Անգեի մարգարեության մեկնություն 1։12

Ա․ Լոպուխին

12-14. Հուդայի ազգից Սաղաթիելի որդի Զորաբաբելը, մեծ քահանա Հոսեդեկի որդի Հեսուն և ժողովրդի բոլոր մնացորդները լսեցին իրենց Տեր Աստծու ձայնն ու Անգե մարգարեի պատգամները, ինչպես որ նրանց Տեր Աստվածը նրան ուղարկեց նրանց մոտ. ու ժողովուրդը վախեցավ Տիրոջից: [12] Այն ժամանակ Տիրոջ պատգամաբեր Անգեն, որն ուղարկվել էր Տիրոջ կողմից, ասաց ժողովրդին. «Ես ձեզ հետ եմ` ասում է Տերը»: Եվ Տերն արթնացրեց Հուդայի ցեղից Սաղաթիելի որդի Զորաբաբելի ոգին, մեծ քահանա Հոսեդեկի որդու` Հեսուի ոգին և ժողովրդի բոլոր մնացորդների ոգին, և նրանք եկան ու իրենց Զորությունների Տեր Աստծու տունը սկսեցին կառուցել վեցերորդ ամսի քսանչորսերորդ օրը, Դարեհ արքայի գահակալության երկրորդ տարում: (Սինոդական թարգ․)
   
   Մարգարեի պարզ և անպաճույճ, սակայն զորավոր ու համոզիչ ճառը իր ցանկալի ազդեցությունն է ունենում ոչ միայն Զորաբաբելի և Հեսուի, այլ նաև ամբողջ ժողովրդի վրա. Մնացյալ ամբողջ ժողովուրդը արտահայտության ներքո (եբրայերենում` «կոլ−շեերիտ խաամ»՝ «ժողովրդի ամբողջ մնացորդը», Վուլգաթայում՝ omnes reliquiae populi) հասկացվում է «հրեա ժողովրդի այն մնացորդի ամբողջությունը, որը վերադարձել էր գերությունից և, ի տարբերություն ազգաբնակչության կամ պետության [քաղաքացիների] նախկին թվի, իրապես կարող էր «մնացորդ» անվանվել: Այդ ժամանակահատվածում այս արտահայտությունը դառնում է շատ տարածված ու ընդհանուր  եզրույթ (Զաք. 8:6), որով մատնանշվել են գերությունից վերադարձածները և, առհասարակ, Երուսաղեմում տեղի ունեցած աղետի և գերության ժամանակ կորստյան չմատնվածները»  (Marti. Op. cit. S. 384): Անգե մարգարեի խոսքը լուրջ ազդեցություն է ունենում նրա բոլոր ունկնդիրների վրա` ստիպելով նրանց խորհել իր միջոցով տրված հայտնության մասին: Սակայն այս գործողությունը չէր կարող նույնը լինել մի կողմից՝ Զորաբաբելի և Հեսուի, իսկ մյուս կողմից՝ ժողովրդի համար: «Հարկ է,− ասում է երանելի Հիերոնիմոսը,− ուշադրություն դարձնել այն բանին, որ համաձայն Փրկչի կրկնակի նախաօրինակի (Զորաբաբելը որպես առաջնորդ, իսկ Հեսուն՝ քահանայապետ (քանի որ Փրկիչը միևնույն ժամանակ ևʹ Թագավոր է, ևʹ Քահանայապետ)) գրքում ոչ թե ասվում է, որ Զորաբաբելը և Հեսուն վախեցան, այլ ասվում է, որ չնայած Զորաբաբելը, Հեսուն և ժողովուրդը ականջալուր եղան Անգե մարգարեի խոսքերին, որոնք Տիրոջ խոսքերն են, սակայն Տիրոջից երկյուղ կրեց միայն ժողովուրդը, այսինքն՝ միայն այն բազմությունը, որը դեռ չի վերածվել կատարյալ մարդու» (տե՛ս վերոհիշյալ ստեղծագործությունը, էջ 333):

   Ի պատասխան ժողովրդի երկյուղածության և շփոթմունքի (12−րդ համար)՝ և, միևնույն ժամանակ, տաճարի կառուցման առնչությամբ նրա հնարավոր երկմտանքը կանխելու համար, Անգե մարգարեն 13−րդ համարում հանդիսավոր կերպով հայտարարում է, որ ժողովուրդը մխիթարություն և հավանություն է ստանալու Տեր Աստծուց։ Մարգարեն  կարծես  այսպես է ասում. «Մի՛ կորցրեք ձեր քաջությունը, Ես ձեր գործակիցն ու օգնականն եմ» (երանելի Թեոդորիտ, վերոնշյալ ստեղծագործությունը, էջ 61): Պահի խիստ կարևորության և ժողովրդի ոգին բարձրացնելու անհրաժեշտության հանգամանքով է բացատրվում Աստվածաշնչի համար մի փոքր անսովոր մարգարեի «Տիրոջ Պատգամաբեր»` եբրայերենում «մալախ Եհովա»  կոչվելու իրողությունը։ (Այնուամենայնիվ, չի կարելի ամբողջությամբ բացառել Աստվածաշնչում այս  եզրույթի մարգարեների առնչությամբ կիրառվելու հանգամանքը։ Ընդհակառակը` հենց «պատգամաբեր» տիտղոսով են հիշատակվում այն բոլոր մարգարեները, որոնց մասին խոսվում է Բ Մնաց. 36:15, 16 համարներում, նաև Ես․ 44:26): Քրիստոնեական հնագույն շրջանի մեկնաբանության մեջ տարածված Անգե. 1:13 համարը որպես մարգարեի՝ հրեշտակային բնություն [ունենալու] մատնանշում հասկանալու ոչ ընդունելի լինելու մասին մենք արդեն իսկ խոսել ենք մեր մեկնաբանության ներածական հատվածում:

   Մարգարեի հորդորների ու խրախուսանքների, իսկ այնուհետև 14−րդ համարում զետեղված շինարարների ոգին բարձրացնելու ուղղությամբ Տիրոջ առանձնահատուկ գործողությունների միջոցով  վերջապես հաղթահարվեցին տաճարի կառուցման առնչությամբ ժողովրդի ունեցած բոլոր տատանումները, և մարդիկ ակտիվորեն սկսեցին վերակառուցման աշխատանքները։ Որպես այդ աշխատանքների սկիզբ՝ 15−րդ համարում հիշատակվում է վեցերորդ ամսի 24−րդ օրը, այսինքն՝ տաճարի շինարարությունը սկսվում է Անգե մարգարեի առաջին քարոզից ընդամենը երեք շաբաթ անց (Անգե. 1:1):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Յուդայի ազգից Սաղաթիէլի որդի Զորոբաբէլը, եւ քահանայ Յոսեդեկի որդի Յեսուն եւ ժողովրդի բոլոր մնացածները լսեցին իրենց Տէր Աստծու ձայնը եւ Անգէ մարգարէի պատգամները, ինչպես որ նրանց Տէր Աստուածը նրան ուղարկեց նրանց մօտ. եւ ժողովուրդը վախեցաւ Տիրոջից:
(Արարատ թարգ․) Այն ժամանակ Սաղաթիելի որդի Զորաբաբելը և Հովսեդեկի որդի Հեսու քահանայապետը և ժողովրդի ամբողջ մնացորդը հնազանդվեցին Տիրոջ՝ իրենց Աստծու ձայնին և Անգե մարգարեի խոսքերին, որովհետև Տերը՝ իրենց Աստվածն էր նրան ուղարկել։ Եվ ժողովուրդը վախեցավ Տիրոջից։
(Գրաբար) Եւ լուաւ Զորաբաբէլ որդի Սաղաթիելի յազգէ Յուդայ, եւ Յեսու Յովսեդեկեայ քահանայ մեծ, եւ ամենայն մնացորդք ժողովրդեանն՝ ձայնի Տեառն Աստուծոյ իւրեանց. եւ զպատգամս Անգէի մարգարէի, որպէս առաքեաց զնա Տէր Աստուած նոցա առ նոսա. եւ երկեաւ ժողովուրդն յերեսաց Տեառն։