Ամոսի մարգարեության մեկնություն 1:1

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Ամոսի` Թեկուայի հովիվներից մեկի խոսքերը, որոնք նա լսեց Երուսաղեմի մասին տեսիլքի ժամանակ Օզիայի` Հրեաստանի թագավորի օրերին, ու Իսրայելի թագավոր Հերոբովամի` Հովասի որդու օրերին`երկրաշարժից երկու տարի առաջ: (Սինոդական թարգ․) [1]
   
    Ներածության մեջ խոսվում է մարգարեի ծագման ու նրա ծավալած գործունեության ժամանակի մասին: «Խոսքերը․․․ որոնք նա լսեց տեսիլքի մեջ» արտահայտությունը եբրայերենից ավելի ճիշտ կլինի թարգմանել հետևյալ կերպ. «որոնք նա տեսավ  (chazah), այսինքն՝ տեսավ հոգևոր աչքերով: Սլավոներեն տեքստում, համապատասխանաբար նաև Յոթանասնիցում, ներածության սկիզբը եբրայերենից տարբեր ձևով է ընթերցվում․ «Թեկուա Կարիաթիարիմում (hայերեն թարգմանության մեջ «Թեկուայի հովիվներից մեկի խոսքերը» տարբերակն է)Երուսաղեմի մասին Ամոսի ասած խոսքերը, որոնք նրան հայտնվեցին տեսիլքում»:

    Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին «Կարիաթիարիմ» բառի փոխարեն ընթերցում է «Ակկարիմ»: Երանելի Թեոդորիտոսը հունարեն տեքստն այն իմաստով է մեկնում, որ չնայած Ամոսը ծնվել է Թեկուայում, սակայն մարգարեական գործունեություն ծավալելու է կոչվել Կարիաթիարիմում: Սակայն 1−ին համարի խոսքերը հասկանալու առումով ավելի լավ է համաձայնել երանելի Հերոնիմոսին, որը հունարեն տեքստի հավելումը հասարակ (պարզ) սխալ է համարում:

--------------------------------
[1](Էջմիածին թարգ․)Ամոսի պատգամները Թեկուա Ակկարիմում, որոնք նրան յայտնուեցին մի տեսիլքում Երուսաղէմի մասին, երկրաշարժից երկու տարի առաջ Հրէաստանի Օզիա արքայի եւ Իսրայէլի արքայ Յովասի որդի Յերոբովամի ժամանակ:
(Արարատ թարգ․) Խոսքերն Ամովսի, որ Թեկուեի հովիվներից էր, որ նա տեսավ Իսրայելի մասին Ոզիա թագավորի օրերին և Իսրայելի թագավոր Հովասի որդի Հերոբովամի օրերին, երկրաշարժից երկու տարի առաջ։
(Գրաբար) Պատգամք Ամովսայ որ եղեն յԱկկարիմ Թեկուայ, զորս ետես ի վերայ Երուսաղեմի. յաւուրս Ոզիայ արքայի Հրէաստանի, և յաւուրս Յերոբովամայ որդւոյ Յովասայ արքայի Իսրայէլի։ Երկուք ամօք յառաջ քան զգետնաշարժն. և ասէ.