Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
34-36. Ժողովուրդը նրան պատասխանեց. «Օրէնքից մենք լսել ենք, թէ Քրիստոս յաւիտեան կը մնայ, իսկ դու ինչպէ՞ս ես ասում, թէ մարդու Որդին պէտք է բարձրանայ. ո՞վ է այդ մարդու Որդին»: Յիսուս նրանց ասաց. «Մի փոքր ժամանակ եւս լոյսը ձեզ հետ է. քայլեցէ՛ք, քանի դեռ լոյսն ունէք, որպէսզի խաւարը ձեզ չկլանի, քանի որ, ով քայլում է խաւարի մէջ, չի իմանում, թէ ուր է գնում: Քանի դեռ լոյսը ձեզ հետ ունէք, հաւատացէ՛ք լոյսին, որպէսզի լոյսի որդիներ լինէք»: Յիսուս այս խօսեց եւ գնաց նրանցից թաքնուեց:
Հիսուսի նախորդ խոսքերը երկու կետ էին շոշափում. Մի կողմից նա պնդում էր Իր մեսիայությունը, մյուս կողմից` գուշակում Իր մահը: Լսողներից շատերը, ովքեր Հիսուսին համակրող ժողովրդից էին, իրենց բոլոր բարեմտությամբ և բարյացակամությամբ, դժվարանում էին այդ երկու կետերը իրար միացնել: Նրանք լսել ու իմացել էին, որ Մեսիան չի մեռնելու: Արդ, եթե Հիսուս Մեսիան է, ապա չպիտի մեռներ, իսկ եթե պիտի մեռներ, ուրեմն Մեսիա լինել չի կարող, այնինչ, այդքան հրաշքներն ու բարձր ուսմունքը Մեսիա լինելը հաստատող նշաներններն էին: Մի պահ իրար հետ խորհրդակցելուց ու լուծում չգտնելուց հետո` համարձակվում են դիմել Հիսուսին: «Մենք Սուրբ Գրքից գիտենք, որ Մեսիան չի մեռնելու և անմահ պիտի ապրի հավիտենական կյանքով: Ահա դու պնդում ես և մենք էլ տեսնում ենք, որ Դու ես Մեսիան: Ինչպես ես ուրեմն խոսում խաչվելու և մեռնելու մասին, ով ես դու այդ դեպքում: Մարդու որդու մասին խոսածներդ ո՞ւմն են վերաբերում, քե՞զ, թե՞ ուրիշին»:
Հիսուս նրանց երկմտությունն ու վարանումը լուսաբանելու և իր մեսիայության վրա նրանց հավատքն ամրապնդելու համար ասաց. «Դուք ճիշտ եք, որ ես եմ Մեսիան և իմ ուսմունքը ձեր մտքի համար լույսն է, եթե ինձ հավատում եք լույսի մեջ կլինեք, իսկ եթե չեք հավատում` խավարի մեջ կմնաք: Մեսիայի անձը չէ, որ պիտի չմեռնեի, այլ Մեսիայի վարդապետությունը: Ինձ շատ քիչ ժամանակ է մնացել, ես պիտի ձեզանից հեռանամ: Սակայն ձեզ հետ կմնա իմ լույս վարդապետությունը, նրան հավատարիմ մնացեք, որ խավարի մեջ չընկնեք և վտանգի չհանդիպեք, որովհետև մթության մեջ քայլողը չի տեսնում ուր է գնում և կարող է վտանգել իրեն: Դուք մի հեռացեք իմ լույսից, այսինքն` իմ հավատքից մի հեռացեք: Այդ լույսը միշտ ձեզ հետ պահեցեք, այդ հավատքի լույսով լուսավորվեցեք և միշտ լուսավոր կմնաք, լույսի մեջ քայլած կլինեք և ամենևին վտանգի չեք անդիպի»:
Այս խոսքերը նոր քարոզություն չէին, այլ հրաժեշտի վերջին խոսքերը, որ Հիսուս ուղղեց Իրեն համակրող ժողովրդին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: