Ա. Պ. Լոպուխին (†1904)
Գրավ վերցրած հագուստների վրա պառկում են ամեն զոհասեղանի մոտ ու ամբաստանվածներից բռնագրավված գինին խմում են իրենց աստվածների տներում: (Սինոդական թարգ․)[8]
Այստեղ մարգարեն խոսում է պաշտամունքի վայրերում ազնվականների և զորեղ մարդկանց դրսևորած վարքի մասին: Ոմանց կարծիքով (Յոթանասնից, երանելի Հիերոնիմոս) մարգարեն «նրանց Աստծու տան» ներքո (beith elogeichem) նկատի ունի Տեր Աստծու տունը, իսկ այլոց կարծիքով (սլավոներեն և ռուսերեն թարգմանություններ) նկատի ունի այն տունը, որտեղ կատարվում էր հորթերի անօրինական պաշտամունքը, այսինքն՝ Բեթելի կամ Դանի սրբարանները (Յունգերով): Հարկ է համաձայնել վերջին տեսակետի հետ, քանի որ մարգարեն այստեղ օգտագործում է «նրանց Աստծու» արտահայտությունը` դրանով իսկ ցույց տալով, որ ինքը մեկ այլ Աստծու հետևորդ է:
8−րդ համարում մարգարեն դատապարտում է Իսրայելի իշխաններին, որովհետև նրանք անարդար և բռնությամբ ձեռք բերված իրերն օգտագործում էին պաշտամունքային արարողությունների ժամանակ, իսկ, ավելի կոնկրետ՝ պառկում էին աղքատներից խլված հագուստների վրա ու խմում էին անարդար կերպով ամբաստանյալներից բռնագրավված գինին: Յոթանասնիցում և սլավոներեն տեքստում 8−րդ համարի սկիզբն ավելի ազատ է փոխանցված. «ու ամեն սեղանի մոտ ընկողմանում էին հափշտակված հագուստների վրա»: Ըստ եկեղեցական վարդապետների բացատրության` 8−րդ համարի հունարեն տեքստը մատնանշում է իսրայելական մեհյաններում կատարվող պղծությունը, ինչպես նաև այդ մեհյաններում հագուստներից պղծության համար նախատեսված վրանների պատրաստումը:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Նրանք իրենց զգեստները որպէս ծածկոց էին գցում իրենց վրայ եւ զոհասեղանին 688 եւ բռնագրաւուած գինի էին խմում իրենց Աստծու տան մէջ:
(Արարատ թարգ․) Եվ պառկում են ամեն մի զոհասեղանի մոտ գրավ առնված հանդերձների վրա և իրենց աստվածների տանը խմում են բռնագրավված գինին։
(Գրաբար) Եւ զձորձս իւրեանց առագա՛ստ ձգէին ընդ ինքեանս՝ և ընդ սեղանն. և գինի զրպարտութեանց ըմպէին ի տա՛ն աստուծոյ իւրեանց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: