Անգեի մարգարեության մեկնություն 2։21

Ա․ Լոպուխին

21-24․ Տիրոջ պատգամը երկրորդ անգամ հասավ Անգե մարգարեին ամսի քսանչորսին ու ասաց. [21] «Ասաʹ Հուդայի ազգից Սաղաթիելի որդի Զորաբաբելին, որ դարձյալ պիտի սասանեմ երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը»: «Պիտի կործանեմ թագավորների գահերը, պիտի խորտակեմ թագավորների զորությունը, պիտի կործանեմ կառքերն ու հեծյալներին: Երիվարներն ու նրանց հեծյալները պիտի ընկնեն յուրաքանչյուրն իր եղբոր սրով»: «Այն օրը»,− ասում է Զորությունների Տերը,− «Սաղաթիելի որդի Զորաբաբեʹլ, Ես քեզ` Իմ ծառային, պիտի վերցնեմ ու հաստատեմ որպես կնիք, քանի որ դու հաճո եղար Ինձ»,−  ասում է Ամենակալ Տերը: (Սինոդական թարգ․)
   
   Ինչ վերաբերում է մարգարեի անձամբ Զորաբաբելին ուղղված, սակայն, բովանդակությամբ երկրորդ ճառի հիմնական մասի (2:1−9; ավելի կոնկրետ` 6−9−րդ համարներ) վերարտադրությունը հանդիսացող չորրորդ ճառին, ապա աստվածաշնչագիտության մեջ երկու հարց է առաջ քաշվում. 1) ինչո՞ւ և ի՞նչ իմաստով է 2:6 համարի բացատրությունը ներկայացնող ու նախկինում ամբողջ ժողովրդին ուղղված մարգարեությունը այժմ ուղղվում միայն Զորաբաբելին, 2) ի՞նչ իմաստ ունի Զորաբաբելին կնիքի կամ մատանու պես  պահելու Տիրոջ խոստումը:

   Առաջին հարցադրումը որոշ ժամանակակից պատմաբան−աստվածաշնչագետների կողմից (Շտադե, Վելհաուզեն) հետևյալ կերպ է լուծվում։ Ամբողջ չորրորդ համարը պատկերում է հրեա ժողովրդի քաղաքական ու մեսիական ակնկալիքները, որոնք, որպես համայնքի ներկայացուցչի և Դավթի թագավորական ընտանիքի սերնդի, գերությունից հետո կենտրոնանում են Զորաբաբելի վրա․ ակնկալիքներ, որոնք, ենթադրաբար, վերակենդանանում են տաճարի վերակառուցման կամ Պարսկական կայսրությունում հեղափոխական շարժումների ազդեցության ներքո, որոնք էլ հպատակ ազգերի մեջ Պարսկական կայսրության մոտալուտ անկման և դրա լծից իրենց ազատման հույս է արթնացնում: Սակայն այս ժամանակաշրջանի հրեաների մոտ նմանատիպ հույսերի կամ ակնկալիքների առկայությունը չի հաստատվում ոʹչ աստվածաշնչյան  և ոʹչ էլ արտաաստվածաշնչյան աղբյուրներով: Անգե մարգարեի գիրքը բավականին հստակ վկայում է, որ մարգարեի ժամանակակից հրեաները ոչ միայն նմանատիպ համարձակ ակնկալիքներ կամ քաղաքական նկրտումներ չունեին, այլև նույնիսկ տարատեսակ անհաջողությունների և աղետների պատճառով այն աստիճան էին ընկճվել, որ գրեթե ամբողջությամբ կորցրել էին հավատը իրենց, իրենց ուժերի, անգամ Աստծո հետ իրենց կնքած ուխտի անփոփոխելիության և Տեր Աստծու կողմից Աստծո ժողովրդին տրված խոստումների նկատմամբ (2:4−6)։ Իր մխիթարական ու քաջալերող բնույթով մարգարեի 4−րդ ճառը մասնավորապես վկայում է Զորաբաբելի և, ի դեմս նրա ամբողջ ժողովրդի, ընկճված և ճնշված վիճակի մասին: 4−րդ ճառի անժխտելի կապը երկրորդի հետ, որը հատկապես երևում է 6−9−րդ համարներից, ընդհակառակը, ցույց է տալիս, որ այն, ինչ ավելի վաղ ասվել էր ժողովրդին (հավանաբար, հնարավոր սխալ ընկալումների պարզաբանման նպատակով), այժմ կրկնվում է Զորաբաբելի համար, քանի որ նա Դավթի թագավորական տնից էր, որին, իր սերնդի հետ միասին, Տիրոջ կողմից հավիտենական բնույթ ունեցող խոստումներ էր տրվել (Բ Թագ. 7:13, 15, 18; Սաղմոս. 88:28 և այլն): Սրա հետ մեկտեղ մենք գտնում ենք նաև այն հարցի պատասխանը, թե ինչ իմաստով է Զորաբաբելին խոստում տրվում, որ Տերը նրան պահպանելու է իբրև կնիք (տե՛ս համար 23): Աստվածաշնչի մյուս հատվածների հետ զուգահեռները, որտեղ խոսվում է կնիքի մասին (օրինակ` Եր. 22:24, Երգ. 8:6, Սիր. 17:18), հաստատում են, որ այստեղ (23−րդ համար) նույնպես խոսվում է Աստծո Նախախնամության միջոցով Զորաբաբելի առանձնահատուկ պաշտպանության մասին, որն արվում էր ոչ այնքան նրա անձի, որքան Տիրոջ կողմից ընտրված Դավթի արքայական տոհմի ներկայացուցիչ լինելու համար, որից էլ պետք է ծնվեր Մեսիան: Մարգարեության նմանատիպ տիպաբանական նշանակության մասին է խոսում նաև Սիրաքի որդի Հեսուի կողմից Անգեի մարգարեության մեջ Զորաբաբելի մասին պահպանված հիշատակության վերաբերյալ հիշողությունը. «Ինչպե՞ս ցույց տանք Զորաբաբելի մեծությունը: Նա նման է աջ ձեռքի վրա դրված մատանո՞ւ» (Սիր. 49:13)։ Ինչը Անգեի մարգարեության 2:22, 23 համարներում վերագրվում է Զորաբաբելին, իրապես պատկանում է Զորաբաբելի սերնդի մեծագույն ներկայացուցչին` Տեր Աստծու Աստվածային Ծառային` Քրիստոս Փրկչին (Ա Մնաց. 3:16−19, Մատթ. 1:12−13, Ղուկ. 1:27):
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Տիրոջ պատգամը հասաւ նորից Անգէ մարգարէին ամսի քսանչորսին եւ ասաց.
(Արարատ թարգ․2:20) Եվ Տիրոջ խոսքը ամսի քսանչորսին կրկին հասավ Անգեին՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղեւ բան Տեառն կրկին անգամ առ Անգէ մարգարէ ի քսան եւ ի չորս ամսոյն՝ եւ ասէ.