Ամոսի մարգարեության մեկնություն 1:6

Ա. Պ. Լոպուխին (†1904)

6-7․ Այսպես է ասում Տերը. «Գազայի երեք հանցանքների և նաև չորրորդի համար նրանց չեմ խնայի, որովհետև նրանք բոլորին գերության տարան, որպեսզի նրանց մատնեն Եդոմին»: [6] «Եվ Ես հուր պիտի գցեմ Գազայի պարիսպների վրա, ու այն պիտի այրի նրա ապարանքները»: : (Սինոդական թարգ․)
   
    6−8−րդ համարներում մարգարեն հայտարարում է փղշտացիների նկատմամբ Աստծու դատաստանի մասին, որովհետև նրանք տանում էին գերիներին ու նրանց հանձնում Եդոմին: Փղշտացիների ամբողջ երկրի փոխարեն մարգարեն հիշատակում է Գազան` փղշտացիների, այսպես կոչված, հինգ թագավորական քաղաքներից մեկը: 6−րդ համարից չի հասկացվում, թե այստեղ մարգարեն ինչ գերիների մասին է խոսում: Նաև հստակ չէ՝ մարգարեն փղշտացիներին մեղավոր է համարում միայն գերիներին ստրկության վաճառելու, թե նաև նրանց գերեվարելու համար:

    Որոշ մեկնիչներ (Յունգերով) համարում են, որ մարգարեն այստեղ խոսում է հրեա գերիների մասին (հմմտ. 9−րդ  համար): Դժվար է ասել, թե այստեղ մարգարեն կոնկրետ ինչ պատմական փաստեր նկատի ունի: Փղշտացիները հարձակում են գործել Երուսաղեմի և Հուդայի թագավորության վրա Հորամ արքայի օրոք (Բ Մնաց. 21։16- 17), իսկ հետո նաև Ոզիա թագավորի ժամանակ (Բ Մնաց. 26։6): Մարգարեի խոսքերը կարող են վերաբերել ինչպես վերոնշյալ, այնպես էլ այլ իրադարձությունների, որոնք մեզ հայտնի չեն: Մարգարեի կողմից 6−րդ և 9−րդ համարներում Եդոմի մասին հիշատակությունը ցույց է տալիս, որ եդոմայեցիները ստրուկների վաճառքի հիմնական միջնորդներն էին:

    «Որովհետև նրանք բոլորին (schelemah) գերության տարան» բառերի փոխարեն սլավոներեն տեքստում, ինչպես նաև հունարենում, «քանի որ գերեվարեցին Սողոմոնի ժողովուրդը» տարբերակն է: Յոթանասնիցի ընթերցումը որոշ մեկնիչներ հասկանում են իբրև 6−րդ համարի մեկնության փորձ, որտեղ փորձ է արվում հստակեցնել, թե ինչ գերիների մասին է խոսքը․ «գերեցին Սողոմոնի ժողովրդը»` այսինքն՝ հրեաներին, որոնք մի ժամանակ ենթարկվում էին Սողոմոնին (Երանելի Թեոդորոս), Սողոմոնի հետնորդներին (Երանելի Հիերոնիմոս), քաղաքների բնակիչներին, որոնք կառուցել էր Սողոմոնը (սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի): Ավելի հեշտ է կարծել, որ Յոթանասնիցը եբրայերեն « Schelemah » (բոլորին, առհասարակ) արտահայտությունն ընդունել է որպես հատուկ անուն՝ «Schelomoh»−Սողոմոն:

--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) «Գազայի երեք ամբարշտութիւնների եւ մանաւանդ չորրորդի համար, քանի որ գերեցին Սողոմոնի ամբողջ ժողովուրդը եւ արգելափակեցին Եդոմում, ես պիտի պատժեմ նրանց:
(Արարատ թարգ․) Տերն այսպես է ասում. «Գազայի երեք օրինազանցությունների համար ու չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք մի ամբողջ ժողովուրդ աքսորեցին, որ հանձնեն Եդովմին։
(Գրաբար) Ա՛յսպէս ասէ Տէր. Ի վերայ երից ամպարշտութեանցն Գազայ, և ի վերայ չորիցն՝ ո՛չ դարձայց ի նոցանէն. փոխանակ զի գերեցին զգերութիւն Սողոմոնի արգելուլ յԵդովմ։