Մաղաքիա արք. Օրմանյան
29-33. Եւ ժողովուրդը, որ կանգնած էր ու լսում էր, ասում էր, թէ՝ որոտմունք է լինում: Ոմանք էլ ասացին. «Նրա հետ մի հրեշտակ խօսեց»: Յիսուս պատասխանեց ու ասաց. «Այս ձայնը ինձ համար չէ, որ եկաւ, այլ՝ ձեզ համար: Հիմա՛ է այս աշխարհի դատաստանը, հիմա՛ է, որ այս աշխարհի իշխանը դուրս կը նետուի: Եւ երբ ես բարձրանամ երկրից, ամենքին դէպի ինձ կը ձգեմ»: Այս ասում էր նշելու համար, թէ ի՛նչ մահով էր մեռնելու:
Հազիվ Հիսուս այդ հառաչանքն արձակեց և հաստատուն մտքով չարչարանքների և մահվան հանձնառությունն արտահայտեց, երկնքից անսպասելիորեն մի ձայն հնչեց` երկնքի գոռալու ձայն, սովորականից տարբեր և խորհրադավոր նշանակություն ունեցող ձայն: Դրա ինչ լինելը ժողովուրդը չհասկացավ, բայց բոլորը կռահեցին, որ նշանակալից բան եղավ և սկսեցին ասել, թե երկնքից մի հրեշտակ խոսեց Հիսուսի հետ: Իսկ հակառակության ոգով մեկնություն տալ ուզողները ասացին, թե իբր սովորական որոտում էր, նշանակություն չունեցող մի բան: Հիսուս միայն իմացավ ձայնի իմաստը, որ հնչեց որպես պատասխան Իր հառաչանքին. «Հայր փառաւորեա զանուն քո», որին Երկնավոր Հայրը զգալի նշանով ու լսելի ձայնով պատասխանեց. «Եւ փառաւոր արարի. եւ դարձեալ փառաւոր արարից. Ինչպես որ մինչև հիմա արեցի ամեն ինչում, այնպես էլ սրանից հետո Ավետարանի քարոզության և Ավետարանը քարոզողիդ հաջողության և փառավորության հովանավորը կլինեմ, չարչարանք և խաչ արդյունք են տալու և Երկնքի Արքայության փառավորությունը պիտի պատրաստեն»:
Երբ Հիսուս տեսավ , որ ձայն լսողները տարբեր ձևով են մեկնաբանում և ճշմարտությունը ծածկելու ճիգեր անում, պարտք համարեց իսկությունը բացատրել և ասաց. «Եկած ձայնն ավելի ձեզ, քան ինձ համար է, որովհետև Երկնավոր Հայրը վստահեցնում և ապահովում է Ավետարանի հաջողությունն
ու փառավորությունը, նաև հաստատում, որ դատապարտված ու մերժված է աշխարհում բարոյապես տարածված և Ավետարանի տարածմանը դեմ ամեն ջանք անող դիվային խաբեությունը: Ավետարանի դեմ հակառակությունը հաջողության չի հասնելու: Եվ ես ինչքան էլ չարչարանքի ու մահվան ենթարկվեմ,
երկրից վեր բարձրանալով ` պիտի մեռնեմ, բարձրանալովս բոլորին ինձ մոտ պիտի քաշեմ և մեռնելով` բոլորին հոգևոր կենդանություն պիտի տամ»:
Երկրից բարձրանալով մահվան մասին Հիսուս հիշատակել էր դեռ երեք տարի առաջ` Նիկոդեմոսի հետ զրուցելիս Հովհ. 4:14, երբ հիշել էր անապատում պղնձե օձի բարձրանալու օրինակը:
Գուցե և այլ առիթներով էլ էր կրկնել նույն բացատրությունը: Նմանությունը համապատասխանում է խաչի մահվանը, որի վրա բարձրացնում ու կախում էին մահվան դատապարտվածին, և նա երկրից բարձրացած, օդի մեջ կախված ձևով էր մեռնում: Այս անգամ էլ ժողովրդին դժվար չէր հասկանալ Հիսուսի միտքը և երկրից վեր բարձրանալու առակավոր բացատրության տակ հասկանալ խաչելության մահը: Ոչ միայն ավետարանիչն է, որ բացատրելով Հիսուսի խոսքերը ավելացնում է, թե այս խոսքերով Հիսուս իր մահվան ձևն էր հասկացնել տալիս, այլև ժողովուրդն էլ Հիսուսին ուղղված առարկությամբ հասկացնում էր, թե նրա միտքը լավ է հասկացել:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: