Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
12-15. Սրանից յետոյ Պիղատոսը ուզում էր նրան ազատ արձակել: Իսկ հրեաները աղաղակում էին ու ասում. «Եթէ դրան արձակես, կայսրին բարեկամ չես: Ամենայն ոք, որ ինքն իրեն թագաւոր է կոչում, հակառակ է կայսեր»: Իսկ երբ Պիղատոսը այս խօսքերը լսեց, Յիսուսին դուրս բերեց, նստեց բեմի վրայ, այն տեղը, որ Քարայատակ էր կոչւում, իսկ եբրայերէն՝ Կապպաթա: Զատկի նախօրէն էր, եւ կէսօրուայ մօտ էր: Եւ նա հրեաներին ասաց. «Ահա ձեր թագաւորը՝ ձեզ»: Իսկ նրանք աղաղակում էին. «Վերացրո՛ւ մեր միջից, վերացրո՛ւ մեր միջից եւ խա՛չը հանիր նրան»: Պիղատոսը նրանց ասաց. «Ես ձեր թագաւորին խա՞չը հանեմ»: Քահանայապետները պատասխանեցին. «Չունենք մենք այլ թագաւոր, բացի կայսրից»:
Իրոք Պիղատոսն զգում է ուժեղ ցնցում իր վրա, Հիսուսի վեհ պատգամները նրա վրա խորունկ տպավորություն են թողնում։ Այսպիսի խոսքերը չէին բխի ո՛չ սովորական անձից և ո՛չ էլ բախտախնդիր խռովարարից։ Ժողովուրդը Հիսուսին իբրև երկնառաք մարգարե էր ընդունել։ Պիղատոսը ևս զգում է, որ իր առջև կանգնողը երկնառաք ու բացառիկ մեկն է։ Պիղատոսը որոշում է, որ իր առջև կանգնողը երկնառաք ու բացառիկ մեկն է։ Պիղատոսը որոշում է որ այսպիս մեկի արյան պարտքի տակ չմնա։ Նրան ազատելու դիտավորությամբ՝ նորից է դուրս գալիս ապարանքի առջևի քարահատակը, հրեաների կողմից Կապպաթա կոչված բարձրավանդակը։ Աթոռը ևս բերել է տալիս և պաշտոնապես նստում՝ իշխանական կարողությունը գործածելու համար։ Քանիցս հայտարարել էր Հիսուսի անմեղությունը, նորից է նույնը հռչակում։ Կատարված դատավարության զանազան պարագաներն է մեջբերում, պնդում հարցաքննությունների բացասական արդյունքը, Հերովդեսի կողմից հանցապարտ չճանաչվելը ևս հիշեցնում է, բացատրում արդեն չափից ավելի պատժված լինելը և եզրակացնում, թե քանի որ հրեաները նույնպես չեն կարողացել իրենց ամբաստանությունը հաստատել, ապա ինքն անհրաժեշտություն է համարում Հիսուսին արփակելու հրաման տալ։ Հրեաների գլխավորները, քահանայապետերն ու դպիրները զգում են, որ իրենց գործադրած վերջին փաստը բոլորովին հակառակ արդյունք է ունեցել։ Իրեն Որդի Աստծո անվանելու ամբաստանությունը մեծացրել է Պիղատոսի վարանումը, ուստի, իբր թե այդ խոսքերը երբեք չէին ասել, կրկին դառնում են քաղաքական ամբաստանության փաստին։ «Ով, - ասում են, - իրեն թագավոր է հռչակում, նա կայսերն
հակառակ է և Հռոմեական կայսրության թշնամի, ըստ այնմ էլ մահապարտության արժանի։ Այդ Հիսուսն ինքն իրեն թագավոր է հռչակել, ուրեմն կասրության թշնամի է։ Ով էլ նրան է պաշտպանում, նրա քրեական ոճրի գործակիցն ւ քաջալերիչն է և նկատվում է կայսեր թշնամին։ Եթե դու այդ Նազովրեցուն չես պատժում ու արձակում ես, ասել է, թե նրա արածին համամիտ ես ու կամակից, դու էլ ուրեմն կայսեր թշնամին ես։ Մեզ մնում է միայն պատշաճ բողքոներս հասցնել կայսեր»։ Հրեաներն այս անգամ գտել էին Պիղատոսի վարանումը հաղթահարելու վերջնական միջոցը։ Պիղատոսն անմեղ Հիսուսին ազատելով՝ իրեն պիտի վտանգեր։ Նկատելով Տիբերիոսի կասկածոտ ու բռնակալ ընթացքը, Պիղատոսի նկատմամբ ունեցած անհամակիր զգացմունքները ՝վտանգը գրեթե ստույգ էր։ Այդքան ուղղամտություն ու արիություն անկարելի էր սպասել փոքրոգի ու անգութ դատավորից, ինչպիսին էլ լինեին նրա ներքին համոզումը, փաստերի չգոյությունը, ատելության ակնհայտ դրսևորումը, կնոջ ուղարկած հայտարարությունը և իր իսկ Հիսուսի հանդեպ զգացած պատկառանքը։ «Թող նա՛ կորչի, քան թե ես», - պիտի ասեր Պիղատոսը մտքում, երբ իր դեմ ուղղվելիք ամբաստանության սպառնալիքը լսեր։
Պիղատոսը լռեց, չկարողացավ հրեաներին որևէ բան ասել։ Հրամայեց, որ Հիսուսին նորից առջևը բերեն։ Նա դեռևս ձաղանքների տարազով էր՝ փշե պսակը գլխին, կարմիր լաթը մերկ մարմնին, ծաղրուծանակի ենթարկված մի թագավոր։ «Ահա՛ թագաւորդ ձեր ցձեզ», - ասում է Պիղատոսը։ - Տեսեք,թե ինչ վիճակում էնա, ում դուք իբրև Հրեից թագավորության հետամուտ եք համարում»։ «Բա՛րձ ի մէնջ, բա՛րձ ի մէնջ»,- ժողովականների թելադրանքով աղաղակում է բազմությունը,- Մեզանից հեռու՛, մեզանից վերցրու՛, մեռցնել տու՛ր, խաչել տու՛ր․ Հան զդա ի խաչ»։ Դառնցած սրտով Պիղատոսը տեսնելով, որ անկարող է գլուխ դնել հրեաների ատելության հետ, զզվելով այդ ժողովրդի ստորությունից, որ ազգային զգացումներն անգամ զոհում է իր ատելությանը, նպատակին հասնելու համար շողոքորթում է տիրապետող օտարին և իր ազգության հակառակ զրպարտանքներ է հերյուրում, մի հեգնական հանդիմանություն է նետում այդ բազմության երեսին․ «Ուզո՞ւմ եք, ուրեմն, որ ես ձեր թագավորին խաչի անրգական պատժով խայտառակեմ ու մեռցնեմ»։
Բազմության առաջնորդները, իմաստուն ու ազգասեր կարծված քահանայապետերը և դպիրները չեն թափանցում Պիղատոսի հեգնական խոսքերի բուն իմաստի մեջ։ Միայն իրենց ատելությանը հագուրդ տալով նպատակով՝ ասածները հաստատելու համար մեկ անգամ ևս գոչում են․ «Կեցցե՛ մեր կայսրը, կեցցե՛ Հռոմի կայսրը, մենք Հռոմի կայսրից բացի ուրիշ թագավոր չենք ճանաչում»։ Պիղատոսի բոլոր հնարքներն ի դերև էին ելել։ Հրեաների ընթացքը հասել էր նողկանք ազդելու աստիճանի։ Այլևս սպառվել էին, ցնդել Հիսուսի ազատության բոլոր հույսերը։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: