Մաղաքիա արք. Օրմանյան
9-19․ Արդ, ես նրանց համար եմ աղաչում. ես չեմ աղաչում աշխարհի համար, այլ՝ նրանց համար, որոնց դու ինձ տուեցիր, որովհետեւ նրանք քոնն են: Եւ ինչ որ իմն է, բոլորը քոնն է, եւ ինչ որ քոնն է, այն իմն է, ու ես նրանց մէջ փառաւորուած եմ: Եւ ես այլեւս աշխարհի մէջ չեմ, իսկ նրանք աշխարհի մէջ են. եւ ես դէպի քեզ եմ գալիս: Սո՛ւրբ Հայր, պահի՛ր նրանց քո անունով, որով ինձ տուեցիր, որպէսզի լինեն մի, ինչպէս մենք էլ մի ենք: Մինչ աշխարհում նրանց հետ էի, ես պահում էի նրանց քո անունով, որով ինձ տուեցիր. եւ ես պահեցի. ու նրանցից ոչ ոք չկորաւ, բացի կորստեան դատապարտուած մարդուց, որպէսզի գրուածը կատարուի: Բայց հիմա քեզ մօտ եմ գալիս եւ այս բաները խօսում եմ աշխարհում, որպէսզի նրանք իրենց մէջ իմ լիակատար ուրախութիւնն ունենան: Ես նրանց տուի քո խօսքը, եւ աշխարհը նրանց ատեց, որովհետեւ նրանք աշխարհից չեն, ինչպէս ես էլ աշխարհից չեմ: Այս աղաչում եմ ոչ թէ նրա համար, որ նրանց վերացնես աշխարհից, այլ որպէսզի նրանց պահես չարից: Նրանք այս աշխարհից չեն, ինչպէս ես էլ աշխարհից չեմ: Սրբացրո՛ւ նրանց քո ճշմարտութեամբ, որովհետեւ քո խօսքը ճշմարտութիւն է: Ինչպէս դու ինձ ուղարկեցիր աշխարհ, ես էլ նրանց ուղարկեցի աշխարհ: Եւ ես ինձ սրբացնում եմ նրանց համար, որպէսզի նրանք էլ սրբացուեն ճշմարտութեամբ:
Նախորդ հատվածի վերջին մասն ուղղակի ակնարկում էր առաքյալներին, և այս ակնարկն առիթ է ընծայում նրանց համար հատուկ աղոթք անել և գործի համար հայցել հատկապես Երկնավոր Հոր հովանավորությունը՝ հիմնվելով այն փաստի վրա, թե Ինքն այլևս նրանց հետ պիտի չլինի ու մոտիկից պաշտպանելու հնավարությունը չունենա։ «Ճիշտ սրանց համար է,- աղոթում է Հիսուս,- որ աղաչում եմ քեզ, Հա՛յր, ոչ թե ողջ աշխարհի մարդկանց, այլ միայն սրանց համար, որոնց հատկապես ինձն հանձնեցիր և իմս եղան, թեպետ քոնն էին միանգամայն։ Որովհետև ինչ որ իմն է, քոնն էլ է, և ինչ որ քոնն է, իմն էլ է, որով ես և հավասարապես նրանց գործերով փառավորվում եմ։ Ես այլևս աշխարհում չեմ մնալու, որովհետև քեզ եմ գալիս, բայց նրանք այս աշխարհում են մնում։ Ուստի դու, Հա՛յր Սուրբ, դու պահիր նրանց ու պահպանիր քո անվամբ, քանի որ այդ անունով էլ ինձ հանձնեցիր։ Դու հոգա, որ միշտ միացյալ լինեն, ինչպես որ մենք ենք միավորյալ։ Քանի դեռ աշխարհում էի, ես էի հոգում նրանց մասին և պահպանում քո անունով։ Բոլորին էլ ամբողջ պահեցի, միայն մեկը նրանցից՝ կորստյան որդին, մատնիչ դարձավ ու կորավ, ինչպես որ գրված էր Սուրբ Գրքում Սաղմ․ 40:10։ Բայց հիմա, դեպ դեպ քեզ գալու և նրանցից բաժանվելու պահին, տակավին ոտքս աշխարհի վրա՝ մի վերջին անգամ եմ աղաչում, որ իրենց քո հովանու ներքո առնես, որպեսզի իմ ներկայությամբ ունեցած ուրախությունները երբեք նրանց սրտերից չպակասեն, որովհետև նրանք քո կողմից հանձնարարված վարդապետությունն ընդունեցին և հետևեցին Ավետարանին։ Դրա համար Ավետարանին հակառակորդ աշխարհը նրանց պիտի ատի ու հալածի, քանի որ աշխարհի հետ համամիտ և գործակից չպիտի լինեն, ինչպես որ ես երբեք չեղա։ Բայց, անշուշտ, աշխարհում պիտի ապրեն, որպեսզի գործեն։ Ահա թե ինչու, նրանց աշխարհից հեռացնելով, չեմ խնդրում քեզ մոտ վերցնել, այլ խնդրում եմ, որ, աշխարհում պահելով հանդերձ, իրենց չար սատանայի վտանգներից ու վնասներից հեռու պահես։ Թող քո ճշմարտությունը միշտ թագավորի նրանց սրտերում, չազդվեն ստից ու չարից, այլ միշտ սուրբ ու մաքուր մնան և քո վարդապետությունը, որ ճշմարտությունն է, նրանց միակ առաջնորդը լինի։ Ինչպես դու ինձ աշխարհ ուղարկեցիր՝ ճշմարտություն քարոզելու, նույնպես և ես եմ նրանց աշխարհի տարբեր կողմերն ուղարկում՝ ճշմարտություն տարածելու։ Ուրեմն, դու՛ նվիրագործիր նրանց այս պաշտոնը, ինչպես որ ես իրենց հանձնեցի այն, որպեսզի, միշտ ճշմարտությամբ մաքրված ու ճշմարտությամբ նվիրագործված, ճշմարտության հավատարիմ պաշտոնյաներ լինեն»։
Ջանացինք, հնարավորության սահմաններում պարզաբանելով, մեջբերել Հիսուսի աղոթքը, որ, շատ տեղերում կազմված լինելով վճռական նախադասություններից՝ կապակցված անցումներ է ենթադրում բացահայտորեն։ Իմաստները զգայուն են ու սրտագրավ, սիրաբուխ հայրական սրտի բորբոքյալ զգացումներ, որոնք նաև դյուրընկալելի են։ Եթե կամենանք ամփոփել բոլոր խոսքերը, կարող ենք դրանք վերածել երկու գլխավոր կետերի։ Հիսուս Իր առաքյալների համար երկու գլխավոր խնդրանք ունի․ նախ, որ Երկնավոր Հայրը նրանց հեռու պահի չար սատանայից ու չար աշխարհի հակառակորդներից, ոչ թե ամենևին նրանցից չնեղվեն, այլ՝ չընկճվեն դրանցից։ Երկրորդ՝ Երկնավոր Հայրը նվիրագործի և օրհնի Հիսուսի կողմից նրանց հանձնված առաքելական պաշտոնը, որպեսզի այն հաջող ու արդյունավետ լինի և ծառայի ողջ աշխարհի փրկությանը։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: