Մաղաքիա արք. Օրմանյան
19-21. Այս խօսքերի պատճառով հրեաների մէջ դարձեալ պառակտում եղաւ: Եւ նրանցից շատերն ասում էին. «Նրա մէջ դեւ կայ եւ մոլեգնում է. ինչո՞ւ էք նրան լսում»: Ոմանք էլ ասում էին. «Սրանք դիւահարի խօսքեր չեն, միթէ դեւը կարո՞ղ է կոյրի աչքերը բանալ»:
Չորս ավետարաններով «Համապատում» կազմելու աշխատությունը բավական ծանր դժվարությունների է հանդիպում, որովհետև ավետարանիչերը պարզապես Հիսուսի վարդապետությունը բացատրելու մտադրված, անտեսում են ժամանակագրական տեղեկությունները, իրար մոտ բերելով նման խոսքերը և մնան իրողությունները՝ սիրում են քաղվածորեն ամփոփումներ տալ: Ըստ այդմ էլ մեկնիչները և քննադատները պարտավորված են լինում մանրամասնություններին կարևորություն տալ և դիտարկել համաձայնող կետերը և այդ ձևով իրար հետ կապելով՝ պատմություն կազմել: Ավելի դժվար մասերից մեկն էլ Ղուկասի 10-18 գլուխներում բերված քարոզությունների և առակների մասն է, քանի որ այն ավետարանի ամենանշանավոր հատվածն է, որի ուր և երբ խոսված լինելը կարևոր հանգամանք է: Ղուկասն այս ամփոփումներից առաջ արդեն ասել էր, որ Հիսուսը Գալիլիայում քարոզություններն ավարտելուց հետո ճանապարհվել է Երուսաղեմ Ղուկ. 9:51, որից հետևում է, որ դրանից հետո գրվածները Գալիլիայից դուրս է տեղի ունեցել: Այդ մեծ հատվածի մեջտեղում կրկին հիշում է, որ պատրաստվում է Երուսաղեմ ճանապարհվել Ղուկ. 13:22, որտեղից կարելի է բխեցնել, որ Հիսուսը մեկ անգամ եղել է Երուսաղեմում և մեկնելուց հետո կրկին վերադարձել: Հովհաննեսն էլ, որ ավելի զբաղվում էր Երուսաղեմում կատարված եղելություններով և քարոզություններով, հիշատակում է, որ Հիսուս «միւս անգան» գնաց Յանկոյս Յորդանանին Հովհ. 10:40, որով հաստատվում է Ղուկասի գրածը,թե Հիսուս երկու տարբեր անգամ է եղել Երուսաղեմում: Այս մանր հանգամանքները բավական են մեզ, որպեսզի հետևություն կազմենք, որ Հիսուսը Գալիլիայի և Երուսաղեմի հիշված գործունեությունից բացի մի հատուկ գործունեության շրջան էլ կատարեց Հորդանանի այն կողմում, որն էլ Բերեա գավառն է:
Մովսեսի կենդանության ժամանակից, տակավին Հորդանանը չանցած, հրեաները գրավեցին այն երկիրը, որն ընկած էր Տիբերեա ծովակից մինչև Մեռյալ ծովը, որը տարածված էր Հորդանան գետի ձախ կողմում և «Յանկոյս» կոչվեց՝ հրեական Պաղեստինի գլխավոր մասի համեմատությամբ: Այդ երկիրը բաժին ընկավ Ռուբենի և Գադի ցեղերին և Մանասեի կես ցեղին և դարձավ հրեաբնակ երկիր, ինչքան էլ որ մովաբացիներին, ամոնացիներին և ասորիներին սահմանակից լինելով՝ հեթանոս բնակիչներ ունեցավ: Հիսուս, որ ամբողջ Պաղեստինում տարածեց իր գործունեությունը, այս մասն էլ պետք է չանտեսեր, չմոռանար: Ըստ այսմ, պետք է, որ նախ Տաղավարահարաց և Նավակատիքի տոների ժամանակ և հետո Նավակատյաց և Զատկի տոների ժամանակ երկու մասից բաղկացած գործունեության շրջան ընդունենք Բերեայում: Այդ գործունեության գլխավոր պատմողը Ղուկասն է և նրան հետևելով՝ պետք է պատմենք Բերեայում տեղի ունեցած դեպքերը և խոսված քարոզությունները: Սակայն չենք պնդում, թե ինչ որ Ղուկաս այստեղ բերում է, միաժամանակ և շարունակաբար են կատարվել և ասվել, որովհետև Ղուկասն էլ, մյուս ավետարանիչների նման, քաղվածորեն ամփոփումներ է կատարել և նման կետերն իրար մոտեցրել:
Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Ղուկասի այս մասում բերած քարոզությունների շատ հատվածներ մյուս ավետարանիչները ուրիշ հանգամանքներում են հիշատակում: Բայց սա էլ մեկնվում է այն կարևոր սկզբունքներով, որն իբրև հիմնական քանիցս կրկնել ենք, թե պետք չէ կարծել, որ Հիսուս մի խոսքը մի տեղ մի անգամ է ասել, այլ ընդհակառակը, ավետարանական ճշմարտությունները զանազան տեղերում և զանազան անգամներ կրկնել են և ավետարանիչները կարող էին մեկը մի տեղ և մի անգամ, մյուսը՝ մի ուրիշ տեղ և ուրիշ անգամ օգտագործել:
Հիսուսի՝ Երուսաղեմում մնացած օրերը չենք կարող ճիշտ որոշել: Տաղավարահարաց տոնը Թչրինի ամսին էր հանդիպում, այսինքն՝ հոկտեմբերի սկզբներին: Այդ ժամանակից մինչև Նավակատյաց տոնը, Քասղևի վերջերը կամ դեկտեմբերի մեջ, երկու ամսից ավելի ժամանակ կար: Այդ միջոցի առաջին մասում տեղի ունեցան մեր նշած վիճաբանությունները և ի ծնե կույրի բժշկությունը: Այդ միջադեպերը Երուսաղեմում ծանր գրգռումներ առաջ բերեցին Հիսուսի դեմ, և փարիսեցիների ատելությունը սաստկացավ, մանավանդ, որ վերջին բժշկությունը ժողովրդի վրա մեծ տպավորություն էր գործել: Փարիսեցիներն ամեն տեղ հայտարարում էին, թե Հիսուս սատանայի կողմից բռնված մի դիվահար է, արած հրաշքները՝ սատանայի խաբեություններ, ասած խոսքերը՝ դիվական ցնորքներ, և պետք չէ նրան կարևորություն տալ, պետք չէ խոսացածը լսել, պետք չէ Նրան հետևել: Սակայն ժողովրդի մեջ կային հանգիստ մտածողներ էլ, ովքեր ցույց էին տալիս, թե Հիսուսի վրա դիվահարի նշաններ չկան: «Մի՞ թե,- ասում էին,- դևը կարող է կույրերին բժշկել, մի՞ թե դևը կարող է այդպիսի սքանչելի քարոզություններ խոսել»: Բայց նույնիսկ
այդ բարեմիտների խոսքերը հալածանքները սաստկացնելու պատճառ էին դառնում Հիսուսի դեմ, և Նա՝ Հիսուս, հարմար գտավ մի պահ Երուսաղեմից հեռանալ, որպեսզի գրգռված մտքերը հանդարտվեին, մինչև որ հասներ Իր չարչարանքի ու մահվան սահմանված ժամանակը:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: