Մաղաքիա արք. Օրմանյան
25-31. Այս բաները ասացի ձեզ, մինչ ձեզ հետ եմ: Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կ՚ուղարկի իմ անունով, նա ձեզ ամէն բան կ՚ուսուցանի եւ ձեզ կը յիշեցնի այն ամէնը, ինչ ես ասացի ձեզ»: «Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպէս, ինչպէս այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովուեն, եւ չվախենաք: Լսեցիք, որ ձեզ ասացի, թէ՝ գնում եմ եւ կը գամ ձեզ մօտ. եթէ ինձ սիրէիք, ապա դուք ուրախ պիտի լինէիք, որ ես Հօր մօտ եմ գնում, որովհետեւ իմ Հայրը մեծ է, քան ես: Եւ հիմա ասացի ձեզ, երբ դեռ չի եղել, որպէսզի, երբ լինի, հաւատաք: Այլեւս երկար չեմ խօսի ձեզ հետ. գալիս է աշխարհի իշխանը եւ իմ վրայ ոչ մի իշխանութիւն չունի: Իսկ որպէսզի աշխարհը գիտենայ, որ ես սիրում եմ Հօրը, այնպէս եմ անում, ինչպէս որ Հայրը պատուիրեց ինձ. դե՛հ, վե՛ր կացէք գնանք այստեղից»:
Առաքյալներին բացատրելով մխիթարության չորս գլխավոր կետերը և պարզաբանելով երեք առաքյալների միջանկյալ հարցումները կտակի քարոզն իր գլխավոր նպատակն ավարտած կհամարեր: Խոսքի ընթացքն էլ ցույց է տալիս, որ Հիսուս ցանկանում էր, ամփոփելով Իր ասածները, կտակը ավարտել և Վերնատնից մեկնել: «Ահա - ասում է – այն բոլորը, ինչը որ ձեզ պետք է տեղեկացնի, քանի որ ձեզ հետ վերջին ժամերս եմ անցկացնում: Իմացնելու և ներշնչելու այլ կետեր էլ կան, բայց դրանց մասին խոսելու ժամանակ չի մնում: Դրանք էլ թողնում եմ որ Մխիթարիչը լրացնի, որին, ինչպես ասացի, Երկնավոր Հայրը իմ փոխարեն և իմ խնդրանքներով պիտի ուղարկի ձեզ, մնացած բոլոր կետերն էլ նա կսովորեցնի ձեզ և իմ սովորացրածներն էլ պիտի կրկնի և հիշեցնի ձեզ: Ուրեմն, արդ պիտի բաժանվենք, մնացեք բարյավ, իմ վերջին հրաժեշտի ողջույնն եմ տալիս ձեզ, խաղաղության և ողջույնի մաղթանքս եմ անում: Խաղաղություն ընդ ձեզ, որդյակներ: Սակայն այս ողջույնը, այս խաղաղությունը, որ ես թողնում եմ ձեզ, աշխարհում սովորաբար ասվող ձևը չունի, քանի որ արդեն ձեզ հայտնեցի, որ իմ մեկնելով ցավեր ու վշտեր, նեղություններ ու տառապանքներ եմ թողնում ձեզ: Սակայն, ինչպես սկզբից ասացի, մի խռովեսցին սիրտք ձեր. մ՛ի շփոթվեք, մ՛ի վախենաք, մ՛ի հուսահատվեք, դրանք վերջնական և հուսահատեցնող չեն: Գնում եմ Երկնավոր Հորս մոտ, ինչպես խոստացա, որ ձեզ համար էլ տեղ պատրաստեմ և պիտի վերադառնամ, որ ձեզ վերցնեմ և միասին տանեմ: Եթե իմ նկատմամբ ձեր սերը ճշմարիտ ու հաստատուն է, առավել ևս պիտի ուրախանաք, որ Երկնավոր Հոր մոտ գնալով նրա կամքը կատարած և նրա հրամանը գործի դրած կլինեմ, ինչպես որ ամեքը պարտավոր են կատարել Մեծի հրամանը և Երկնավոր Հայրն ավելի մեծ է, քան Մարդու Որդին: Մանրամասն պատմելով այն, ինչ լինելու է, գուցե նախորոք տխրեցրի ձեզ, բայց մյուս կողմից էլ դա օգտակար է, քանի որ երբ փորձանքներն սկսվե, կհիշեք, որ դրանք բոլորը ևս նախագուշակել էի և վստահ կլինեք, որ ձախորդություններից հետո, գալիք հաջողություններն էլ կիրականանան և այդպիսով փորձանքներից թեթևացած կզգաք: Էլ չերկարացնե, այն, ինչ պետք էր, բացատրեցի ձեզ: Մյուս կողմից, վերջին ժամը մոտեցավ, սատանան իր հակառակությունների ասպարազը պիտի բացի իմ դեմ և իմ Ավետարանի դեմ, կարծելով, թե ինձ կկորցնի և Ավետարանը կջնջի: Սակայն նա չի կարող իմ դեմ՝ իր ուժը ցույց տալ: Ինձ մոտ և իմ գործի մեջ իր կարծած թուլությունը րի գտնի, այլ ընդհակառակը, պիտի հայտնի դառնա, որ ես Աստծուց զորացած եմ և Աստված գորս պաշտպանում, որ ինչ արեցի, Երկնավոր Հոր հրամայածն էր և ինչ որ արեցի Երկնավոր Հոր սիրո համար արեցի և Ինչ որ հիմա էլ անում եմ, Երկնավոր Հոր պատվերն եմ գործադրում»:
Ինչպես պարզորոշ երևում է, Հիսուսի այս խոսքերն իր վերջին և բարոյական խրատի ավարտն են և այլևս շարունակելու կարիք չեմ զգում, իսկ պարունակած իմաստներն էլ արդեն նախկինում բացատրվածներն են: Որ Հիսուս խոսքը վերջացնելու նպատակ ունի, ավելի պարզորեն երևում է այն խոսքերից որ ավետարանիչը դնում է Հիսուսի բերանում. «Օ՛ն, արիք գնասցուք աստի», որը նշանակում է «Այլևս բավական է, ելեք մեկնեք այստեղից և գնանք մեր տեղերը»: Սրանից հետո պետք է օրհնել զատկի ընթրիքի վերջին բաժակը և երգել վերջին երգը ու ճանապարհ ընկնել: Բայց այդպես չեղավ: Ո՛չ Հիսուս, ո՛չ առաքյալները նստած տեղերից չեն ելնում. պատճառը կամ Հիսուս էր, որ սրտի ներքին մղումով նորից սկսում է խոսել, կա՛մ առաքյալներն են, որ հարցերով և առաջարկություններով նորից հորդորում են Հիսուսին խոսել: Վերջապես, կտակի քարոզի առաջին մասն ավարտելուց հետո նորից մի երկրորդ մաս է բացվում, որի նյութերը չեն տարբերվում առաջինից, բայց առաջինից ավելի ընդարձակ բացատրություններ ունեն: Այս մասը պիտի պարզաբանենք, բայց ցանկանում ենք ոճն ավելի համառոտեցնել, որպեսզի կրկնություններ չլինեն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: