մ էլ հենց մարգարեին (սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի, Շեգգ): «Հարվածիʹր պարիսպների վերնաշեմին (hakapthor), որպեսզի ցնցվեն կողասյուները (hasippim)»: «kapthor» արտահայտությունը (ռուսերեն տեքստում՝ «պարիսպների վերնաշեմ») Ելք 25:31 համարում նշանակում է աշտանակի զարդարանք (ramerku), և ուսումնասիրվող հատվածում այն, հավանաբար, կիրառվում է որպես սյան [վերին] խոյակի անվանում (Նովակ, Գոոնակեր): Յոթանասնիցը, հավանաբար, «kapthor» բառի փոխարեն ընթերցել է «kapporeth» և, հետևաբար, «ὶλαστήριον» («սրբարան») բառով է թարգմանել (սլավոներենում՝ «հարվածի՛ր սրբարանին»): «Sap» բառը (ռուսերեն տեքստում` «դրանդի») Աստվածաշնչի այլ հատվածներում կիրառվում է «շեմ» (Դատ. 19:27, ) և «գավիթ» (Գ Թագ. 7:50) իմաստներով: Յոթանասնիցն այն թարգմանել է իբրև «πρὸπυλον»`գավիթներ (սլավոներեն՝ «և շարժվելու են գավիթները»): Նորագույն շրջանի մեկնիչները (Նովակ, Գոոնակեր) «hasippim» արտահայտությունը սովորաբար հասկանում են «նախամուտք» իմաստով։ Այս պարագայում «հարվածիʹր պարիսպների վերնաշեմին (սյուների վերևի խոյակներին), որպեսզի ցնցվեն կողասյուները» նախադասությունը հետևյալ տեսքն է ստանում. «Հարվածի՛ր այնպես, որպեսզի ամբողջ շենքը` վերից մինչև հիմքը, ցնցվի»: «Hasippim» արտահայտությունը «նախամուտք» թարգմանելու դեմ կարող են խոսել ուսումնասիրվող հատվածին հաջորդող՝ «դրանք (bezaam) կործանիր նրանց գլխին» բառերը, քանի որ նախամուտքը անհնար է գլուխների վրա գցել [կամ փլեցնել]: Այս նախադասությունը ցույց է տալիս ռուսերեն թարգմանության մեջ ընդունված «hasippim» արտահայտության «դրանդիներ» թարգմանելու անբավարար լինելը, քանի որ դրանդիներն էլ չի կարելի գցել «բոլորի գլխին»: Այս արտահայտության դժվար ընկալելի լինելու հանգամանքը կարելի է բացատրել նրանով, որ աստվածաշնչյան տեքստերում հիշատակվող ճարտարապետական եզրույթները մեզ համար բավականաչափ հասկանալի չեն: Ուշադրության է արժանի նաև Գոոնակերի «hasippim» արտահայտության փոխարեն՝ «hasippun» («տանիք») ընթերցելու (Գ Թագ. 6:15), և դրա հետ մեկտեղ՝ «Vejreaschu» («շարժվելու են») բառը եզակի թվով կիրառվող դարձնելու առաջարկը: «Դրանցից մնացածներին էլ», այսինքն՝ տաճարի կործանումից փրկվածներին կամ էլ, առհասարակ, բոլորին: 1−ին համարի «մնացածներին» բառերից սկսվող հատվածը ոչ թե տեսիլքի նկարագրության շարունակություն են համարում, այլ դրա մասին պատմող և այն բացատրող խոսքի սկիզբ (Նովակ):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տեսայ Տիրոջը. նա զոհասեղանի վրայ էր եւ ասաց. «Հարուածի՛ր այդ զոհասեղանին,եւ թող շարժուեն դրանդիները.կտրիր գցի՛ր դրանք բոլորի գլուխներին, իսկ մնացածներին ես սրով պիտի կոտորեմ.Տիրոջը տեսա զոհասեղանի կողքին կանգնած, և ասաց. «Հարվածի՛ր խոյակներին, որպեսզի շեմերը դողան, և փշրի՛ր դրանք նրանց բոլորի գլխի վրա։ Նրանց մնացորդին սրով պիտի սպանեմ, նրանցից և ոչ մեկը չի փախչելու, և նրանցից ոչ մեկը չի ազատվելու։
(Արարատ թարգ․) Ատե՛ք չարությունը և բարի՛ն սիրեք և դարպասում իրավո՛ւնքը հաստատեք, գուցե Տերը՝ Զորքերի Աստվածը, գթա Հովսեփի մնացորդին։
(Գրաբար) Տեսի՛ զՏէր զի կայր ի վերայ սեղանոյ՝ և ասէ. Բախեա՛ զսեղանդ՝ և շարժեսցին դրանդիք, և կտրեա՛ արկ ի գլուխս ամենեցուն. և զմնացորդս նոցա սրո՛վ կոտորեցից. և մի՛ ապրեսցէ ի նոցանէն փախուցեալն. և մի՛ զերծցի ի նոցանէ զերծեալն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: