Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 18:19

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

19-23. Իսկ քահանայապետը հարց տուեց Յիսուսին նրա աշակերտների եւ վարդապետութեան մասին: Յիսուս նրան պատասխանեց. «Ես բացայայտ ասացի բոլորին. ես միշտ ուսուցանել եմ ժողովարանում եւ տաճարի մէջ, ուր հաւաքւում էին բոլոր հրեաները. եւ ծածուկ ոչինչ չեմ խօսել: Ինձ ինչո՞ւ ես հարցուփորձ անում. հարցուփորձ արա նրանց, ովքեր լսել են, թէ ես նրանց հետ ինչ եմ խօսել. ահա՛, նրանք գիտեն, թէ ինչ եմ ասել»: Երբ նա այս ասաց, այնտեղ կանգնած պահակներից մէկը մի ապտակ տուեց Յիսուսին ու ասաց. «Այդպէ՞ս ես պատասխան տալիս քահանայապետին»: Եւ Յիսուս նրան ասաց. «Եթէ վատ խօսեցի, վկայի՛ր վատի մասին, իսկ եթէ լաւ՝ ինձ ինչո՞ւ ես խփում»:
   
    Գավթում պատահած այս դեպքերի ժամանակ դահլիճում շարունակվում էր Հիսուսի հարցաքննությունը։ Հիսուսի դեմ հիմնական ամբաստանությունը չէր առաջարկվել, արժանահավատ վկա գտնված չէր և դատող ժողովը պետք է ինքը ամբաստանության կետերի մասին հոգ տաներ, որպեսզի կարողանար վճիռ կայացնել։ Դատավորները, որ դատախազի դեր են ստանձնում, դատավարության անկանոնության և դատաստանի անիրավության փաստը իրենք իսկ տված կլինեն։
    Կայիափան ինքն է անձամբ առաջ անցնում և ջանում ինչ-որ ձևով Հիսուսի բերանից խոսք քաշելով՝ ամբաստանել նրան։ Ուստի սկսում է խրթին հարցեր տալ Հիսուսին, թե Իր սկզբունքները որոնք են, քարոզության մեջ ինչ է ասում, Մովսիսական օրենքների մասին ինչ կարծիք ունի, Իր վարդապետության կարևոր կետերը որոնք են, թե աշակերտներ և հետևողներ ունեցե՞լ է, թե մտածել է արդյոք ի՞նչ զորությամբ է հրաշքներ գործել, նոր դպրոց հիմնելու կամք ունեցե՞լ է և այսպիսի շատ ու շատ հարցեր, որոնց Հիսուս չի պատասխանում, և որքան Հիսուս լռում է, այնքան Կայիափան հարցադրումները շատացնում է։
    Հիսուս տեսնելով, որ հարցերին վերջ չկա և իզուր շարունակվում է ժամավաճառությունն ու կեղծավորությունը, հարկ է համարում կտրուկ պատասխանով Կայիափայի հարցումները լռեցնել․ «Ինչ որ խոսեցի, քարոզեցի և վարդապետեցի, բոլորն էլ հրապարակավ՝ ի լուր աշխարհի կատարեցի, ես միշտ ժողովարաններում, տաճարի մեջ, դաշտերում, բաց տեղերում խոսեցի, որտեղ հրեա ժողովուրդը խուռն բազմությամբ միշտ ներկա էր և առանձին, գաղտնի տեղեր, ծածուկ կերպով երբեք չխոսեցի ու չքարոզեցի։ Ուրեմն ինձ հարցաքննել ու ինձանից ինչ որ բան իմանալու հետամուտ լինելն ավելորդ ու անտեղի գործ է։ Հուսով եմ, որ դրանք բոլորն էլ ձեր ականջին էլ են հասել, և դուք էլ մինչև հիմա իմացած պիտի լինեք։ Իսկ եթե չեք իմացել, կարող եք դիմել նրանց, ովքեր լսել են և իմ բոլոր ասածները գիտեն․ թող ողջ ժողովուրդը գա և վկա լինի, թե քարոզածներս և սովորացրածներս ինչ էին»։
    Ժողովականները իրար երես են նայում, Կայիափան չի կարողանում իր հարցումները շարունակել, ընդհանուր վարանում է տիրում, որովհետև Հիսուսի պատասխանը արմատից կտրում էր կեղծավորական հնարամտության անճարակ գյուտը։ Կացությունը փրկելու համար օգնության է գալիս ատյանի ներկա գտնվող բարապաններից մեկը և, նախանձախնդրության և կարգապահության կեղծ բողոքմամբ, հանկարծ ապտակ է իջեցնում կապված Հիսուսի երեսին՝ հանդիմանելով․ «Այս ի՞նչ ըմբոստություն է արածդ, մի՞թե ներելի է այդպիսի պատասխան տալ մեծ քահանայապետին»։ Հիսուս կապված էր, ուրիշ ձևով չէր կարող հարվածից խուսափել, միայն խոսքով կարող էր Ինքն Իրեն պաշտպանել և համարձակ կերպով, բայց մեղմ ոճով և հեզ նայվածքով բարապանին պատասխանում է․ «Ի՞նչ գտար իմ խոսքի մեջ անտեղի և անիրավ, եթե իրոք որևէ բան նկատեցիր, սկզբում այն բացատրիր ու հաստատիր, իսկ եթե հաստատել չես կարող և ասածներս իրավացի են, ի՞նչ իրավունքով ես ապտակի հարված տալիս»։
    Ավետարանն այդ միջադեպի շարունակությունը չի տալիս և նրա ինչպես վերջանալը չի բացատրում, սակայն դժվար չէ նկատել, որ Հիսուսի խոսքերը ժողովականների վրա ազդեցություն թողեցին։ Եթե բերանացի չհայտնեցին, ապա առաջ անցնել էլ չհամարձակվեցին։ Բարապանն էլ լռեց ու քաշվեց և Կայիափայի հարցումները ավարտվեցին և Հիսուսին հանցապարտ թողնելու, և դատապարտության հիմք գտնելու այդ երկրորդ փորձն էլ ի զուր անցավ։ Ավանդություն կա, թե ապտակ իջեցնող բարապանը նույն Մաղքոսն էր, որ Գեթսեմանիում էլ հակառակություն էր ցույց տվել՝ Հիսուսի վրա առջևից խոյանալով և Պետրոսի սրից ականջը վիրավորված էր, բայց Հիսուսի խնամքով անմիջապես բժշկված։ Ավանդությունը հիշում ենք՝ առանց այն հաստատող որևէ փաստ ունենալու։
    Կարծիք հայտնող էլ կա, թե Հիսուս, որ ասել էր, թե ապտակողին պետք է մյուս երեսն էլ դարձնել Մատթ.5:39, ինչո՞ւ այս անգամ ոչ միայն մյուս երեսը չի դարձնում, այլև իրավունք է պահանջում։ Բացատրությունը մենք նախապես տվեցինք՝ անհատական ու հանրային խնդիրների տարբերությունը շեշտելով (Մատթ. 5:17-48)։ Հիսուսի վարդապետությունը կատարյալ հեզություն և զիջողություն է սովորեցնում անհատական գործերում և անհատական շահերի հանդեպ, որովհետև անձնական շահերի հետապնդումը արգելք է հանդիսանում հանրային շահին։ Գործը այլ է, երբ հանրային շահերի մասին է խոսվում, որովհետև մենք նրանց տերը չենք և չենք կարող զոհել։ Հիսուսին ուղղված հարցումը Իր վարդապետությունների մասին էր։ Հիսուս լռում էր, երբ իր անհատական գործերի վերաբերյալ վկայություններ էր խոսվում և չէր կարող լռել, երբ Իր վարդապետնների մասին էր խոսվում, քանի որ հակառակ դեպքում կարող էր իր քարոզական ճշմարտությունները մերժված համարել։ Եւ երբ այդ ճշմարտության պաշտպանության համար էր խոսքը գնում, չէր կարող հանդուգն բարաբանի հանդիմանության առջև լռել, առանց լռելյայն Իր վարդապետության և Իր քարոզությունների ուղղությունն ու ստուգությունը ուրացած երևալու, որը գերագույն հանրային շահի խնդիր էր և ոչ Իր՝ անհատական հաճության կամ պատվի մի խնդիր։