Մաղաքիա արք. Օրմանյան
9-11. Երբ հրեաներից բազում ժողովուրդ իմացաւ, որ նա այնտեղ է, եկաւ. ոչ միայն Յիսուսի պատճառով, այլ՝ որպէսզի տեսնի նաեւ Ղազարոսին, որին մեռելներից վեր էր կացրել: Քահանայապետները խորհուրդ արեցին, որ Ղազարոսին էլ սպանեն, քանի որ շատերը հեռանում էին հրեաներից եւ հաւատում էին Յիսուսին:
Հիսուսի Բեթանիա հասնելու լուրը Երուսաղեմում տարածվել էր ուրբաթից առաջ, որովհետև Ղազարոսի հարությունից հետո Բեթանիայի և Երուսաղեմի միջև երթևեկն ավելացել էր։ Ամեն ոք կամենում էր սեփական աչքերով տեսնել թաղվելուց չորս օր հետո գերեզմանից ողջ դուրս եկած Ղազարոսին։ Հետաքրքրությունն առավել շատացել էր ուխտավորների հետզհետե տեղ հասնելով, որոնք վաղուց Հիսուսին չէին տեսել և Նրա գործած մեծ հրաշքը տեսնելով, ասես կարոտն էին առնում և բորբոքում ակնկալությունները։ Այս ձևով, Հիսուս դեռ Բեթանիա չհասած, տարածվում էր նրա մոտենալու լուրը, և հետաքրքրասերների բազմությունը Հիսուսից առաջ էր Բեթանիա վազում, որպեսզի տեսներ թե՛ հարություն առած Ղազարոսին և թե՛ հարություն տվող Հիսուսին։ Ուրբաթ և շաբաթ օրերին ավելի շատ ժողովուրդ էր խռնվել։ Ղազարոսը Հիսուսի հարգը բարձրացնող մեծ փաստն էր։ Հիսուսով զարմացողների, Հիսուսի հարգը ճանաչողների, Հիսուսի մեսիայությանը հավատացողների թիվը գնալով շատանում էր։ Սակայն փարիսեցներն ու քահանայապետերը, Հիսուսի հակառակորդների խումբը, չէին կարող հանդարտորեն նայել այդ ամենին, որովհետև մինչ իրենք զբաղված էին Հիսուսին մեջտեղից վերացնելու մտադրությամբ, Նրա հեղինակությունն աճում էր և Ղազարոսը այդ աճման մեծագույն վկայությունն էր։ Սինեդրիոնը սկսեց մտածել, թե Հիսուսի հետ մեկտեղ, պետք է վերացնել նաև Ղազարոսին ու սկսեցին իրենց մեջ ծրագրեր կազմել, որպեսզի ինչ որ ձևով կարողանան Ղազարոսին էլ սպանել ու մեջտեղից վերացնել։
Շաբաթ օրվա ընթրիքին հաջորդող առավոտյան, միաշաբթի օրը, նիսան 10-ին և ապրիլի 2-ին, Հիսուս մտադրվել էր Երուսաղեմ գնալ, արդեն օրինական գործողություն կար կատարելու։ Մովսեսի օրենքը հրամայում էր նիսան ամսվա տասից առանձնացնել զատկական գառը և պատրաստել․ «Ի տասներորդում ամսեան այսորիկ առցեն իւրեանց իւրաքանչիւր ոչխարի ըստ տունս ազգացն իւրեանց, ոչխար ըստ երդ» Ելք․ 12:3։ Հայտնի եղավ Հիսուսի Երուսաղեմ գնալը, որը շարժեց ամենքի զգացումները, ձայնեցին մեկմեկու երուսաղեմացիներից ավելի գալիլիացի և բերեացի ուխտավորները նոր եռանդ զգացին․ իրենց հրաշագործ Վարդապետն էր եկողը։ Բավականին ժամանակ նրան չէին տեսել։ Կարոտն ավելացել էր և նոր զարթոնք ստացել։ Անցյալի քաղցր հիշատակները նորոգվում էին բուռն զորությամբ, խոսվում ու կրկնվում էին վարդապետության քաղցրությունը, ժողովրդական մխիթարությունը, հրաշքների պատմությունը և բորբոքում խոսողների ու լսողների եռանդը։ Իբրև այս ամենի պսակ, վերջին հրաշքը Ղազարոսի հարությունն էր և այն էլ գալիս էր լրացնելու բորբոքվածության չափը։ «Եւ ժողովուրդն վկայէր, որ էր ընդ նմա, եթէ զՂազարս կոչեաց եւեթ ի գերեզմանէն, եւ յարոյց զնա ի մեռելոց» Հովհ․ 12:17: Այն օրից ի վեր ամենքն էլ այդ հրաշքի մասին էին միայն խոսում, փարիսեցիները, դրա ազդեցությունը կոտրելու համար, մեկնություններ էին առաջադրել, սակայն անհնար էր քողարկել ճշմարտությունը․ ժողովուրդը չէր կարողանում ուրանալ իր տեսածը։ Համարձակորեն վկայում էր, թե․ «Ղազարոսը թաղված էր չորս օր առաջ։ Հիսուս նոր էր հասնում, հեռվից բերանով միայն կանչեց, և Ղազարոսը՝ տեղից վեր կենալով, գերեզմանից դուրս եկավ»։
Բոլոր այդ խոսքերն ու հիշատակությունները հզոր մի գրգռիչ եղան, որ Հիսուսի այս անգամ Երուսաղեմ գալը բացառիկ ու հանդիսավոր կերպարանք ստանար, և մեսիական փառավորության պարագաները գային նորատեսիլ ցույցի հանգամանքներն հանդերձելու։ Ժողովուրդն սպասո՞ւմ էր արդյոք Հիսուսի կողմից էլ տեսնել մեսիական փառավորության ցույցը կամ թե մտադրությունը մեսիական գործունեություն կատարելու։ Անշուշտ ժողովրդի եռանդն իր պատճառն ուներ, Հիսուս Իր նպատակին համապատասխան էր գտնում եղելությունը։ Միայն թե Հիսուսի և ժողովրդի ընկալմամբ տարբեր էին մեսիական գործունեության և փառավորության գաղափարները։ Հիսուսի համար փառավորությունը Իր փրկագործ մահն էր ու հարությունը, իսկ ժողովրդի համար այն կապված էր արտաքին գործերի և փայլերի հետ միայն։
Միաշաբաթի առավոտյան ժողովուրդ բազում, որ եկել էր ի տօնն, շատ շուտ բռնեց Բեթանիայի ճանապարհը և հանդիսավորությամբ խռնվեց չորս կողմից։ Հիսուս էլ, երբ ճանապարհ ընկավ, Իրեն շրջապատված գտավ տարօրինակ մի բազմությամբ և սկսեց դժվարանալ՝ ժողովրդի հետ մեկտեղ քայլելիս։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: