Ա. Պ. Լոպուխին (†1904)
10-11․ «Իմ ժողովրդի բոլոր մեղավորները, որոնք ասում են. «Այդ աղետը մեզ չի հասնի ու մեզ վրա չի գա », կմեռնեն սրով: [10] «Այն օրը Ես կվերականգնեմ Դավթի ընկած խորանը, կփակեմ նրա ճեղքերը, կվերականգնեմ նրա ավերակները և կհաստատեմ այն հին օրերի պես», (Սինոդական թարգ․)
Մարգարեն սկսում է նկարագրել Իսրայելի ապագա վերականգնումը, որը տեղի է ունենալու «այն օրը» (bajom hahu), այսինքն՝ ժողովրդի համար սահմանված փորձությունների ավարտին։ «Վերականգնելու եմ Դավթի ընկած խորանը». Դավթի խորանի ներքո մարգարեն նկատի ունի Դավթի արքայական տունը։ Այն «ընկած խորան», այսինքն՝ կիսաքանդ վրան անվանելով՝ մարգարեն մատնանշում է Դավթի դինաստիայի անկումը՝ դրա բնակիչներին նմանեցնելով վրանաբնակ մարդկանց: Դավթի տան անկման մասին գաղափարն ավելի է ամրապնդվում հետագա արտահայտություններով՝ «կփակեմ նրա ճեղքերը, կվերականգնեմ նրա ավերակները»: Մերժողական մեկնաբանության ներկայացուցիչներն այն հանգամանքին են ուշադրություն դարձնում, որ Ամոսի ժամանակակիցը Հուդայի Ոզիա թագավորն էր, որը վերականգնել էր պետության հզորությունն ու փայլը (Դ Թագ. 14։22, Ես. 2): Այդ իսկ պատճառով նրանք անհնարին են համարում այն, որ Ամոսը կարող է խոսել Դավթի տան մասին իբրև խոնարհված և ավերված խորանի, և 11−15−րդ համարները առնչում են հետգերության ժամանակահատվածին (Նովակ): Սակայն Ամոս. 5։1, 2 համարներում էլ մարգարեն Իսրայելական թագավորությունն է «անկյալ կույս» անվանում, թեև այդ ժամանակահատվածում էլ (Հերոբովամ 2−րդի օրոք) Իսրայելական թագավորությունն էր շատ մեծ հզորության հասել: Ակնհայտ է, որ մարգարեն իրավիճակը գնահատում է ըստ էության, և Դավթի տան ունեցած ժամանակավոր հմայքը նրան չի կուրացնում։ Ըստ էության, նույնիսկ Ոզիայի օրոք այդ տունն արդեն խոնարհված և ճաքճքած խորան էր, որը կարող էր ամեն րոպե վերջնականապես կործանվել: Հետևաբար որևէ հիմք չկա ուսումնասիրվող համարների՝ Ամոս մարգարեին պատկանելու հանգամանքը ժխտելու համար: «Եվ կհաստատեմ այն հին օրերի պես», այսինքն՝ այնպես, ինչպես եղել է Դավթի և Սողոմոնի ժամանակներում, երբ Դավթի տունը հասել էր իր ծաղկման գագաթնակետին (Բ Թագ. 7, Գ Թագ. 9։5): Յոթանասնիցը մարգարեի խոսքերը հասկացել է որպես վերականգնված խորանի հավիտենապես գոյություն ունենալու մասին մատնանշում և «ὀικοδομήσω καθὼт ἀι ἠμέραι τοῦ αιῶνος» (սլավոներեն՝ «պիտի վերաշինեմ այն հին օրերի նման») տարբերակով է թարգմանել:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Սրով պիտի վախճանուեն իմ ժողովրդի բոլոր մեղաւորները, որոնք ասում էին, թէ՝ «չարիքները չեն մօտենայ մեզ, չեն հասնի մեզ վրայ»»:
(Արարատ թարգ․) Սրով պիտի մեռնեն իմ ժողովրդի բոլոր մեղավորները, որոնք ասում են. Չարքը մեզ չի հասնի և մեր առաջ չի գա»։
(Գրաբար) Սրո՛վ վախճանեսցին ամենայն մեղաւորք ժողովրդեան իմոյ. որք ասէին. Ո՛չ մերձեսցին՝ և ո՛չ հասցեն ի վերայ մեր չարիք։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: