Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Իսկ Յիսուսի խաչի մօտ կանգնած էին նրա մայրը եւ նրա մօրաքոյրը՝ Կղէոպասի կին Մարիամը եւ Մարիամ Մագդաղենացին:
Գեթսեմանիի պարտեզից այս կողմում է, որ Հիսուսի յուրայիններից և ոչ մեկին չենք տեսնում. Քահանայապետարան մտնող երկու առաքյալներն էլ բոլորովին անծանոթի պես էին ներկայացել, մեկ` ճանաչելու փաստն էր ուրացել, մյուսն անճանաչ մնացել, իսկ Հիսուս մենակ, անօգնական մնաց Իր թշնամիների ձեռքում, ճիշտ մեսիական սաղմոսի գուշակության համաձայն. «նեղութիւնք մերձեալ են, եւ ոչ ոք է որ օգնէ ինձ» Սաղմ. 21:12: Եվ ահա հանկարծակի Հովհաննեսը պատմում է, թե խաչի տակ կանգնած էին Հիսուսի մայրը, հետևող կանանցից ոմանք և ինքը` Հովհաննեսը: Թե ե՞րբ և ինչպե՞ս էին եկել այնտեղ, որոշակի ասված չէ, սակայն դժվար չէ ենթադրել, թե Հիսուսին քահանայապետարանից պրետորիոն տարված ժամանակ, Հովհաննեսին հաջողվում է անճանաչ կերպով դիրքերին հետևել մինչև Պիղատոսի վերջնական վճիռը: Այդ ժամանակ ստիպված էր չարագույն գործողության գույժը հաղորդել Տիրամորը, որ զատկի տոնի կապակցությամբ Բեթանիայից Երուսաղեմ էր եկել և Հիսուսի գլխին եկած դեպքերի լուրը ստանալով, վերջնական ելքն էր ուզում իմանալ: Մարիամի մայրական գութը չէր կարող ներել, եթե վերջին անգամ իր Հիսուսին չտեսներ, ուստի ամեն դժվարություն աչքի առջև ունենալով, ցանկացավ գնալ Գողգոթա: Հովհաննեսը չկարողացավ ընդդիմանալ և պատրաստվեց առաջնորդվել: Հիսուսին հետևող գալիլիացի աշակերտուհիների խումբը, թե' Հիսուսի սիրուց, թե' Տիրամոր նկատմամբ ունեցած հարգանքից, հարկ համարեցին իրենք էլ խմբովի ընկերակցել Մարիամին, և այսպես կազմվեց Գողգոթայի առաջին ուխտավորների քարավանը: Այդ խումբը տարբերվում էր Հիսուսին խղճացող երուսաղեմցի կանանցից (Ղուկ. 23:27-31) ու առանց նրանց խառնվելու և առանց Հիսուսին հանդիպելու, հեռվից հետևելով Գողգոթա եկավ: Մյուս ավետարանիչներն էլ են հիշատակում այս խմբի մասին. «Ամենայն ծանօթքն նորա» Ղուկ. 23:40, և «կանայք բազումք՝ որ եկին զկյին Յիսուսի ի Գալիլէէ» Մատթ. 27:55 բացատրություններով, որ բավական մեծ թվով խումբ լինելն է հաստատում: Սակայն այդ խումբը կազմողները «Կային ի հեռաստանէ եւ հայէին» Մատթ. 27:55: Խաչի շուրջ հավաքված ամբոխի մեջ չէին համարձակվում մտնել և միայն հեռվից հեռու, խավարման ժամերի աղոտ լույսով դիտում էին խաչված Սիրելիին և կարծես թե Նրա ողջ կսկիծին, ամեն մի շարժմանը սրտատրոփ հետևում էին` րոպե առ րոպե Նրա վերջին շունչը տեսնելու տագնապով:
Հովհաննեսի պատմության մեջ խաչի տակ գտնվողները չորս-հինգ հոգուց ավել չէին և պետք է ասել, որ Տիրամայր Մարիամի մայրական գորովը վերջապես ամեն վախի և ամեն կասկածի հաղթանակում է, և բազմաթիվ կանանց խմբից բաժանվելով` ուզում է առաջանալ, խաչին մոտենալ, մոտիկից դիտել իր որդու վերջին վայրկյանները, խոսք ուղղել Նրան, Նրա բերանից բառեր լսել, վերջին հրաժեշտի ողջույնը փոխանակել: Հովհաննեսը չէր կարող նրան մենակ թողնել, աշակերտուհիներից ավելի համաձակներն էլ մենակ չթողեցին Տիրամորը, և այսպիսով մի քանի հոգի միայն մինչև խաչի մոտ եկան: Թե' սկզբից սրանք խաչի մոտ չէին, և թե' հետո այնտեղ եկան, շատ հստակ կերպով երևում է Հովհաննեսի «Յիսուս իբրեւ ետես» բացատրությունից, քանզի եթե սկզբից այնտեղ լինեին, դրանից հետո միանգամից տեսածի պես չէր լինի: Ուրեմն Հիսուս հետո տեսավ Իր մորը և Հովհաննեսին և նրանց ընկերակցող մի քանի կանանց, երբ խաչին հասան և կանգնեցին:
«Կային առ խաչին Յիսուս մայրն նորա, եւ քոյր նորա Մարիամ Կղէովպայ, եւ Մարիամ Մագդաղենացի»: Այսպես են սովորական օրինակները կետադրում և կարդում խաչին մոտեցող կանանց անունները և այնտեղ միայն երեք Մարիամներ են նշում. Մարիամ Տիրամայր, Մարիամ Կղեովպա և Մարիամ Մագդաղենացի: Այս ենթադրության վրա հիմնվելով բավական դժվար կացության առջև ենք կանգնում, թե ինչպես կարող է Մարիամ Կղեովպան Տիրամայի Մարիամի քույրը կոչվել: Նույն այս Մարիամ Կղեովպան ուրիշ տեղ «Յակովբայ եւ Յովսէայ մայր» Մատթ. 27:56 է կոչվել, որով լինում է Կղեովպասի կինը, և' Հակոբը, և' Հովսեփը, և' Սիմոնը, և' Հուդա Տյառնեղբայրների մայրը: Իսկ Կղեովպասը Հովսեփ Աստվածահոր եղբայրը լինելով, Մարիամ Տիրամայրը և Մարիամ Կղեովպան իրար ներ (էստեղ գրված աներ, բայց կարծում եմ սխալ է գրված, չեմ կարողանում հասկանալ, երևի տագոր կի՞ն ) և ոչ քույր: Մյուս կողմից քույրերի միաժամանակ ներ լինելը հրեական օրենքով թույլատրելի չէր, և երկու քույրերի Մարիամ անուն ունենալն էլ անհավանական է, հետևաբար անլուծելի փաստ է մնում երկու Մարիամների քույր կոչվելը: Բացի այդ, ընդունված ավանդության համաձայն, Մարիամ Տիրամայրն իր ծնողների` Հովակիմի և Աննայի միակ զավակն էր և քուրյր չուներ:
Մեր համոզմամբ, սխալմունքը պարզապես սխալ կետադրությունից է առաջ եկել և Սուրբ Գրքի կետադրություն էլ բնագրային չէ, այլ հետագայում, ուրիշների կողմից է ներմուծված, երբ կետադրությունը սկսեց ընդհանրանալ, որով կետադրական սխալը ոչ թե արտագրող հեղինակի, այլ հետագայում վերանայվողներին է վերագրվում: Եթե Հովհաննեսի տված անունները մյուս ավետարանիչների տված անունների հետ համեմատենք, կտեսնենք, որ Հիսուսի ետևից եկող կանանց գլխավորներն են Մարիամ Մագդաղենացին, Մարիամ Կղեովպան կամ մայրը Հակոբի և Սողոմե Զեբեդեայի Մատթ. 27:56, Մարկ. 15:40: Այս Սողոմեն, որ նույն ինքը Հովհաննես ավետարանչի մայրն է, անհնար է, որ Հովհաննեսի կողմից մոռացվեր և չհիշատակվեր, իսկ մյուս կողմից գիտենք, որ Հովհաննեսը քաշվում էր իր անունով ինքն իրեն հիշատակել և միշտ դարձվածներ էր գործածում իրեն նկարագրելու համար. և «Մի ոմն յաշակերտացն՝ զօր սիրէր Յիսուս» Հովհ. 13:23 կամ «Աշակերտն, որ անկաւ զլանջօքն նորա» Հովհ. 21:20 արտահայտություններն է օգտագործում, որոնք որքան էլ ավելի պատվավոր լինեն, սակայն հատուկ անվան գործածությունից խուսափելու փաստն է հաստատում: Այդ նույն ձևը գործածում է Հովհաննեսը իր մոր համար, նրա անունը չտալով, այլ դարձվածով «քոյր մօր նորա» է անվանում նրան, որովհետև եթե ստորակետը տեղափոխենք, թե' ավետարանիչների համաձայնությունն է հաստատվում` խաչի մոտ գտնվող կանանց մասին, և թե' Մարիամ Տիրամոր քույրը բացատրության դժվարություն է լուծվում: Ըստ այսմ պետք է կարդալ. «Եւ կային առ խաչին Յիսուսի մայրն նորա եւ քոյր մօր նորա, Մարիամ Կղէովպայ եւ Մարիամ Մագդաղենացի»: Այսինքն չորս կանայք` Մարիամ Տիրամայրը և Սողոմե Զեբեդյան, Մարիամ Կղեովպան և Մարիամ Մագդաղենացին: Իսկ Սողոմեի իսկապես Տիրամոր քույրը լինելն ուրիշ տեղեր էլ բացատրեցինք, թե իրար հարազատ մորաքրոջ աղջիկներ էին, որ հնավանդ սովորության համաձայն իրար քույրեր էին կոչվում, քանի որ իրենց մայրերը` Աննան և Մարիամը հարազատ քույրեր էին և Մատթանի աղջիկները: Մատթանի երրորդ աղջիկն էր Սովիվեն, մայրը Եղիսաբեթի, որն էլ Հովհաննես Մկրտչի մայրն էր, որով Մարիամ Տիրամայրը, Սողոմե Զեբեդյան և Եղիսաբեթ Զաքարիան արյունակից քույրեր էին և Հիսուս ու Հովհաննես Ավետարանիչը և Հովհաննես Մկրտիչը իրար երկրորդ աստիճանի արյունակից եղբայրներ են (Ղուկ. 1:5-25):

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: